Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
13.10.2016

Հոկտեմբերի 13-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը Վանաձորի, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների բնակիչների համար: Երեք տասնյակից ավելի բնակիչների հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Ֆինանսական աջակցության ակնկալիք ուներ 15 քաղաքացի: Մարզպետը պատարաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել նրանց ներկայացրած դիմումները լրացուցիչ ուսումնասիրելուց հետո:
Աշխատանքի տեղավորման հարցով եկել էր 5 քաղաքացի: Մարզպետն առաջարկեց հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին, թեև խոստացավ նաև աջակցել հնարավորության սահմաններում: Սպիտակի բնակիչ Ալիսա Վարդանյանի ընտանիքում 10 անչափահաս երեխա է մեծանում, ովքեր բնակվում են տնակային պայմաններում: Տիկինը մարզպետին դիմեց բնակարանային պայմանների բարելավման խնդրանքով: Ա. Նալբանդյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանին ու առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանին հանձնարարեց ընտանիքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ իր հերթին խոստանալով ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման հարցը պահել ուշադրության կենտրոնում:
Ընդունելության էր եկել Վանաձորի երրորդ աստիճանի վթարայնության Գրիբոյեդովի թիվ 6 շենքի բնակչուհի Լարիսա Վերանյանը, ով հետաքրքրվում էր շենքի հետագա ճակատագրով: Ա. Նալբանդյանը նշեց, որ մարզկենտրոնում նմանատիպ 83 շենք կա, որոնց հետագա ճակատագիրը թեև օրախանդիր է, սակայն առայժմ նշված շենքների բնակիչների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր չեն իրականացվում:
-Այսօր առաջնային խնդիրը երկրաշարժի հետևանքով բնակարաններ կորցրած բնակիչների բնակապահովման ծրագիրն ավարտին հասցնելն է: Դեռևս նմանատիպ 318 ընտանիք ունենք գյուղական համայնքներում, որոնց հարցն այսօր առաջնային է և լուծվելու է 2017թ. ընթացքում,-պարզաբանեց մարզի ղեկավարը:
Պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու ակնկալիքով եկած մեկ քաղաքացու մարզպետը ևս խոստացավ աջակցել: