Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ.«2017թ.-ին Լոռին հայտարարելու ենք «Սմարթ» մարզ»

14.11.2016

Նոյեմբերի 14-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Մինչ օրակարգային մյուս հարցերին անցնելը մարզպետը ներկայացրեց Ֆրանսիայի Հանրապետության ՊԱԿԱ ռեգիոն կատարած  աշխատանքային այցի մանրամասները՝ այն գնահատելով արդյունավետ:

-ՊԱԿԱ-ում անցկացված ռեգիոնալ խորհրդի ընտրություններից ու խորհրդի նախագահի փոփոխությունից հետո մեր համագործակցությունը սառեցվել էր: Մեր այցելությունը, բանակցությունները,վստահ եմ, նոր թափ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին,-ասաց նա՝ նշելով, որ համագործակցության գերակա ոլորտներ են ընտրվել տեղեկատվական  տեխնոլոգիաները (ՏՏ), տուրիզմը և ֆրանկոֆոնիան:

-Մեր նպատակն է զարգացնել ՏՏ ոլորտը Լոռու մարզում, ինչը մեր մարզի տնտեսության զարգացման գլխավոր անկյունաքարերից մեկը կարող է դառնալ, իսկ դրա համար Լոռիում առկա են բոլոր հնարավորությունները: Այս տարի շահագործման հանձնվեց Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը, որն արդեն իսկ ակտիվ գործունեություն է իրականացնում: Հաջորդ տարի շահագործման կհանձնվի Դեբեդ գյուղին հարակից տարածքում կառուցվող «Սմարթ» կենտրոնը: ՀՀ Նախագահի հանձնարարականով ակտիվ ընթացք են ստացել Վանաձորում «Թումո» կենտրոնի ստեղծման նախապատրաստական աշխատանքները. կենտրոնի կառուցումը Վանաձորում կսկսվի 2017թ.-ի գարնանը: Լիահույս եմ, որ ՏՏ ոլորտը դառնալու է մեր մարզի տնտեսության զարգացման ամենակարևոր ճյուղերից մեկը: 2017թ.-ին մարզը հայտարարելու ենք «Սմարթ» մարզ և այս կերպ դառնալու ենք օրինակելի ողջ հանրապետությունում: Համոզված եմ` շատ կարճ ժամանակ անց հանրությունը ականատես կլինի շրջադարձային փոփոխություննների: Հարկ է նշել, որ ՊԱԿԱ ռեգիոնում ևս գործում է Տեղեկատվական կենտրոն, որն ամենազարգացածն Ֆրանսիայում,-ասաց մարզպետը՝ ընդգծելով, որ այս առումով համագործակցության լուրջ հեռանակար կա:

Մարզպետը Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարեց համապատասխան աշխատանքներ իրականացնել մարզի դպրոցների հետ, որպեսզի վերջիններս իրենց տնտեսած միջոցներն ուղղեն դպրոցներում «Սմարթ» դասասենյակների ստեղծմանը՝ հագեցած անհրաժեշտ տեղեկատվական տեխնոլոգիաներով: Ըստ նրա, այս կերպ առավել արդյունավետ կարելի է իրականացնել հեռավար դասընթացներ մարզի և հանրապետության մյուս դպրոցների հետ:

-ՀՀ նախագահը և կառավարությունը ընձեռում են մեզ բոլոր հնարավորությունները ՏՏ ոլորտը զարգացնելու համար, և մենք մեր հերթին պետք է մեծ ջանքեր ներդնենք այն իրականություն դարձնելու համար,-նշեց մարզի ղեկավարը:

Համայնքներում բյուջետային գործընթացների, հարկերի հավաքագրման և հնգամյա ծրագրերի իրազեկման վերաբերյալ տեղեկատվություն ներկայցրեցին փոխմարզպետները՝ նշելով, որ գործընթացն ուշադրության կենտրոնում է:

Նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Նա մասնավորապես անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող «Հեռուստամարաթոն 2016»-ին ընդառաջ կազմակերպվելիք մարզային դրամահավաք-մարաթոնին՝ նշելով, որ նախապատրաստական աշխատանքներն իրականացման փուլում են: Մարզպետն առաջարկեց գործընթացում ներգրավել բոլոր պետական կառույցները, մարզի տնտեսվարողներին:

Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց եկամուտների հավաքագրման ցուցանիշները նոյեմբերի 11-ի դրությամբ՝ նշելով, որ նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների հավաքագրումը ամսվա պլանի դիմաց կազմել է 26,9, հողի հարկինը՝ 19,2 և գույքահարկինը՝ 34 տոկոս: Մարզպետը երևույթն անթույլատրելի համարեց՝ փոխմարզպետներին և համապատասխան վարչություններին հանձնարարելով աշխատանքներ իրականացնել հավաքագրման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ: Հ. Պապոյանը խոսեց նաև համայնքների բյուջեների կազմման գործընթացից:

2017-2025թ.թ. Լոռու մարզի զարգացման ռազմավարական ծրագրի կազմման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Նա վստահեցրեց, որ աշխատանքներն իրականացվում են հստակ ժամանակացույցով: Ա. Նալբանդյանը ևս մեկ անգամ հորդորեց գործընթացում ներգրավել տարբեր ոլորտների արհեստավարժ մասնագետների:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց պետական աջակցությամբ մարզի գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով տրված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուների, պարարտանյութերի գումարների հավաքագրման  արդյունքները:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը՝ անդրադառնալով Լոռու մարզպետի հանձնարարականին՝ մարզպետարանի և ենթակա կառույցների գործունեությունն առավել թափանցիկ և տեսանելի դարձնելու վերաբերյալ, նշեց, որ բաժնի նախաձեռնությամբ և «Ֆորտունա» հեռուստաընկերության հետ համագործակցությամբ յուրաքանչյուր ուրբաթ հանրությանն է ներկայացվում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը լուսաբանող ռեպորտաժ: Բացի այդ, արդեն մի քանի ամիս է՝ գործում է «Լոռու մարզպետարան» ֆեյսբուքյան էջը, որը մարզպետարանի պաշտոնական կայքէջին զուգահեռ օգտատերերին  ներկայացնում է մարզպետարանի գործունեությանն առնչվող տեղեկատվական նյութեր, ֆոտո և տեսառեպորտաժներ: Մարզպետը ողջունելի համարեց բաժնի նախաձեռնությունը և ևս մեկ անգամ շեշտեց, որ մարզպետարանի և մարզային ենթակայության հիմնարկների բոլոր աշխատակիցների աշխատանքը պետք է լինի թափանցիկ և հաշվետվողական:

Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, արվեցին առաջարկություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27