Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

25.11.2016

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Օրակարգի առաջին հարցը ՀՀ Լոռու մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման իրավիճակն էր, որի վերլուծությամբ հանդես եկավ Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը:
Նախ ասվեց, որ թեև համայնքային բյուջեների ընդհանուր եկամուտների հավաքագրման տեմպերը որոշակիորեն գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները, այնուհանդերձ մարզի համայնքների բյուջեներով 2016թ. 10 ամսվա պլանավորված եկամուտների հավաքագրումը թերակատարվել է 5%-ով:
Սեփական եկամուտների մասով 10 ամսվա հավաքագրումը կատարվել է 89%-ով, կամ 2015թ-ի համեմատությամբ պակաս է հավաքագրվել 34.1 մլն. դրամ:
Զեկուցողը նշեց, որ վերջին ամիսներին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներում անկման միտում է նկատվում: Նոյեմբերի 1-ի դրությամբ մարզի 15 համայնքում կատարողականը կազմել է 100%-ից բարձր, 80-100% հավաքագրում է ապահովել 56, 60-80%՝ 28 համայնք: Մարզի 8 համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 60%-ից էլ ցածր է:
Նոյեմբերի 1-ի դրությամբ գույքահարկի պլանը կատարվել է 94 %-ով, 2015թ.-ի համեմատությամբ պակաս է գանձվել 6.9 մլն. դրամ: Նախորդ տարվա նկատմամբ նվազում ունի 42 համայնք, որոնցից առավել մեծ՝ Պաղաղբյուրը, Դեբետը, Սարչապետը, Բլագոդարնոյեն, Պետրովկան, Արծնին, Այգեհատը, Լեջանն ու Հովնանաձորը:
28 համայնքի մոտ ընթացիկ պլանի կատարողականը կազմել է 70%-ից ցածր: Առավել ցածր՝ մինչև 50%, կատարողական ունի 9 համայնք:
Նույն ժամանակահատվածում հողի հարկի հավաքագրումը կազմել է ընդամենը 80.2%, կամ նախորդ տարվա համեմատությամբ պակաս է գանձվել 42.4 մլն. դրամ: Նախորդ տարվա նկատմամբ նվազում ունի 86 համայնք, որոնցից առավել մեծ՝ Ճոճկանը, Լեջանը, Քարկոփը, Հալավարը, Ազնվաձորը, Շամլուղը, Չկալովը, Մեդովկան, Սարատովկան, Մեծ Պարնին, Ախթալան, Վարդաբլուրը:
27 համայնքի մոտ հողի հարկի ընթացիկ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 70%-ից ցածր, առավել ցածր՝ մինչև 50% հավաքագրում ունի 16 համայնք:
Տեղական տուրքերի պլանը՝ 90.7 մլն. դրամ, կատարվել է ամբողջությամբ:
-Նախորդ ամիսների վերլուծությունը վկայում է, որ հավաքագրումն ունի թույլ աճի միտում, իսկ այն համայնքները, որտեղ տեղական տուրքի հավաքագրումը նվազել է, պետք է վերանայեն համայնքում տարվող քաղաքականությունն ու իրենց կողմից կազմակերպվող աշխատանքների որակը,-ասաց զեկուցողը:
Նախորդ տարվա նկատմամբ հավաքագրման նվազում ունի 62 համայնք, որոնցից առավել մեծ՝ Շնողը, Ազնվաձորը, Բլագոդարնոյեն, Խնկոյանը, Նոր Խաչակապը, Արծնին, Սարամեջը, Ձորագյուղը, Կաթնաղբյուրը, Դեբետը: Իսկ ահա Ծաղկաշատ, Չկալով, Միխայլովկա, Հարթագյուղ, Նովոսելցովո, Սարատովկա, Սարալանջ համայնքներում, ի տարբերություն նախորդ տարվա, ընդհանրապես գանձումներ չեն եղել:
Պետական տուրքի դեպքում գանձումը կազմել է 90.5%, նախորդ տարվա համեմատ փաստացի հավաքագրումը նվազել է 1.5 մլն. դրամով:
Անցած 11 ամիսների ընթացքում համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների հավաքագրումը կատարվել է ընդամենը 87%-ով, նախորդ տարվանից պակաս է հավաքագրվել 19.6 մլն. դրամ:
Նախորդ տարվա 11 ամիսների համեմատությամբ գույքի վարձակալության հավաքագրման գումարները նվազել են՝ Թումանյանի տարածաշրջանի՝ 15, Տաշիրի՝ 11 և Գուգարքի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններում՝ 14-ական համայնքներում:
Նոյեմբերի 15-ի դրությամբ մարզի համայնքներից միայն Վանաձորն է, որ ՀՈԱԿ-ների աշխատողներին աշխատավարձի գծով ավելի քան 65 միլիոն 779 հազար դրամ պարտք ունի:
Լոռու մարզի համայնքներում 2016թ. իրականացված գյուղատնտեսական աշխատանքների, բերքահավաքի արդյունքների, ինչպես նաև պետության կողմից գյուղացիական տնտեսություններին տրամադրված պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների բաշխման գործընթացի և կուտակված պարտքերի մասին ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը:
Ասվեց, որ նախորդ տարվա համեմատությամբ մարզն էական առաջընթաց ունի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդարձակման ուղղությամբ: Մշակվել է առկա 42089 հա վարելահողերի շուրջ 78.8%-ը, որը նախորդ տարվանից ավելի է 1562 հեկտարով: Մասնավորապես 1070 հա-ով ավելացել են հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի, 335 հա-ով՝ կարտոֆիլի, 344 հա-ով՝ կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
Նոյեմբերի 1-ի դրությամբ մարզում արտադրվել է` 47 հազար 124 տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն, 70 հազար 100 տոննա կարտոֆիլ, 11 հազար 220 տոննա բանջարեղեն, 1400 տոննա պտուղ և հատապտուղ, կուտակվել՝ 126 հազար տոննա խոտ:
-Անժխտելի է, որ ցանքատարածությունների և բերքի ավելացմանը անմիջականորեն է նպաստել պետության կողմից մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և բարձրորակ սերմացուներով օժանդակությունը մարզի հողօգտագործողներին,- նշեց բանախոսը:
Այս տարվա համար ՀՀ կառավարության կողմից մատչելի գներով Լոռու մարզին հատկացվել է 2316 տոննա ազոտական, 60 տոննա ֆոսֆորական և 43 տոննա կալիումական պարարտանյութ, 648 հազար լիտր դիզելային վառելանյութ: Հողօգտագործողները մատչելի գնով ստացել են 70 տոննա գարնանացան գարու, 2 տոննա եգիպտացորենի, շուրջ 3 տոննա առվույտի և 18 տոննա կորնգանի սերմացու:
Այժմվանից աշխատանքներ են տարվում 2017 թվականի բարձր բերքի նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ: Աշնանացանի համար մարզի ֆերմերներից պայմանագրային հիմունքներով համայնքներին է տրամադրվել 70 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: Աշնանացան է կատարվել 7400 հեկտարի վրա: Ապա Ա. Շահվերդյանն անդրադարձավ այն համայնքներին, որոնք թերանում են ստացած պարարտանյութերի ու սերմացուների գումարները սահմանված ժամկետներում վճարելու հարցում: Այսպես. ազոտական պարարտանյութի պարտքեր են կուտակել Գյուլագարակ, Արևածագ, Կարմիր Աղեկ, Հարթագյուղ և Սարամեջ համայնքները, ընդանուր առմամբ՝ 6.3 մլն դրամ:
2015թ. ստացած աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի պարտքեր ունեն Արջուտ, Արևածագ, Դսեղ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Մեծ Այրում, Ճոճկան, Տաշիր, Կաթնառատ, Ձյունաշող, Լեռնանցք, Լեռնավան, Հարթագյուղ, Ղուրսալ, Մեծ Պարնի և Սարամեջ համայնքները` ընդհանուր առմամբ 25 միլիոն 569 հազար դրամ:
-Համայնքների ղեկավարները պիտի գիտակցեն, որ վճարումները ժամանակին չկատարելու պատճառով վտանգվում է պետության կողմից ցուցաբերվող օժանդակության հետագա հնարավորությունը,- ասաց զեկուցողն ու նաև հորդորեց հարկավոր պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և սերմերի 2017թ. համար հայտերը ներկայացնել ժամանակին, այլապես կզրկվեն պետության շահեկան օժանդակությունից:
2017-2025թթ. զարգացման ռազմավարության ծրագրի վերաբերյալ էր զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի զեկուցումը:
Նա ամփոփ ներկայացրեց 2017-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությունների վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումը, ՀՀ ՏԿԶՆ և կոնկրետ մարզպետարանի ու Լոռու մարզի համայնքների կողմից նախատեսվող քայլերը:
Կառավարության հայեցակարգն ընդգրկում է առաջնահերթություն հանդիսացող տարածքային զարգացումը, սահմանում կայուն տնտեսական զարգացման մոտեցումները՝ պահանջելով բոլոր մարզերից (վարչատարածքային միավորներից) ներկայացնելու գործողությունների պլաններ:
Տարածքային զարգացման գործողությունների պլանի մեջ պետք է արտացոլվեն այն հիմնական գործողությունները, որոնք անհրաժեշտ են տարածքների մրցունակությունը բարձրացնելու և Հայաստանի մարզերի միջև առկա անհամաչափությունները մեղմելու համար: Բացի այդ, պետք է համապատասխանեցվեն տարբեր նախարարությունների կողմից՝ տարածքային զարգացմանն առնչվող քաղաքականությունները, որոնք առաջին հերթին վերաբերում են գյուղատնտեսության ու գյուղական տարածքների զարգացմանը, տեղական ֆինանսական միջոցների կառավարմանը, տեղական ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման, զբաղվածության և մասնագիտական կրթության ոլորտներին:
Զեկուցողը տեղեկացրեց, որ ԵՄ համագործակցության շրջանակներում մշակվել է ՀՀ 2016-2025թ.թ. Տարածքային ռազմավարական ծրագիրը, որի համար սահմանվել են չափորոշիչներ:
2017թ.-ին հանրապետությունը կունենա տարածքային զարգացման քաղաքականության իրականացման մեկ ընդհանուր Տարածքային զարգացման գործառնական ծրագիր (ՏԶԳԾ), որը հիմք կհանդիսանա, ՏԿԶՆ բյուջետային ծրագրերի նախապատրաստման և տարածքային զարգացման նպատակներով, արտաքին աղբյուրներից բյուջետային աջակցության ստացման համար։
2025թ.-ի դրությամբ առանձին վերցված յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը ։
2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը 2014թ. համեմատ կաճի առնվազն 10 տոկոսով:
Տարածքային զարգացումը կկենտրոնանա մի շարք առաջնահերթությունների վրա, որոնք են` քաղաքային զարգացման բևեռների հիմնում, տեղական ու տարածքային տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավում, տեղական ու տարածքային մակարդակներում բիզնես միջավայրի բարելավում, ներդրումներ մարդկային կապիտալում և սոցիալական ենթակառուցվածքում, զբոսաշրջության խթանում, շրջակա միջավայրի պահպանությունն ու էներգաարդյունավետությունը, տեղեկատվական հասարակության ստեղծումը և այլն:
Այս նպատակներին հասնելու համար մարզերի համար սահմանվել են քայլեր։ Պետք է մշակվեն մարզերի նոր ռազմավարություններ, մարզի ռազմավարական ծրագիրը պետք է ներկայացվի կառավարության հաստատմանը հունվարի 15-ին, կվերանայվի գործող մարզային զարգացման ծրագրերի մեթոդաբանությունը։ ԵՄ փորձագետների եւ ՏԿԶ նախարարության կողմից կընտրվեն մարզերի զարգացման ծրագերից մի քանիսը, որպես օրինակ, և նույն մեթոդաբանությամբ, տեղի վերապատրաստված մասնագետների միջոցով կմշակվի և կիրականացվի մարզային ռազմավարությունների մշակման գործընթացը։
Հ.Մկրտչյանն ասաց, որ նոյեմբերին արդեն մեկնարկվել է, Լոռու մարզի 2017-2025թթ ռազմավարության ծրագրի կազմման գործընթացը։ Լոռու մարզպետի որոշմամբ մարզպետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը համակարգում է այս գործընթացը, ստեղծվել է ծրագրերի մշակման պլանավորման խումբ, առայժմ մարզպետարանի ստորաբաժանումների համապատասխան ոլորտային մասնագետների ներգրավմամբ։
Աշխատանքները դեռեւս գտնվում են նախնական փուլում, իրականացվում է ներկա իրավիճակի տնտեսական վերլուծություն:
Հաջորդ քայլերում կկազմակերպվեն ոլորտային բաց քննարկումներ, կներգրավվեն շահագրգիռ կառույցներ, կրթական, հասարակական կազմակերպություններ, անհատներ։
Օգտվելով առիթից, Հ. Մկրտչյանը համայնքների ղեկավարներին, հորդորեց մինչև դեկտեմբերի 10-ը ծրագրերի բաժին ներկայացնել իրենց համայնքների հիմնախնդիրները մարզի ռազմավարության մեջ ներառելու համար:
Օրակարգային հարցերի վերաբերյալ ամփոփիչ խոսք ասաց մարզպետ Ա.Նալբանդյանը:
Անդրադառնալով 2017 թվականի համայնքային բյուջեների կազմման կարևորությանը, մարզպետը հորդորեց ու պահանջեց բյուջեների քննարկումը կատարել թափանցիկ, համայնքի հանրության համար ըմբռնելի:
-Բյուջեն բարի ցանկությունների արգասիք չէ, այն պետք է լինի իրատեսական, ձեր հնարավորությունների դաշտում, զերծ ուռճացումից, հակառակ դեպքում տարվա ընթացքում ծախսային մասով ծանրագույն կացության մեջ եք ընկնելու: Այն համայնքները, որոնք կշռադատված, իրատեսական ու ռեալ բյուջե և համայնքի զարգացման ծրագիր կկազմեն, կարժանանան թե՛ կառավարության և թե՛ մարզային իշխանության բարեհաճությանն ու ամենայն աջակցությանը,-ասաց մարզի ղեկավարը:
-Այսօր բոլորս լծված ենք անչափ կարևոր գործի՝ 2017-2025թթ. տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրի կազմման գործին: Դրա իրատեսական կառուցվածքով է պայմանավորված յուրաքանչյուր համայնքի ու տարածաշրջանի հետագա զարգացումը: Ուստի խնդրում և պահանջում եմ ամենայն հետևողականությամբ, բանիմաց մասնագետների ներգրավումով, մարզպետարանի համապատասխան մասնագետների հետ խորհրդակցելով միայն կառուցեք ձեր համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը,-շեշտեց Ա. Նալբանդյանը:
Մարզպետը խոսք ուղղեց նաև համայնքների նորընտիր ղեկավարներին, ովքեր պետք է կարևորեն իրենց պարտադիր լիազորությունների անվերապահ կատարումը, առանձնապես սեփական եկամուտների հավաքագրումը:
Ելույթի ավարտին մարզպետ Արթուր Նալբանդյանը ՏԻՄ համակարգի 20-ամյակի կապակցությամբ շնորհակալագրեր հանձնեց մի շարք գործող և նախկին համայնքապետերի, համայնքային ծառայողների:
Մարզի խորհրդի նիստին մասնակցում էր և համայնքների ղեկավարների հետ 2017-2025թ.թ. տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրի շուրջ քննարկում ծավալեց, հնչեցրած հարցերին պարզաբանումներ տվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18