Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
01.11.2016
Հոկտեմբերի 31-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը մարզպետ Ա. Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 29-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի մանրամասները: Նա տեղեկացրեց, որ Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացմանը, եղել Վանաձորի բժշկական կենտրոնի շինհրապարակում, մասնակցել Ֆուտբոլի ակադեմիայի բացմանը:
-Ուզում եմ ուրախալի լուր հայտնել: Հաջորդ տարի ՀՀ Նախագահիի հանձնարարությամբ կսկսվեն Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտի հիմնանորոգման աշխատանքները, ինչը ևս լուրջ հեռանկարներ կստեղծի մարզում ֆուտբոլը զարգացնելու համար,-ասաց Ա. Նալբանդյանը:
Մարզպետն անդրադարձավ նաև նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի մոտ անցկացված խորհրդակցությանը` նշելով, որ Վարչապետի հանձնարարականները մասնավորապես մարզի զարգացման, ինչպես նաև համայնքների զարգացման ծրագրերի կազմման հետ կապված, պետք է իրականացվեն բարձր մակարդակով և ժամկետների մեջ: Մարզպետը հանձնարարեց ամենայն պատասխանատվությամբ լծվել աշխատանքին, կազմել իրատեսական ծրագիր, իսկ համայնքների զարգացման ծրագրերի կազմման աշխատանքներում մեթոդական և խորհրդատվական լուրջ աջակցություն ցուցաբերել:
Նա կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարեց նաև սերտ կապ ապահովել մարզի դպրոցների և Տեխնոլոգիական կենտրոնի միջև:
-Մենք քաջ գիտակցում են, որ մարզի տնտեսության զարգացման հիմքում դրված է նաև ՏՏ ոլորտի զարգացումը, ուստի մատաղ սերունդը պետք է անմիջական կապ ունենա այս կենտրոնի հետ՝ ծանոթանալով այստեղ իրականացվող ծրագրերին:
Առողջապահության ոլորտին անդրադառնալով՝ մարզպետը առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարեց առավել լուրջ և հետևողական աշխատանք իրականացնել Վանաձորի բժշկական կենտրոնի շահագործումից հետո այն որակյալ կադրերով համալրելու նպատակադրությամբ:
Ա. Նալբանդյանը խոսեց նաև մարզպետարանի պաշտոնական կայքէջի սպասարկման հետ կապված խնդիրներից: Նա հանձնարարեց հետևողականություն ցուցաբերել, այստեղ առկա տեղեկատվությունը թարմացնել պարբերաբար, շտկել առկա թերությունները, իսկ ոլորտային պատասխանատուներին՝ վերահսկել կայքէջում տեղադրված, իրենց ոլորտներին առնչվող տեղեկատվության օպերատիվ տեղադրումը: Փոխմարզպետներին, համապատասխան վարչություններին և մարզպետի օգնականներին Ա. Նալբանդյանը հանձնարարեց նաև վերահսկել համայնքների կայքէջերի սպասարկումը:
-Կայքէջի պատշաճ սպասարկումը մեր թափանցիկ աշխատաոճի գրավականն է, և այս առումով ցանկացած բացթողում անթույլատրելի է,- ասաց մարզի ղեկավարը:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը տեղեկատվություն ներկայացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող «Հեռուստամարաթոն 2016-ի» վերաբերյալ: Նա հայտնեց, որ մարաթոնն անց կկացվի նոյեմբերին 24-ին: Հասույթը կուղղվի ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով ավիրված բնակավայրերի վերակառուցմանն, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված և անօթևան մնացած քաղաքացիների համար բնակարանների ձեռք բերմանը: Մարաթոնին ընդառաջ նոյեմբերի 19-ին Վանաձորում կկազմակերպվի ավանդական դարձած դրամահավաքը, որի հասույթն ամբողջությամբ կտրամադրվի հիմնադրամին: Ա. Նալբանդյանը հանձնարարեց կազմակերպչական, իրազեկման աշխատանքներն իրականացնել պատշաճ կարգով՝ ընդլայնելով մասնակիցների ցանկը և մասնակցության աշխարհագրությունը:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ցուցանիշները հոկտեմբերի 28-ի դրությամբ՝ նշելով, որ արդյունքները գոհացուցիչ չեն: Ընդհանուր առմամբ տասը ամսվա կտրվածքով պլանային ցուցանիշների կատարմամբ մարզը սեփական եկամուտների մասով պակաս է հավաքագրվել 191 մլն դրամ, հողի հարկի գծով՝ 66 մլն և գույքահարկի մասով՝ 43 մլն դրամ: Մարզպետը երևույթն անթույլատրելի համարեց՝ փոխմարզպետներին և համապատասխան վարչություններին հանձնարարելով աշխատանքներ իրականացնել հավաքագրման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ:
Հ. Պապոյանը ներկայացրեց նաև համայնքների բյուջեների, ինչպես նաև համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի կազմման գործընթացները:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց պետական աջակցությամբ մարզի գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով տրված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուների, պարարտանյութերի բաշխման և պարտքերի հավաքագրման արդյունքները: Մարզպետը հանձնարարեց կարճ ժամկետում հավաքագրել կուտակված պարտքը:
Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, արվեցին առաջարկություններ:
Խորհրդակցության ավարտին Ա. Նալբանդյանը շնորհավորեց Նարեկ Սարգսյանին աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչվելու և պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: