Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարարը ծանոթացավ աշխատանքների ընթացքին

17.11.2016

2016թ սեպտեմբերից մեկնարկեց Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ճանապարհի վերակառուցման 15.5 միլիարդ ՀՀ դրամին համարժեք գումարի ֆինանսական ներդրումների ծավալով աննախադեպ ծրագիրը, որը համատեղ իրականացվելու է Եվրոպական ներդրումային ու Ասիական բանկերի ֆինանսավորմամբ և պետբյուջեի համաֆինանսավորմամբ: 33 համայնքների տարածքով անցնող ավտոմայրուղին շահագործման կհանձնվի 2020 թվականի հունվարին:

Ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, ՀՀ տրանսպորտի, նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի,  ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ նախարարը մարզկենտրոնից ուղևորվեց դեպի Ձորագետ գյուղի հյուսիսային տեղամաս, ուր այս օրերին կառուցողական բուռն աշխատանքներ են ընթանում: Պաշտոնյաները ծանոթացան աշխատանքների ընթացքին, պարզաբանումներ ստացան շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներից:

Ավտոմայրուղու հիմնանորոգումը իրականցնում են կառուցապատման մեծ փորձ ունեցող երեք կապալառու կազմակերպություններ՝ «Արարատ ճանշին», «Դորլիդեր» և «Կապավոր» ՍՊԸ-ները՝ գերմանական «Կոքս քոնսայթ» և ֆրանսիական «Էջիս ինթերնեյշել» կազմկերպությունների տեխնիկական հսկողությամբ: Ընդհանուր առմամբ կկառուցվի 90 կիլոմետր ավտոմայրուղի, կվերակառուցվի 3 թունել, հիմնովին կքանդվի և նորովի կկառուցվի 3, կհիմնանորոգվի 9 կամուրջ: Ճանապարհային երթևեկության անվտանգության երաշխիք կլինեն տեղադրվելիք ավելի քան 33 հազար 300 գծամետր մետաղական արգելափակոցները, 2365 հատ ազդանշանային սյուները, 995 հատ ճանապարհային նշանները:

Նախագծով ճանապարհահատվածի ողջ երկարությամբ կկառուցվեն նոր հենապատեր ու մայթեր, ջրահեռացման համակարգեր, կիրականացվեն քարաթափումների կանխարգելման միջոցառումներ:

Նախարարը, մարզպետն ու ուղեկիցները տեղում ծանոթացան կառույցի առանցքային տեղամասերից մեկի՝ Ձորագետի առաջին թունելի վերակառուցմանը: Աշխատանքների ընթացքը տպավորիչ էր: Ժամանակակից արտասահմանյան հզոր տեխնիկայի գործադրմամբ կառուցապատողը՝ բարձրակարգ թունելագործության մեծ փորձ ունեցող «Արփա-Սևան» բաժնետիրական ընկերությունը, թեև արդեն իսկ հսկայական աշխատանք է կատարել, սակայն առաջիկա 3-4 ամսում այստեղ դեռևս քարազանգվածի պայթեցման, գրունտի խորացման ու թունելախորշի լայնացման խոշորածավալ աշխատանքներ են կատարվելու:

Շրջայցի ավարտին նախարարն ու մարզպետն իրենց տպավորությունները հայտնեցին լրագրողներին:

-Ինչպես ինքներդ եք տեսնում, Լոռու մարզի տարածքում այսպիսի հսկայածավալ աշխատանք երբեք չի կատարվել: Սա ոչ միայն սոսկ տրանսպորտային փոխադրումների լավագույն հնարավորության, այլև Լոռու մարզի ու ողջ հանրապետության համար տնտեսական առաջընթացին նպաստող կարևորագույն գործոն է: Մեր շրջայցի նպատակն էր ոչ միայն տեղում ծանոթանալ ճանապարհի կառուցման ընթացքին, այլև վերլուծել ընթացքում ծագող, չնախատեսված հանգամանքները, գտնլ դրանց լուծման ուղիները: Արդեն իսկ գրառել ենք ճանապարհի կառուցապատման բնականոն ընթացքին խոչընդոտող որոշակի հանգամանքներ, որոնք  նախարարի հետ կքննարկենք և համապատասխան լուծումներ կառաջարկենք, -ասաց Արթուր  Նալբանդյանը:

Ավտոմայրուղու կառուցապատման ընթացքից գոհ էր նաև նախարար Վահան Մարտիրոսյանը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27