Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր Հանրապետության Նախագահը

31.10.2016

 Հոկտեմբերի 29-ին մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Նրան Լոռու մարզի սահմանագծին դիմավորեց և աշխատանքային այցի ընթացքում ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հանրապետության Նախագահը ներկա գտնվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով: Ծրագիրն ուղղված է Վանաձորում ժամանակակից գիտելիքահեն և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին բիզնես աջակցության տրամադրմանը:
Սերժ Սարգսյանը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ ստեղծված պայմաններին, ընձեռած հնարավորություններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարներին:
Ոլորտի պատասխանատուները և տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին ներկայացրեցին կենտրոնում արդեն գործող տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաները, սկսնակ թիմերի համար ստեղծված համատեղ աշխատանքային տարածքը, մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան, որը, նրանց հավաստմամբ, բացառիկ հնարավորություն կընձեռի ճարտարագիտական ոլորտում (ներառյալ` ճշգրիտ ճարտարագիտություն, մեքենաշինություն, մաքուր տեխնոլոգիաներ) նախատիպերի մշակման, փորձարկման և նոր արտադրանքների ու լուծումների մշակման համար՝ խթանելով նորարարությունների զարգացումը Հայաստանում և հնարավորություն ընձեռելով գյուտարարներին, տեխնոլոգիական ընկերություններին և գիտնականներին զգալիորեն արագացնել գյուտի կամ նոր արտադրանքի մուտքը շուկա:
ՀՀ Նախագահին պատասխանատուները ներկայացրին, որ կենտրոնի գործունեության ընթացքում առնվազն 150 թիմերի, ընկերությունների, գյուտարարների և անհատ ձեռներեցների տրամադրվել են բիզնես աջակցության ու խորհրդատվական ծառայություններ: Նախատեսվում է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կձևավորվեն առնվազն 150 ուղղակի և 1000 անուղղակի աշխատատեղեր՝ շուրջ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, տարեկան կպատրաստվի և կվերապատրաստվի առնվազն 500 մասնագետ, աջակցություն կստանան տարեկան առնվազն 50 թիմ և կազմակերպություն։
Կենտրոնի բացման առիթվ ողջույնի խոսք ասաց մարզպետ Արթուր Նալբանդյանը.
- Մեծարգո պարոն Նախագահ
Ձեր հանձնարարությամբ սկսված այս գործի հենց սկզբում՝ վերարժևորելով մեր գիտական ներուժի ստեղծագործական կարողությունները, հավատալով նպատակների իրատեսությանը մենք հավակնեցինք շրջադարձային քայլ կատարել՝ Վանաձորը վերածելով ժամանակակից, նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու: Այստեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպություններ, խոշոր կրթօջախներ ու գիտահետազոտական կենտրոններ։ Կենտրոնն էական նշանակություն կունենա գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, փոքր և միջին բիզնեսի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման և Վանաձորի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման գործում: Ստեղծված հնարավորությունները հանրապետությունում կխթանեն նորարարությունների զարգացումը, կնպաստեն տեխնոլոգիական ընկերություններին՝ զգալիորեն արագացնելու նոր արտադրանքների մուտքը շուկա,- իր խոսքում մասնավորապես նշեց մարզի ղեկավարը:
Ի նշանավորումն տեխնոլոգիական կենտրոնի բացման, Նախագահ Սերժ Սարգսյանը շրջայցի ավարտին եղևնի տնկեց կենտրոնի բակում:
Այստեղ լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում Ա. Նալբանդյանը նշեց, որ Տեխնոլոգիական կենտրոնն իր գործունեությամբ մարզի տնտեսության զարգացման գործում շրջադարձային քայլ կարող է կատարել:
-Համոզված եմ, առաջիկա տարիներին դրական տեղաշարժ կկատարվի գրեթե բոլոր ոլորտներում, քանի որ ՏՏ ոլորտը սերտորեն առնչվում է բոլոր բնագավառներին,- ասաց նա:
Լոռու մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց նաև Վանաձորի բժշկական կենտրոնի շինհրապարակ, որտեղ կառուցվում է նոր բժշկական համալիր՝ կազմված շուրջ 3,270քմ մակերեսով ծննդատան և շուրջ 11,880քմ մակերեսով հիմնական մասնաշենքներից: Դեռևս 2013թ. Հանրապետության Նախագահը ներկա գտնվեց այս բժշկական կենտրոնի հիմնարկեքին: Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտի և կենտրոնի կառուցման ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց կատարեց բուժհաստատության մասնաշենքերում, ծանոթացավ ՀՀ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի համաձայն կենտրոնում ընթացող աշխատանքների ընթացքին: ՀՀ Նախագահին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցեց, որ մարզերում իրականացվող հերթական՝ Վանաձորի բժշկական կենտրոնի արդիականացման արդյունքում, նախատեսվում է էապես բարելավել բժշկական ծառայությունների որակը և մատչելիությունը՝ մարզի և հարակից տարածաշրջանների ամբողջ ազգաբնակչության համար անմիջապես տեղում` սեփական բնակավայրերին մոտ, արժանավայել պայմաններում հասանելի դարձնելով երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական ծառայությունները, որպեսզի նրանք այդ նպատակով ստիպված չլինեն մեկնել մայրաքաղաք: Մարզպետ Արթուր Նալբանդայնը բարձրացրեց կենտրոնի շահագործումից հետո, այն նեղ մասնագետներով ևս ապահովելու հարցը, որի կարիքը մարզն այսօր ունի: Առողջապահության ոլորտի պատասխանատուներին Նախագահը հանձնարարեց քննարկել խնդիրը և արդյունավետ լուծում գտնել ինչպես այս, այնպես էլ՝ այլ մարզերում նման խնդիր ունեցող արդիականացված բժշկական կենտրոնների համար:

Արդիականացման ծրագրի շրջանակներում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում նախատեսվում է, ընդհանուր առմամբ, իրականացնել շուրջ 6.6 մլրդ դրամի ներդրում, որից՝ ծննդատան մասնաշենքի կառուցման, ինչպես նաև բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ կահույքով կահավորման նպատակով զգալի ներդրումներ է իրականացնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Հիմնական մասնաշենքի կառուցումն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն: Այդ մասնաշենքի բժշկական սարքավորումներով և կահույքով ապահովման աշխատանքները կիրականացվեն Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում:
Վանաձորում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց նաև Ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը: Ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ֆուտբոլի եվրոպական միության կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագիր է: Հայկական ֆուտբոլի ռազմավարական զարգացման ծրագրի շրջանակներում 2010-2014թթ. շահագործման հանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ակադեմիան՝ Երևանում և Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան՝ ՀՖՖ-ն ձեռնամուխ եղավ Վանաձորի, Էջմիածնի և Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաների կառուցմանը:
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացվեց ակադեմիայի 1260քմ ընդհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքում ստեղծված ենթակառուցվածքները՝ կահավորված մարզչական սենյակները, հանդերձարանները, ցնցուղարանները, դասասենյակ-լսարանը, բժշկական սենյակը, վարչական մասը և մյուս հարմարությունները, ինչպես նաև արհեստական 1 և բնական խոտածածկով 3 խաղադաշտերը, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափորոշիչներին: Պատասխանատուների հավաստմամբ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչև 600 պատանիներ և աղջիկներ: Տեղի մասնագետների համար կկազմակերպվեն մարզչական կրթական դասընթացներ, որոնց արդյունքում վերապատրաստված և համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու ակադեմիայում: Կբացվի շուրջ 40 աշխատատեղ՝ 130-150 հազար դրամ միջին աշխատավարձով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27