Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

12.10.2016

Հոկտեմբերի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Օրակարգային առաջին հարցը վերաբերվում էր հոկտեմբերի 2-ին մարզում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, որը ներկայացրեց մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը: Նա հայտնեց, որ նշված օրը մարզի 89 համայնքում անցկացվել են համայնքների ղեկավարների և ավագանու ընտրություններ, որոնցից 73-ում և՛ համայնքների ղեկավարների, և՛ ավագանու, 3-ում՝ միայն համայնքի ղեկավարի և 13-ում՝ միայն ավագանու: Համայնքների նոր ղեկավարներ են ընտրվել Վանաձորում (Մամիկոն Ասլանյան), Ծաղկաբերում (Հովիկ Հովհաննիսյան), Դսեղում (Գառնիկ Հովսեփյան), Ձորագյուղում (Սուրեն Հարությունյան), Ծաղկաշատում (Սամվել Թանդիլյան), Նեղոցում (Վարդան Անթանեսյան), Շնողում (Դավիթ Ղումաշյան), Այգեհատում (Արշակ Շահվերդյան), Արևածագում (Արթուր Հովհաննիսյան), Գյուլագարակում (Խաչիկ Վարդանյան), Լեջանում (Արմեն Մկրտչյան), Հոբարձիում (Գագիկ Ղարաջյան), Մեդովկայում (Աշոտ Հակոբյան), Մղարթում (Երվանդ Նավասարդյան), Վարդաբլուրում (Ռուսլան Օհանյան) և Լեռնահովիտում (Գագիկ Սուքիասյան): Մյուս համայնքների ղեկավարները վերընտրվել են: Բացառությամբ Մղարթի (լիազորությունները կստանձնի հոկտեմբերի 17-ին), մյուս համայնքների նորընտիր ղեկավարներն  իրենց լիզորությունները կստանձնեն նոյեմբերի 21-ին: Մարզպետը շնորհավորեց ընտրված համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին՝ հույս հայտնելով, որ նրանք իրենց առջև դրված խնդիրները պատվով կկատարեն: Մարզպետը մարզպետարանի իրավաբանական բաժնին հանձնարարեց նախապես ուսումնասիրելով ավագանու նիստերի օրակարգային հարցերը՝ լուրջ ուշադրություն դարձնել հատկապես այն համայնքների ավագանու որոշումներին, որտեղ համայնքների նոր ղեկավարներ կան:

-Ուշադիր պետք է լինել հատկապես բյուջեի ծախսային մասին վերաբերվող հարցերին, քանի որ ցանկացած ոչ նպատակային ծախս կարող է ճակատագրական լինել տվյալ համայնքի համար և լուրջ գլխացավանք դառնալ համայնքների նորընտիր ղեկավարների համար ,-ասաց մարզպետը:

Ժ. Ղազարյանն անդրադարձավ նաև համայնքների կառավարման տեղեկատվական համակարգերի գործարկմանը: Նա հայտնեց, որ մի քանի համայնքներում կապի անխափան գործարկման հետ կապված, մասնագետ- կադրերի վերապատրաստման խնդիրներ կան:

-Այս խնդիրները նախատեսում ենք լուծել մեր մասնագետների աջակցությամբ՝ կապերի բարելավման և կադրերի վերապատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքների միջոցով,-ասաց բաժնի պետը:

Մարզպետը հանձնարարեց մինչև տարեվերջ ամբողջությամբ վերացնել խնդիրները և արձանագրել լուրջ արդյունքներ:

Մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանն անդրադարձավ հոկտեմբերի 13-ին Երևանում անցկացվելիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովի մեկնարկին՝ նշելով, որ Լոռու մարզը ևս բավականին ներկայացուցչական կազմով ներգրավված է, և տարբեր խմբերով կմասնակցի 4 ոլորտային քննարկումների:  

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց «Դիակոնիա» հիմնադրամի կողմից մարզում իրականացվող ծրագրերը: Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ ավարտվել է ընթացիկ ծրագրերի իրականացումը և առաջիկայում հիմնադրամի պատասխանատուները կայցելեն մարզպետարան՝ նոր ծրագրերի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի պետ Նունիկ Ասրյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման գործընթացը: Նա տեղեկացրեց, որ ընտրական գործընթացներով պայմանավորված՝ հարկերի հավաքագրման առումով ետընթաց է արձանագրվել հատկապես այն համայնքներում, որտեղ համայնքների նոր ղեկավարներ կան: Մարզպետը մտահգություն հայտնեց հատկապես 2017թ. բյուջեների կազմման գործընթացի պատշաճ իրականացման առումով: Նա հանձնարարեց հետևողականություն ցուցաբերել,  որպեսզի գործընթացը չխափանվի:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց մարզի համայնքների գյուղատնտեսներին պետական աջակցությամբ  մատչելի գներով տրված սերմացուի և  պարարտանյութի գումարների հավաքագրման, աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման գործընթացը: Մարզպետը հանձնարարեց գումարների հավաքագրումը իրականացնել սահմանված ժամկետներում:

Բերքահավաքի ընթացքին անդրադառնալով՝ վարչության պետը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ են, սակայն նախնական տվյալներով հատկապես ցորենի և կարտոֆիլի իրացման առումով խնդիրներ կառաջանան, քանի որ բերքն առատ է: Ըստ նրա, դժգոհություն է առաջացնում նաև վաճառքի գինը, որը նախորդ տարիների համեմատությամբ ցածր է:

-Շուկան ինքն է թելադրում վաճառքի գինը: Այսօր  մեր առաջնային խնդիրը  իրացման կազմակերպումն է և այս ուղղությամբ անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել,-ասաց մարզպետը:

Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանն անդրադարձավ «Լոռիջրմուղկոյուղի» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին համայնքային գույքի հանձնման, նվիրատվությունների պայմանագրերի կնքման աշխատանքների ընթացքին: Նա տեղեկացրեց, որ բացառությամբ խնդրահարույց մի քանի համայնքների, մյուսներում գործընթացն իրականացվել է պատշաճ կարգով և այժմ ավարտական փուլում է: Ա. Օհանյանը ներկայացրեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների շենք-շինությունները ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելու հարցը: Բաժնի պետը տեղեկացրեց, որ գործընթացի օպերատիվ իրականացմանը խոչընդոտում են նշված ՊՈԱԿ-ներին  պատկանող շենք-շինությունների տարածքում ինքնակամ կառույցների առկայությունը, շինությունների մի մասի համայնքային սեփականություն լինելը և այլն: Ներկայում իրականացվում են չափագրման աշխատանքներ, որոնք նաև ֆինանսական ծախսեր են պահանջում: Մարզպետը հանձնարարեց գործընթացն ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

2017-2025թ.թ. տարածաշրջանային զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացներում մարզպետարանների աշխատակազմերի պարտականությունները ներկայացրեց մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Մարզպետը նշեց, որ նշված փաստաթուղթը կազմելու ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է իրականացնել, այն պետք է լինի հիմնավորված փաստաթուղթ: Ա. Նալբանդյանն առաջարկեց ծրագրի կազմման գործընթացում ներգրավված աշխատանքային խմբերում ներառել նաև համապատասխան մասնագետների տարբեր ոլորտներից, այդ թվում նաև՝ հասարակական կազմակերպություններից: Փաստաթղթի հանձնման վերջնաժամկետը 2017թ. մարտ ամիսն է: Ինչ վերաբերվում է համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին, ապա մարզպետը հանձնարարեց մարզպետարանի համապատասխան վարչություններին՝ լրջորեն աշխատել համայնքների հետ, ցուցաբերել մեթոդական աջակցություն:

 -Այս փաստաթուղթը պետք է լինի իրատեսական, այլ ոչ թե բարի կամքի դրսևորում,-ասաց Ա. Նալբանդյանը:

Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, արվեցին առաջարկություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59