Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բերքի տոն-2016»

11.10.2016

 

Հոկտեմբերի 8-ին Լոռիում հերթական անգամ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց ավանդական դարձած «Բերքի տոնը»: Գյուլագարակի «Հեքիաթների հովիտը» նորից համախմբել էր բազմահարյուր լոռեցիներին, հանրապետության տարբեր վայրերից եկած հյուրերին: Մարզի տասնյակ համայնքներ, ձեռնարկատերեր ու անհատ ձեռներեցներ պատրաստել էին ճոխ ու ինքնատիպ ձևավորված տաղավարներ, ուր ներկայացված էին տարվա ընթացքում արտադրված բազմազան բերքն ու բարիքը, լոռվա ավանդական խոհանոցն ու Լոռու կենցաղին բնորոշ կիրառական իրերը: Առաջին իսկ հայացքից նկատելի էր, որ 2016 թվականը բարեհաճ է եղել լոռեցի հողագործի, այգեգործի, մեղվապահի ու անասնապահի համար: Շատ մշակաբույսերի գծով արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարիների արդյունքները: Օրն արևոտ էր ու տրամադրող, ներկաների տրամադրությունն էլ՝ տոնական:
Տոնակատարության մասնակիցներին թատերականացված ելույթով դիմավորեցին Հովհ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները: Աշխույժ երգ-երաժշտության մթնոլորտում բեմահարթակ բարձրացան մարզի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների ներկայացուցիչները, պատվարժան հյուրերը:
Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնության ու բարեմաղթանքի խոսքից ու տերունական աղոթքից հետո տոնախմբության մասնակիցներին և հյուրերին ողջունելով, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը բարձր գնահատեց մարզի երկրագործների ու անասնապահության ոլորտի աշխատավորների արդյունավետ աշխատանքը, որոնք վերջին հինգ տարիներին առաջընթացի կայուն տեմպեր են ապահովել:
-Մի՞թե դրվատելի չէ, որ վարելահողերի օգտագործման ցուցանիշը 2011 թվականի 47 տոկոսի համեմատությամբ 2016-ին հասել է 72 տոկոսի: Այսօր երկրի կառավարությունը գյուղատնտեսության զարգացման նոր ռազմավարություն է մշակում, որը, հավատացած եմ, ոլորտի հետագա առաջընթացի գրավականն է լինելու,-ասաց Ա. Նալբանդյանը:
Սրտառուչ ելույթ ունեցավ ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Պիխուլյան, ով արժևորելով հայ և ուկրաինացի ժողովուրդների մերօրյա համագործակցությունը, Լոռու մարզպետին նվիրեց պատմաբան Յարոսլավ Դաշկևիչի ծավալուն ժողովածուն երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին:
Ապա, ընդունված կարգի համաձայն, ընթացիկ տարվա բերքատվության բարձր արդյունքների հասած համայնքներին և անհատներին տրվեցին Լոռու մարզպետի պատվոգրեր, շնորհավորագրեր ու արժեքավոր նվերներ:
2016թ. ընթացքում գյուղատնտեսության ոլորտում բարձր բերք ապահովելու համար «Լավագույն համայնք» ճանաչվեց Սարամեջ համայնքը(համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյան): Գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության և իրացման կայուն ցուցանիշներ ապահովելու, հողային ռեսուրսները լիարժեք օգտագործելու համար «Լավագույն համայնք» ճանաչվեց Արևածագ համայնքը (համայնքի ղեկավար Սամվել Սարգսյան): Մսի և կաթի արտադրության և իրացման բարձր ցուցանիշներ ապահովելու համար մարզի «Լավագույն համայնք» ճանաչվեց Մարգահովիտ համայնքը (համայնքի ղեկավար Սամվել Անանյան): Հացահատիկային մշակաբույսերի արտադրության առավել բարձր ցուցանիշների համար լավագույն ֆերմեր ճանաչվեց Արտակ Ավագյանը (գ.Լեռնանցք): Տարածաշրջանում գյուղատնտեսական բարձրագույն մասնագիտական կրթությամբ կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար պարգևատրվեց Հայաստանի ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը (տնօրեն՝ Ալեքսանդր Հակոբյան): Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի, մշակության աշխատանքները ագրոտեխնիկական կանոններով կատարելու, գյուղատնտեսական տեխնիկան և գործիքները բարեխիղճ պահպանելու համար լավագույն մեխանիզատոր ճանաչվեց Տիգրան Նազարյանը (գ. Մեծ Այրում): Մեղվաբուծության բնագավառում մեղվաընտանիքները զարգացնելու և բերքի բարձր ցուցանիշներ ապահովելու համար լավագույն մեղվաբույծ ճանաչվեց Սամվել Մխիթարյանը (ք. Վանաձոր): Գյուղատնտեսության ոլորտում Լոռու մարզպետարանի հետ սերտ համագործակցության համար պարգևատրվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության Լոռու մարզային կենտրոնը(կենտրոնի պետ Կամո Սողոյան): Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և անասնաբուժասանիտարական միջոցառումների լիարժեք իրականացման համար լավագույն անասնաբույժ ճանաչվեց Վիթխար Խաչատրյանը (գ.Արևաշող):
Տոնակատարության ընթացքում տեղի ունեցան նաև մարզական միջոցառումներ, որոնց հաղթողները արժանացան մրցանակների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17