Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց մարզի գյուղական համայնքների նորընտիր ղեկավարներին

19.10.2016

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր մարզպետարանում հյուընկալեց մարզի գյուղական համայնքների նորընտիր ղեկավարներին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալներ Արսեն Դարբինյանը, Հովհաննես Թադևոսյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը, մարզպետարանի աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Լոռու մարզի 89 համայնքում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ.  73-ում և՛ համայնքների ղեկավարների, և՛ ավագանու, 3-ում՝ միայն համայնքի ղեկավարի և 13-ում՝ միայն ավագանու: Համայնքների նոր ղեկավարներ են ընտրվել Վանաձորում (Մամիկոն Ասլանյան), Ծաղկաբերում (Հովիկ Հովհաննիսյան), Դսեղում (Գառնիկ Հովսեփյան), Ձորագյուղում (Սուրեն Հարությունյան), Ծաղկաշատում (Սամվել Թանդիլյան), Նեղոցում (Վարդան Անթանեսյան), Շնողում (Դավիթ Ղումաշյան), Այգեհատում (Արշակ Շահվերդյան), Արևածագում (Արթուր Հովհաննիսյան), Գյուլագարակում (Խաչիկ Վարդանյան), Լեջանում (Արմեն Մկրտչյան), Հոբարձիում (Գագիկ Ղարաջյան), Մեդովկայում (Աշոտ Հակոբյան), Մղարթում (Երվանդ Նավասարդյան), Վարդաբլուրում (Ռուսլան Օհանյան) և Լեռնահովիտում (Գագիկ Սուքիասյան): Մյուս համայնքների ղեկավարները վերընտրվել են: Գյուղական համայնքների նորընտիր ղեկավարները պաշտոնավարման կանցնեն նոյեմբերի 21-ից:

Մարզի ղեկավարը շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին՝ բնակչության վստահության քվեն շահելու և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ:

-Ձեզ բավականին պատասխանատու աշխատանք է սպասվում առաջիկայում, քանի որ համայնքներում խնդիրները շատ են, և միայն ճիշտ կառավարման, բարեխիղճ ու տքնաջան աշխատանքի միջոցով կարելի է հասնել արդյունքի, զարգացնել համայնքը: Ջանացավ, աշխատող, ձգտող համայնքի ղեկավարին պատրաստ է սատարելու մեզնից յուրաքանչյուրը,- ասաց Ա. Նալբանդյանը:

Նա նշեց, որ առաջիկայում համայնքների ղեկավարների առջև դրված կարևոր խնդիրները պետք է լինեն 2017թ. համայնքային բյուջեների և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի կազմումը:

-2017թ. համայնքային բյուջեն պետք է լինի ռեալ և իրատեսական: Մեծ ուշադրություն պետք է դարձնել բյուջեի եկամտային և ծախսային մասերին, որպեսզի տարվա ընթացքում խնդիրներ չծագեն: Լուրջ խնդիր է նաև սեփական եկամուտների հավաքագրումը, ինչը համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունն է և պետք է իրականացվի 100 տոկոսով,- ասաց մարզպետը:

 Ինչ վերաբերվում  է համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերին, ապա նա հորդորեց լուրջ աշխատանք իրականացնել, կազմել ոչ թե բարի ցանկությունների, այլ իրագործելի ծրագրեր՝ հիմնավորելով ֆինանսական աղբյուրները: Ա. Նալբանդյանը հավաստեց, որ համայնքների նորընտիր ղեկավարներին առաջիկայում մեթոդական աջակցություն կցուցաբերեն մարզպետարանի համապատասխան վարչությունները և բաժինները:

Մարզպետը նրանց հորդորեց նաև բնակչության հետ աշխատանքում լինել թափանցիկ և հաշվետվողական, կադրեր ընտրելիս՝ արդարամիտ ու  պատասխանատու:

-Մեզնից յուրաքանչյուրն անելու է հնարավորինը, որպեսզի ձեր աշխատանքը լինի արդյունավետ և տեսանելի՝ նպաստելով համայնքների զարգացմանը: Մեր երկիրը գնում է բարեփոխումների ճանապարհով, ուստի ամեն մեկս մեր տեղում պետք է մեծ պատասխանատվությամբ լծվի գործի՝ հանուն մեր համայնքների, մարզի ու երկրի  բարգավաճման,-ասաց Ա. Նալբանդյանը:

Համայնքների նորընտիր ղեկավարներին շնորհավորեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին նաև ներկաները՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22