Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Լոռի» տուրիզմի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
25.11.2016
Նոյեմբերի 25-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց «Լոռի» տուրիզմի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի անդամ, Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը :
Վերջինս ներկայացրեց խորհրդի կազմում ընդգրկված Դսեղ համայնքի ղեկավարի փոփոխությամբ պայմանավորված հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը: Դ. Մանուչարյանը ներկայացրեց Դսեղի նորընտիր ղեկավար Գառնիկ Հովսեփյանի թեկնածությունը, ինչը ողջունվեց ներկաների կողմից:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր Լոռի-ՊԱԿԱ համագործակցությանը, որին անդրադարձավ մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Նա տեղեկացրեց, որ ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի կազմի փոփոխությամբ պայմանավորված՝ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել նաև համագործակցության ոլորտներում:
-Օրերս Լոռու մարզպետի՝ Ֆանսիա կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի ղեկավար կազմի հետ և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համագործակցությունը տուրիզմի, ֆրանկաֆոնիայի բնագավառներում, իսկ գյուղատնտեսության փոխարեն կհամագործակցենք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Առաջիկայում նախատեսվում է մեր ֆրանսիացի գործընկերների այցը Լոռու մարզ, իսկ արդեն 2017թ. մարտին Լոռու մարզի պատվիրակությունը ՝ մարզպետի գլխավորությամբ, պաշտոնական այցով կլինի ՊԱԿԱ-ում՝ համագործակցության ուղղությունները փաստաթղթով ամրագրելու նպատակով,- ասաց նա:
«Լոռի» տուրիզմի զարգացման հիմնադրամի 2016թ. տասն ամիսների ֆինանսական հաշվետվությունը ներկայացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն և «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային գրասենյակի տնօրեն Քրիստինե Երիցյանը: Նա տեղեկացրեց նաև, որ «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային գրասենյակի պաշտոնական կայքէջը 48 հազար այցելու է ունեցել, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է:
-Նաև մեր գրասենյակի ջանքերի շնորհիվ է, որ տարեցտարի աճում է զբոսաշրջիկների այցելությունների թիվը մեր տարածաշրջան,- ասաց նա՝ խոսելով նաև առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին:
Քննարկվեցին նաև այլ հարցեր: