Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Նալբանդյան. «Լոռու մարզպետարանը ձեր հավատարիմ գործընկերն է». Լոռու մարզպետը հանդիպեց մարզի ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

24.11.2016

 

Նոյեմբերի 24-ին Լոռու մարզպետարանի դահլիճում կազմակերպվել էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանդիպումը մարզի հասարակական կազամակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը և պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ - ՀԿ սեկտոր համագործակցության առավել սերտացմանն ուղղված մի շարք կարևոր հարցերի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀԿ-ների ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնելով հանդիպմանը ներկա գտնվելու համար, տեղեկատվություն ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված մարզպետարանի նախաձեռնությունների մասին: Նա նշեց, որ 2017թ. Լոռին նախատեսվում է հայտարարել «Սմարթ» մարզ՝ մարզի զարգացման գերակա խնդիրներից մեկը համարելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացումը բոլոր բնագավառներում և վստահեցրեց, որ այս ուղղությամբ արդեն իսկ կարևոր նախաձեռնություններ են կյանքի կոչվում:
-Մեր նպատակն է զարգացնել ՏՏ ոլորտը Լոռու մարզում, ինչը մեր մարզի տնտեսության զարգացման գլխավոր անկյունաքարերից մեկը կարող է դառնալ, իսկ դրա համար Լոռիում առկա են բոլոր հնարավորությունները: Այս տարի շահագործման հանձնվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, որն արդեն իսկ ակտիվ գործունեություն է իրականացնում: Հաջորդ տարի շահագործման կհանձնվի Դեբեդ գյուղին հարակից տարածքում կառուցվող «Սմարթ» կենտրոնը: ՀՀ Նախագահի հանձնարարականով ակտիվ ընթացք են ստացել Վանաձորում «Թումո» կենտրոնի ստեղծման նախապատրաստական աշխատանքները. կենտրոնի կառուցումը Վանաձորում կսկսվի 2017թ.-ի գարնանը: Լիահույս եմ, որ ՏՏ ոլորտը դառնալու է մեր մարզի տնտեսության խթանման կարևորագույն գործոններից մեկը. այս կերպ դառնալու ենք օրինակելի ողջ հանրապետությունում,- ասաց մարզի ղեկավարը: Նա անդրադարձավ նաև Լոռու մարզի և Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի հետ հետագա համագործակցությանը միտված ձեռնարկումներին և ասաց, որ համագործակցությունը այլ հարթակ է տեղափոխվում.
-Երկկողմ համագործակցության գերակա ճյուղ պետք է դառնա ՏՏ ոլորտը, ինչը ևս մարզում ոլորտը զարգացնելու լուրջ հեռանկարներ կստեղծի,- ասաց մարզպետը՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի սկզբին ֆրանսիացի գործընկերները կլինեն Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ ծանոթանալու այստեղ ստեղծված հնարավորություններին: Իսկ արդեն 2017թ. գարնանը նախատեսվում է այց Ֆրանսիա՝ համագործակցության հուշագիր ստորագրելու նպատակով:
-Հետաքրքրական է, որ մեր բարեկամ մարզում է գտնվում Ֆրանսիայի ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը և ՊԱԿԱ-ի իշխանությունները ևս 2017թ.-ը նախատեսում են հայտարարել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տարի, այնպես որ՝ այս առումով ևս մեր հետաքրքրությունները համընկնում են և, համոզված եմ, սա նույնպես կխթանի մեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը,-ասաց Ա. Նալբանդյանը:
Մարզպետը հայտնեց նաև, որ իր հանձնարարությամբ մարզպետարանի ենթակայության դպրոցներում տնտեսված միջոցների հաշվին կստեղծվեն «Սմարթ» դասասենյակներ, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ինֆորմատիկայի դասերը, ինչպես նաև հեռավար դասընթացներ մարզի և հանրապետության մյուս դպրոցների հետ: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությամբ նմանատիպ դասասենյակներ ստեղծվել են Թումանյանի տարածաշրջանի մի շարք համայնքների դպրոցներում:
Նա հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկեց անմասն չմնալ և ակտիվ ներգրավվել իրականացվող աշխատանքներում՝ փոխանցելով տարիների քրտնաջան աշխատանքով կուտակած փորձն ու կարողությունները՝ այդ կերպ ներդրում ունենալով մարզի զարգացման գործում:
-Օգտվելով առիթից ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ մարզի մի շարք համայնքներում իրականացրած ծրագրերի համար և հավատացնել, որ ձեզնից յուրաքանչյուրի աջակցությունը մեզ համար շատ կարևոր է,-ասաց Ա. Նալբանդյանը:
Ելույթ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ողջունելով Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու նախաձեռնությունը՝ վստահեցրին, որ առկա ռեսուրսների սահմաններում և հնարավորությունների ներածին չափով պատրաստակամ են աջակցել կարևոր նախաձեռնությանը, ավելին՝ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ՝ սերտորեն համագործակցելով Լոռու մարզպետարանի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: Նրանք պատրաստակամություն հայտնեցին կարևոր նախաձեռնության իրականացման նպատակով առաջիկայում առաջարկությունների փաթեթ ներկայացնել՝ առկա ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու և ընդհանուր կարողությունները մեկ ընդհանուր նպատակի ծառայեցնելու մղումով: ՀԿ ներկայացուցիչները հատկապես կարևորեցին մարզպետի և մարզպետարանի մշտական պատրաստակամությունն իրենց կողմից ներկայացվող ողջունելի առաջարկությունների իրականացմանը մշտապես սատարելու հարցում:
-Լիահույս եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ այլ շրջափուլ կթևակոխի: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Լոռու մարզպետարանը ձեր հավատարիմ գործընկերն է: Ես պատրաստ եմ յուրաքանչյուրիդ հետ անհատապես քննարկելու ցանկացած ողջունելի առաջարկություն, որը կբխի հանրության շահերից և ուղղված կլինի մեր մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է դառնա մեկ ընդհանուր շղթայի մի օղակը և անի առավելագույնը՝ օղակի ամբողջականությունը չխաթարելու նպատակով,- իր խոսքը եզրափակելով՝ ասաց Ա. Նալբանդյանը:
Նա մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հանձնարարեց այսուհետ ամբողջապես համակարգել մարզի հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը և պարբերաբար հանդիպումներ կազմակերպել ներկայացվող առաջարկությունները քննարկելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18