Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճանաչողական այցով Լոռու մարզում էր Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը
21.10.2016
Հոկտեմբերի 20-ին երկօրյա ճանաչողական այցով Լոռու մարզում էր Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլուն, տիկնոջ՝ Չժան Ինմեյի հետ:Նրանց ուղեկցում էին դեսպանատան տնտեսական և առևտրային համագործակցության հարցերով խորհրդատու Վան Խունլյանը, դեսպանատան առաջին քարտուղար Վան Շուցզյանը, դեսպանի օգնական Ցզո Սյանը:
Լոռու մարզպետարանում պատվիրակությանն ընդունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, արդյունաբերության հարցերով մասնագետ Սևակ Հովհաննիսյանը:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց մարզպետին հյուրընկալության համար: Նա նշեց, որ այցի նպատակը Լոռու մարզին, վերջինիս արտադրական հնարավորություններին առավել հանգամանորեն ծանոթանալն է՝ հետագայում համագործակցությունն առավել սերտացնելու հեռանկարով:
Մարզպետն իր հերթին շնորհակալություն հայտնեց դեսպանին և պատվիրակության աշխատակիցներին մարզ այցելելու և մարզի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Նա համառոտ ներկայացրեց մարզի կառուցվածքը, զարգացման հնարավորությունները, արտադրական պոտենցիալը: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ մարզում առավելապես զարգացած է հանքարդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գյուղատնտեսության վերամշակման ճյուղը՝ նշելով նաև, որ վերջին շրջանում մեծ թափ է հաղորդվում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Նա հանգամանորեն անդրադարձավ նաև մարզի պատմամշակութային արժեքներին, բնակլիմայական պայմաններին՝ նշելով, որ վերջիններս, ինչպես նաև մարզի բնակչության հյուընկալությունը նպաստող հանգամանքներ են մարզում տուրիզմը զարգացնելու համար, և այդ ուղղությամբ արդեն զգալի քայլեր են կատարվել: Ա. Նալբանդյանը տեղեկատվություն ներկայացրեց նաև Լոռու մարզի տնտեսության առկա իրավիճակի ու զարգացման ծրագրային հեռանկարների վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով այն ոլորտներին, ուր լավ հնարավորություններ կան ներդրումային դաշտի, փոխշահավետ տնտեսական գործակցության համար:
Նա իր խոսքում անդրադարձավ 2011թ.-ին Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանսի նահանգ մարզի պատվիրակության կատարած գործնական այցին և կնքված երկկողմ համագործակցության պայմանագրին՝ ափսոսանք հայտնելով, սակայն, որ այն շարունակական ընթացք չի ունեցել մինչև 2016թ.-ը:
-Այս տարի օգոստոսին մեր երկու մարզերի գործակցությանը նոր թափ հաղորդեց Շանսի նահանգի պատվիրակության այցը Լոռու մարզ, որի ընթացքում մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, ստեղծվեցին ոլորտային աշխատանքային խմբեր, և հույս ունենք, որ այս այցելությունը նոր թափ կհաղորդի երկու մարզերի գործակցության սերտացմանը:
Դեսպանն առավել իրատեսական համարեց տնտեսական փոխհամագործակցության հնարավորությունները լեռնարդյունաբերության, զբոսաշրջության, էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների, քիմիական արդյունաբերության ոլորտներում, տուրիզմի բնագավառում:
Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ փոխանակեցին:
Ա. Դարբինյանի և Լ. Ասլանյանի ուղեկցությամբ հյուրերը եղան Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ պատասխանատուները պատվարժան հյուրերին ներկայացրին կենտրոնի հնարավորությունները, իրականացվող ծրագրերը: Դեսպանն իր հիացմունքն արտահայտեց այստեղ ստեղծված պայմաններից:
Նույն օրը դեսպանը՝ դեսպանատան աշխատակիցների ուղեկցությամբ, մեկնել է Ալավերդի՝ հանդիպելով քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի հետ: Վերջինիս ուղեկցությամբ պատվիրակությունն այցելել է Ալավերդու պղնձաձուլական գործարան: Հաջորդ օրը այցելություն է կատարվել նաև «Թեղուտ» ընկերություն:
Այցի շրջանակներում պատվիրակությունը ծանոթացել է նաև մարզի պատմամշակութային արժեքներին: