Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
17.11.2016
Նոյեմբերի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը Վանաձորի, Գուգարքի, Սպիտակի, Թումանյանի տարածաշրջանների բնակիչների համար: Շուրջ յոթ տասնյակ բնակիչների հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Ընդունելության եկած քաղաքացիների մեծ մասը եկել էր սոցիալական աջակցության ակնկալիքով: Մարզպետը պատարաստակամություն հայտնեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել նրանց ներկայացրած դիմումները լրացուցիչ ուսումնասիրելուց հետո: Նա հանձնարարեց առավել կարիքավորներին ընդգրկել նաև «Դիակոնիա» հիմնադրամի կողմից տրամադրվող հումանիտար օգնության ցանկում: Պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու ակնկալիքով եկած մեկ քաղաքացու մարզպետը ևս խոստացավ աջակցել:
Մարզի ղեկավարին դիմեցին քաղաքացիներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային ապահովման ծրագրից» և շահառու չեն ճանաչվել: Ա. Նալբանդյանն առաջարկեց իրավունքը վերականգնելու պահանջով դիմել դատարան:
Ֆիոլետովո համայնքի բնակիչներ Անատոլի Դյակոնովը և Վալերի Նազարովը ընդունելության էին եկել համայնքի խնդիրների մասին մարզի ղեկավարին իրազեկելու, նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Երիտասարդները մտահոգություն հայտնեցին, որ գյուղում չկան երեխաների զբաղմունքն ապահովող խմբակներ, չի գործում մանկապարտեզ, չկան կոմունալ-կենցաղային պայմաններ: Մարզպետը խոստացավ հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել համայնքային խնդիրների լուծման հարցում և պատրաստակամություն հայտնեց առաջիկայում երիտասարդների հետ քննարկել նրանց ներկայացրած առաջարկությունները:
Կոմունալ-կենցաղային, բնակարանային պայմանների բարելավման հարցերով եկած քաղաքացիներին մարզպետն առաջարկեց դիմել համայնքապետարաններ: