Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ա. Նալբանդյան. «Մեզնից յուրաքանչյուրն իր տեղում, իր չափով պատասխանատվություն է կրում մեր երկրի բարեկեցիկ ապագայի համար»
31.10.2016
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունում 15-օրյա ուսումնական պրակտիկա անցնող Վանաձորի պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի «Կառավարում» բաժնի 29 ուսանող այսօր հանդիպում ունեցան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:
Ողջունելով երիտասարդներին՝ մարզի ղեկավարը նախ ցանկացավ տեղեկանալ՝ պրակտիկայի ավարտին ի՞նչ փորձով ու գիտելիքներով են ուսանողները հեռանում մարզի գլխավոր կառույցից, ապա անկեղծ ու անկաշկանդ զրույցի հրավիրեց նրանց:
Ուսանողները նշեցին, որ մինչ մարզպետարան մուտք գործելը և մարզպետարանի ստորաբաժանումների գործառույթներին ծանոթանալը պատկերացում անգամ չեն ունեցել, թե ինչպիսի մեծածավալ ու պատասխանատու աշխատանք է այստեղ իրականացվում: Նրանք վստահեցրեցին, որ բավականին հարուստ գիտելիքներ են հավաքել պրակտիկայի ընթացքում և ուսումնական գործընթացին վերադառնում են լիովին բավարարված:
Մարզպետը ներկայացրեց մարզպետարանի՝ որպես պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ոլորտները: Նա խոսեց նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներից:
-Ներկայում մշակման փուլում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2017-2025թ.թ. ռազմավարական ծրագիրը՝ պատասխանատու փաստաուղթ, որն ուղղորդելու է մեզ մարզի զարգացման հետևողական քայլեր իրականացնելու: Մշակման փուլում են նաև մարզի համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերը, որոնց մշակման հարցում մարզպետարանի ստորաբաժանումները համայնքներին մեթոդական և խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում,-ասաց մարզի ղեկավարը:
Նա իր խոսքում կարևորեց հատկապես կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները:
-Աղքատության հաղթահարման առաջին կարևոր պայմանը որակյալ կրթություն ապահովելն է, որակյալ կրթական համակարգի ներդրումը,-ասաց Ա Նալբանդյանը ուսանողներին հորդորելով լավ սովորել, լինել պատասխանատու, պատրաստակամ ու ջանացավ քաղաքացի.
-Մեզնից յուրաքանչյուրն իր տեղում, իր չափով պատասխանատվություն է կրում մեր երկրի բարեկեցիկ ապագայի համար,-ասաց մարզպետը:
Նա պատասխանեց նաև երիտասարդների հարցերին: