Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

01.11.2016

Հոկտեմբերի 31-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը մարզպետ Ա. Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 29-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի մանրամասները: Նա տեղեկացրեց, որ Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացմանը, եղել Վանաձորի բժշկական կենտրոնի շինհրապարակում, մասնակցել Ֆուտբոլի ակադեմիայի  բացմանը:  

-Ուզում եմ ուրախալի լուր հայտնել: Հաջորդ տարի ՀՀ Նախագահիի հանձնարարությամբ կսկսվեն Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտի հիմնանորոգման աշխատանքները, ինչը ևս լուրջ հեռանկարներ կստեղծի մարզում ֆուտբոլը զարգացնելու համար,-ասաց  Ա. Նալբանդյանը:

Մարզպետն անդրադարձավ նաև նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի մոտ անցկացված խորհրդակցությանը` նշելով, որ Վարչապետի հանձնարարականները մասնավորապես մարզի զարգացման, ինչպես նաև համայնքների զարգացման ծրագրերի կազմման հետ կապված, պետք է իրականացվեն բարձր մակարդակով և  ժամկետների մեջ: Մարզպետը հանձնարարեց ամենայն պատասխանատվությամբ լծվել աշխատանքին, կազմել իրատեսական ծրագիր, իսկ համայնքների զարգացման ծրագրերի կազմման աշխատանքներում մեթոդական և խորհրդատվական լուրջ աջակցություն ցուցաբերել:

Նա կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարեց նաև սերտ կապ ապահովել մարզի դպրոցների և Տեխնոլոգիական կենտրոնի միջև:

-Մենք քաջ գիտակցում են, որ մարզի տնտեսության զարգացման հիմքում դրված է նաև ՏՏ ոլորտի զարգացումը, ուստի մատաղ սերունդը պետք է անմիջական կապ ունենա այս կենտրոնի հետ՝ ծանոթանալով այստեղ իրականացվող ծրագրերին:

Առողջապահության ոլորտին անդրադառնալով՝ մարզպետը առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարեց առավել լուրջ և հետևողական աշխատանք իրականացնել Վանաձորի բժշկական կենտրոնի շահագործումից հետո այն որակյալ կադրերով համալրելու նպատակադրությամբ:

Ա. Նալբանդյանը խոսեց նաև մարզպետարանի պաշտոնական կայքէջի սպասարկման հետ կապված խնդիրներից: Նա հանձնարարեց հետևողականություն ցուցաբերել, այստեղ առկա տեղեկատվությունը թարմացնել պարբերաբար, շտկել առկա թերությունները, իսկ ոլորտային պատասխանատուներին՝ վերահսկել կայքէջում տեղադրված, իրենց ոլորտներին առնչվող տեղեկատվության օպերատիվ տեղադրումը: Փոխմարզպետներին, համապատասխան վարչություններին և մարզպետի օգնականներին Ա. Նալբանդյանը հանձնարարեց նաև վերահսկել համայնքների կայքէջերի սպասարկումը:

-Կայքէջի պատշաճ սպասարկումը  մեր թափանցիկ աշխատաոճի գրավականն է, և այս առումով ցանկացած բացթողում անթույլատրելի է,- ասաց մարզի ղեկավարը:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը տեղեկատվություն ներկայացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող «Հեռուստամարաթոն 2016-ի» վերաբերյալ: Նա հայտնեց, որ մարաթոնն անց կկացվի նոյեմբերին 24-ին: Հասույթը կուղղվի ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով ավիրված բնակավայրերի վերակառուցմանն, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված և անօթևան մնացած քաղաքացիների համար բնակարանների ձեռք բերմանը: Մարաթոնին ընդառաջ նոյեմբերի 19-ին Վանաձորում կկազմակերպվի ավանդական դարձած դրամահավաքը, որի հասույթն ամբողջությամբ կտրամադրվի հիմնադրամին: Ա. Նալբանդյանը հանձնարարեց կազմակերպչական, իրազեկման աշխատանքներն իրականացնել պատշաճ կարգով՝ ընդլայնելով մասնակիցների ցանկը և մասնակցության աշխարհագրությունը:

Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ցուցանիշները հոկտեմբերի 28-ի դրությամբ՝ նշելով, որ արդյունքները գոհացուցիչ չեն: Ընդհանուր առմամբ տասը ամսվա կտրվածքով պլանային ցուցանիշների կատարմամբ մարզը սեփական եկամուտների մասով պակաս է հավաքագրվել 191 մլն դրամ, հողի հարկի գծով՝ 66 մլն և գույքահարկի մասով՝ 43 մլն դրամ: Մարզպետը երևույթն անթույլատրելի համարեց՝ փոխմարզպետներին և համապատասխան վարչություններին հանձնարարելով աշխատանքներ իրականացնել հավաքագրման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ:

 Հ. Պապոյանը ներկայացրեց նաև համայնքների բյուջեների, ինչպես նաև համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի կազմման գործընթացները:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց պետական աջակցությամբ մարզի գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով տրված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության  սերմացուների, պարարտանյութերի բաշխման և պարտքերի հավաքագրման  արդյունքները: Մարզպետը հանձնարարեց կարճ ժամկետում հավաքագրել կուտակված պարտքը:

Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, արվեցին առաջարկություններ:

Խորհրդակցության ավարտին Ա. Նալբանդյանը շնորհավորեց Նարեկ Սարգսյանին աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչվելու և պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27