Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Վանաձորի նորընտիր համայնքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը

18.10.2016

Հոկտեմբերի 17-ին Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում կայացավ նորընտիր համայնքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի առաջին և երկրորդ քաղաքապետեր Անդրանիկ Հարությունյանն ու Սամվել Դարբինյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, համայնքի ավագանու` Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակներով ընտրված ավագանու անդամները, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշատակիցներ, մտավորականներ:

Հնչեց ՀՀ պետական օրհներգը, որը ներկաները լսեցին հոտնկայս: Ապա, Մ. Ասլանյանն ընթերցեց երդման տեքստը: Նա երդվեց անմնացորդ ծառայել հայրենի քաղաքին, լուծել մարզկենտրոնի առջև ծառացած խնդիրները: Մարզպետ Ա. Նալբանդյանը հանդիսավորությամբ նրա պարանոցին անցկացրեց խորհրդանշական լանջաշղթան, իսկ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին` ջերմ բարեմաղթանքներ ուղղելով Մ. Ասլանյանին և համայնքի ավագանու նորընտիր անդամներին:  Օրհնանքի և բարեմաղթանքի խոսք ասաց Սեպուհ սրբազանը: Մարզպետ Ա. Նալբանդյանը նույնպես շնորհավորեց Մ. Ասլանյանին և ավագանու բոլոր անդամներին:

-Վանաձոր  համայնքի ղեկավար լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն համայնքի բնակչության, այլև Հայաստանի ողջ հանրության և պետության առջև, քանի որ Վանաձորը, լինելով  3-րդ քաղաքը, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների և հիմնախնդիրների լուծման գործում ամենևին էլ երրորդական դիրք չի գրավում:

Հուսով եմ, որ նախընտրական պայքարում ձեր թիմի խոստում-նշանաբանը` Վանաձորի նոր էջը, լրացվելու է մեսրոպատառ մնայուն երկաթագրով և` միմիայն  մեծատառերով:

Ժողովրդի վստահության քվեն ունենալու պատիվը դեռևս պատվո պատվանդան չէ:  Դա միայն այն ժամանակ կարող է մնայուն և արժանավոր համարվել, երբ այդ քվեն ձեր ազգօգուտ, ջանասեր, նպատակային գործունեությամբ վերածվի տեսանելի արդյունքների, վերածվի աշխատանքային նվաճումների` ի նպաստ Վանաձորի և վանաձորցու: Հանուն հարազատ քաղաքի զարգացման ու բարօրության բոլոր տեսակի անձնական և թիմային անհաշտությունները, շահարկումները պետք է մի կողմ մղվեն՝ իրենց տեղը զիջելով կառուցողական, համախմբված աշխատանքին: Վանաձորը մեկինը, կամ 33-ինը չէ, բոլորինս է: Համայնքի ղեկավարն ու ավագանու անդամներն, առանց խտրականություն դնելու, բոլոր վանաձորցիների համար պետք է աշխատեն, անկախ այն բանից, թե ընտրողներից ով, որ քաղաքական ուժին է ձայն տվել: Սա է մեր համաքաղաքացիների սպասելիքն ու պահանջը և հենց դա պետք է լինի ձեր գերագույն նպատակը,-ասաց մարզի ղեկավարը:

 Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դ. Լոքյանը, ողջունելով նորընտիր քաղաքապետին և ավագանու բոլոր անդամներին, ասաց, որ իր հայրենի քաղաքում լավ ավանդույթի սկիզբ է դրվում երդման հանդիսավոր արարողությամբ:

-Վանաձորի բնակիչները պետք է ուրախ լինեն, որ ավագանու անդամները քաղաքական տարբեր ուժեր են ներկայացնում, քանզի քաղաքի բոլոր թերությունները կշտկվեն, հիմնահարցերը կլուծվեն նաև ընդդիմության հետևողականության շնորհիվ: Ուստի կարծում եմ, որ բոլոր տարաձայնությունները ժամանակավոր են, քաղաքական բոլոր ուժերը չեն փորձի կորցնել ժողովրդի վստահությունը և ակտիվորեն կաշխատեն: Մամիկոն Ասլանյանն ինտելեկտուալ բարձր մակարդակ ունի, գերազանցությամբ է ավարտել Երևանի պետական համալսարանը, իր աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորվել է դրական կողմերով: Քաղաքի բնակչությունը կարճ ժամանակում պետք է դրական տեղաշարժեր տեսնի, հավատա տեղական իշխանություններին: Վանաձորը  եղել է զբոսաշրջության և առողջարանային ներկայանալի քաղաք, որի երբեմնի համբավը պետք է վերականգնվի համատեղ ուժերով: Ցավով եմ նշում, որ Վանաձորն իր զարգացման տեմպերով hետ է մնում հանրապետության տասնյակ քաղաքներից՝ ներկայանալով որպես անբարեկարգ ու աղքատ քաղաք: Առաջին հերթին սահմանված ժամկետներում պետք է կազմվի քաղաքի զարգացման հնգամյա ծրագիր, որը պետք է իրականացվի փուլ առ փուլ: Ես ուսումնասիրել եմ Վանաձորում առկա հնարավորությունները և համոզված եմ, որ արդյունավետ աշխատելու դեպքում քաղաքի եկամուտների մասով ֆինանսական մուտքերը կարելի է ավելացնել 20 տոկոսով: Լոռու մարզպետարանի հետ սերտորեն համագործակցելով՝ հնարավոր է Վանաձորը տեղափոխել զարգացման նոր փուլ: Քաղաքի զարգացման համար պետությունը ևս մեծ ներդրումներ է ունենալու, որոնց վերաբերյալ քննարկումներն արդեն կսկսվեն եկող շաբաթվանից: Համոզված եմ, որ քաղաքի բոլոր հիմնահարցերը կլուծվեն համատեղ ուժերով,- ասաց Դ. Լոքյանը: Նա դրվատանքի խոսքեր ասաց Վանաձորի առաջին քաղաքապետ Ա. Հարությունյանի մասին, ով այս տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ մեկնեց Արցախ և դրսևորվեց որպես հայրենասեր հայորդի: Դ. Լոքյանը Ա. Հարությունյանին պարգևատրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հուշամեդալով: Ա. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար, ապա շնորհավորեց նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին: Մ. Ասլանյանը երախտագիտություն հայտնեց ներկաներին` ջերմ բարեմաղթանքների, իսկ վանաձորցիներին` վստահության համար: Նա խոստացավ քաղաքապետարանում ստեղծել համերաշխության մթնոլորտ և ամեն ինչ անել քաղաքի զարգացման համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59