Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսություն` նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 147-ամյակին

11.10.2016

Հոկտեմբերի 9-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Օրվա առաջին կեսին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ նախարարն այցելեց Լոռու մարզային գրադարան, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Թանգարանի նորանշանակ տնօրեն Կարինե Հակոբյանը հյուրերին ուղեկցեց ընթերցասրահներ, գրապահոցներ, համակարգչային ընթերցարան: Նա տեղեկացրեց, որ գրադարանի շարունակաբար աճող գրքային ֆոնդը ներկայումս հասնում է 400 հազարի, էլեկտրոնային ընթերցասրահը շուտով կհամալրվի նորագույն համակարգիչներով: Նախարարը բավականին տպավորված էր գրադարանի հնարավորություններով, գրքային ֆոնդի պահպանման պայմաններով: Շրջայցի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում Ա.Ամիրյանը դրվատեց հիմնարկի անձնակազմի աշխատանքը, նաև արտահայտելով իր նկատառումները ընթերցողների սպասարկումն էլ ավելի բարելավելու, գործընթացում տեխնիկական ժամանակակից միջոցներով էլ ավելի արմատավորման վերաբերյալ:
-Հրաշալի կոլեկտիվ է, բանիմաց ղեկավարություն, լիահույս եմ, որ համատեղ աշխատանքով, հաճախակի գործնական շփումներով առաջիկայում այս հաստատությունը կդառնա Լոռու մարզի առաջադեմ մշակութային կենտրոններից մեկը:
Ապա նախարարն ու մարզպետը ուղևորվեցին Դսեղ, ուր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում կազմակերպվեց հանդիսություն` նվիրված ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 147-ամյակին: Այստեղ էին նաև Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, այլ պաշտոնյաներ, գրողներ, մտավորականներ: Մինչ միջոցառման սկսելը ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեծ բանաստեղծի հուշարձանին: Ապա, գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը մատուցեց սուրբ պատարագ: Դսեղ ժամանած պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին նաև Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի առջև տեղադրված հուշարձանին, որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը: Միջոցառումը վարում էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը: Հանդիսությունը բացվեց Հովհ. Թումանյանին կերպավորող` Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանի բեմականացված խոսքով: Նա ողջունեց և բարեմաղթանքներ հղեց ներկա պաշտոնյաներին և միջոցառման բոլոր մասնակիցներին: Օրհնանքի և բարեմաղթանքի խոսք ասաց Սեպուհ սրբազանը` հորդորելով կյանքում առաջնորդվել թումանյանական իմաստնությամբ և պատգամներով, լինել միասնական ու հանդուրժող միմյանց նկատմաբ: Միջոցառման կազմակերպիչ Սեգո Երիցյանն իր խոսքում անդրադարձավ երեք տարի հետո նշվելիք Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին` ընդգծելով, որ ամեն ինչ պետք է արվի ամենայն հայոց բանաստեղծին առավելագույնս մեծարելու համար: «Լոռվա ձոր» հայրենակցական և Հայաստանի գրողների միությունները սահմանել են Հովհաննես Թումանյանի անվան մրցանակ, որը պետք է շնորհվի մեծ պոետի ավանդույթները զարգացնող վաստակաշատ գրողներին և թումանյանագիտության ասպարեզում ծանրակշիռ ավանդ ունեցող գիտնականներին: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա այս տարի: Հայաստանի հյուսիսային համալսարանի ռեկտոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության պատվավոր նախագահ Բորիս Մակիչյանը ներկայացրեց անցած տարիներին իրենց կազմակերպության կողմից հրատարակված Հովհ. Թումանյանի գրքերն ու նրան նվիրված գիտաժողովների ելույթների ժողովածուները՝ դրանցից նվիրելով նաև բանաստեղծի տուն-թանգարանին: Հովհ. Թումանյանի թոռնուհի Իռմա Սաֆրազբեկյանը երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, ապա բանաստեղծի անձնական իրերից` նրա խալաթը, Մոսկվայում բնակվող ծոռան` Հովհաննես Հարությունյանի կողմից` Մ. Սարյանի հեղինակած Թումանյանի դիմանկարը, գրիչը, շաքարկոտրիչը և աղամանը նվիրեց տուն-թանգարանին՝ տնօրեն Ռոզա Ղազինյանին հորդորելով, որ դրանք ևս տեղ գտնեն թանգարանի ցուցանմուշների շարքում: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր խոսքում կարևորեց թումանյանական հանդիսությունը՝ նշելով, որ այն պետք է ավելի զանգվածային դարձնել: Իր և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի անունից ողջույնի խոսք ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը՝ նշելով, որ Հովհ. Թումանյանն այսօր էլ մնում է ամենասիրված ու ընթերցվող բանաստեղծը: ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը ողջույնի խոսքից հետո Թումանյանի տուն-թանգարանին նվիրեց իր հեղինակած «Ժպտերես, զվարճախոս և զարմանահրաշ Թումանյանը» և օրերս լույս տեսած «Թումանյանական աշխարհ. մշակութային դիտարան» ստվարածավալ գրքերը: Խոսք ասաց նաև Դսեղի համայնքապետ Նորիկ Քոչարյանը: Խոսք ասացին և Թումանյանին նվիրված իրենց գործերը կարդացին լոռեցի բանաստղծներ Սուրեն Մուրադյանը և Լիպարիտ Սարգսյանը: Միջոցառման համերգային մասում երգերով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստներ Ստեփան Դալլաքյանը, Ռուբեն Սահակյանը, օպերային երգչուհի Արմենուհի Սեյրանյանը, Մհեր Մելիքյանը: Իրենց երգն ու պարը, ասմունքը մատուցեցին Դսեղի միջնակարգ դպրոցի, Երևանի թիվ 135 դպրոցի աշակերտները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:52:46