Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայաստանում քարտեզագրվել է ավելի քան 200 կառույցների տվյալներ ընդգրկող շտեմարան ու տվյալների բազա
25.10.2016
Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը շուրջ 17 տարի ծառայություններ է մատուցում 3-18 տարեկան՝ կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաներին: Գուծունեության ընթացքում կենտրոնը ծառայություններ է մատուցել ավելի քան 4500 երեխայի և ապաստանել ճգնաժամի իրավիճակում գտնվող ավելի քան 2000 երեխայի:
Այդ առաքելության շրջանակներում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (OSCE) ֆինանսական աջակցությամբ կենտրոնն այժմ իրագործում է «Անչափահասների հանցավորության կանխարգելման նպատակով համալիր ռազմավարական մոտեցման և գործնական մեխանիզմների կիրառման խթանում» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է քարտեզագրել Հայաստանում գործող տեղական և ազգային մակարդակներում պետական և ոչ պետական ծառայությունները, ինչպես նաև մոբիլիզացնել տեղական կազմակերպությունների ռեսուրսները:
Ծրագրի իրազեկման նպատակով հոկտեմբերի 25-ին հանդիպում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում, որին ներկա էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պաշտոնյաներ, աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով տեսուչներ, հասարակական կազմակերպությունների, սոցիալական ծառայությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչ Ելենա Հարությունյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հանդիպմանը մասնակցելու համար, բարձր գնահատեց համագործակցությունը Լոռու մարզպետարանի, ՏԻՄ մարմինների, մարզում գործող հասարակական կազմակերպությունների հետ: Նա ներկայացրեց երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումներն անչափահասների շրջանում՝ հանցավորության կանխարգելման համատեքստում:
-Ինչպես հայտնի է, ներկայումս մեր երկրում շատ լուրջ բարեփոխումներ են ընթանում հատկապես անչափահասների արդարադատության, սոցիալական պաշտպանության ոլորտներում, իրականացվում են հատուկ հաստատությունների վերակազմակերպման, սոցիալական ծառայությունների ինտեգրման, դեպք վարողների կարողությունների զարգացման և մի շարք այլ գործընթացներ ու այս ամենի խաչմերուկում է գտնվում անչափահասների շրջանում հանցագործությունների կանխարգելման հարցը,- նշեց բանախոսը:
Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում Հայաստանում քարտեզագրվել է ավելի քան 200 կառույցների տվյալներ ընդգրկող շտեմարան ու տվյալների բազա, որը թույլ կտա համագործակցային աշխատանքի միջոցով հասնել անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելմանը: Ե. Հարությունյանը հանգամանորեն ներկայացրեց սոցիալական ծառայությունների շտեմարանը և տվյալների բազան:
-Քարտեզագրում իրականացվել է բոլոր մարզերի համար, սակայն Լոռու մարզը շահեկանորեն առանձնանում է այն առումով, որ այստեղ երեխաների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական սեկտորը շատ ակտիվ է գործում՝ զգալիորեն աջակցելով պետությանն իրագործելու բարեփոխումների գործընթացը,- նշեց նա:
Հանդիպման ընթացքում հանգամանորեն խոսվեց անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումների մասին:
Ներկայացվող խնդիրների շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում: