Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանում

21.11.2016

Նոյեմբերի 21-ին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ  Լոռու մարզպետն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը;

          Նախ Արթուր Նալբանդյանն անդրադարձավ մարզում իրականացվելիք գերակա ծրագրերի ու խնդիրների վերաբերյալ ՀՀ կառավարության ներկայացրած պահանջների կատարմանը: Մարզպետը նշեց, որ ՀՀ կառավարություն ներկայացված 10 գերակա ծրագրերից երեքն արդեն իսկ արժանացել են հավանության, մնացածները լրամշակելու, առավել հիմնավոր փաստարկման կարիք ունեն և պետք է  լուրջ աշխատանք տանել մարզի համար կենսական նշանակության մի քանի այլ գերակայություններ առավել ծանրակշիռ հիմնավորումներով կառավարության ծրագրում ներառելու ուղղությամբ:

Այնուհետև մարզպետն անդրադարձավ մարզում պահանջարկ ունեցող ագրարային մասնագիտությունների և կադրերի վերապատրաստման ծրագրերի  իրականացման անհրաժեշտությանը:Այս խնդիրը կարևորվել է  հատկապես Երևանում վերջերս տեղի ունեցած «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսում ՀՀ վարչապետի կողմից կատարված դիտարկումներով: Անցնելով բոլոր մարզային տաղավարներով, վարչապետը որոշակի դիտողություններ է արել, շեշտելով, որ տաղավարների ցուցադրական ճոխությամբ չի, որ պետք է գնահատել ռեալ իրավիճակը գյուղատնտեսության ոլորտում: Նաև անդրադարձել է մարզերում գյուղատնտեսական մասնագետ կադրերի պատրաստման, ոլորտը հարկավոր մասնագետներով համալրելու խնդրին: Մարզպետը գյուղատնտեսության, բնապահպանության ու կրթության, մշակույթի և սպորտի վարչություններին հանձնարարեց Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Գյուղատնտեսական քոլեջի ղեկավարության հետ լրջորեն հետազոտել մարզի համայնքներում ագրոմասնագետների պահանջարկը և դրա հիման վրա կառուցել կրթական համակարգը:

-Մեզանում պակասում են ժամանակակից մտածողությամբ ագրոնոմները, հատկապես ջերմոցային տնտեսության մասնագետները, գրեթե շուկայագետներ չունենք:Այս խնդիրերի լուծմամբ պետք է մտահոգվեն կրթական հաստատություններն ու  նաև մենք,-ասաց Ա. Նալբանդյանը:

Մարզպետն անդրադարձավ նաև մոտ առաջիկայում ՀՀ վարչապետի՝ Լոռու մարզ կատարվելիք այցին, ոլորտային աշխատողներին հանձնարարականներ տվեց հանգամանալից նախապատրաստվելու և կառավարության ղեկավարին պատշաճ ներկայացնելու մարզի կարողություններն ու  հիմնախնդիրները:

Մարզի 2017-2025 թ.թ.ռազմավարական ծրագրի կազմման   ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, նշելով, որ ՀՀ կառավարության մասնագետների ու փորձագետների հետ ամենօրյա աշխատանքներ են տարվում մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները առավելագույնս հիմնավորված և իրատեսական ներկայացնելու համար:

Այս հարցում մարզպետը կարևորեց հատկապես մարզի տնտեսվարողների հնարավորինս ակտիվ ներգրավվումը ծրագրի կառուցմանը:

 Նախորդ շաբաթվա ընթացքում մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման մասին տեղեկատվություն ներկայացրեց աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, առանձնացնելուվ նոյեմբերի 19-ին անցկացված մարաթոն դրամահավաքի կարևորությունը այս տարվա ապրիլին Արցախում ռազմական բախումների հետևանքների վերացման հարցում:  

-Խնդիրը հավաքագրված գումարի քանակը չէ,այլ ավելի շատ  միջոցառման բարոյական հնչեղությունը, երբ մեզանից յուրաքանչյուրը, պաշտոնյայից մինչև շարքային քաղաքացի,  գիտակցի, որ իր ամենափոքրիկ ներդրումն անգամ անգնահատելի աջակցություն է փորձության մեջ հայտնված արցախցի մեր հայրենակիցներին:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր մարզի հաամայնքներում   սեփական եկամուտների  հավաքագրման ընթացքին:Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանի ներկայացրած տվյալներով նոյեմբերի 18-ի դրությամբ եկամուտների հավաքագրումը ամսվա կտրվածքով կազմել է 48.1 տոկոս, որը 111 միլիոն դրամով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի արդյունքը: Ցուցանիշները սփոփիչ չեն հատկապես հողի հարկի, հողի վարձակալության, տեղական տուրքերի մասով: Որևէ հարկատեսակի գծով մուտքագրում չունեն մարզի յոթ համայնքներ:

Մարզպետը տեղակալներին հանձնարարեց հետևողական լինել թերացող համայնքների հետ տարվող աշխատանքներում: 

 

          Համայնքների հնգամյա ծրագրերի կազմման ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացրեց  ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ  Դավիթ

Մանուչարյանը: Եվ նրան և այս խնդրին առնչություն ունեցող մասնագետներին մարզպետը հրահանգեց լինել հետևողական, հասնել նրան, որ յուրաքանչյուր համայնքում ձևավորվի խստագույնս հիմնավորված  ծրագիր, բացառվի բյուջեի միջոցների գերակշիռ մասը աշխատավարձերին  ու սոցիալական հատկացումներին տրամադրելու երևույթը:

          -Ես բնավ էլ հակված չեմ, որ համայնքի աշխատողը վատ վարձատրվի, բայց և դեմ եմ, որ դա արվի ի վնաս տվյալ քաղաքի կամ գյուղի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների: Յուրաքանչյուր համայնքի ղեկավարության գերխնդիրը պետք է դառնա առկա միջոցներն առավելապես ուղղել  համայնքի զարգացման ծրագրերին,-նշեց մարզպետը:

          Մարզի ղեկավարը անդրադարձ կատարեց նաև ներառական կրթություն իրականացնող հաստատություններում դեռահասների սննդի որակին՝ դրանում ցանկացած թերացում բացառելու խստագույն հանձնարարականով:

          Խորհրդակցությանն արծարծվեցին նաև աշնանացանի ընթացքին, արտոնյալ պայմաններով պետության կողմից տրամադրված սերմացուների ու պարարտանյութի գումարների հավաքագրման, գյուղական տուրիզմի զարգացման ծրագրերի մասին և այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

         

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27