Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դոնորները ծանոթացան Սպիտակում ստեղծված ջերմոցային տնտեսության պայմաններին
26.09.2016
Սպիտակի քաղաքապետարանի և «Սպիտակի ֆերմեր» հկ-ի կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում Սպիտակ քաղաքում հիմնվել է ջերմոցային տնտեսություն: Ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել «Սեյվ դը չիլդրն» կազմակերպության կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացմանն աջակցել են Լոռու մարզպետարանը և մի շարք այլ կառույցներ:
Ծրագրի դոնոր հանդիսացող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը, «Սեյվ դը չիլդրն»-ի տնօրեն Արսեն Ստեփանյանը, ժամանել էին Սպիտակ՝ մասնակցելու ջերմոցի բացման արարողությանը և ծանոթանալու ստեղծված պայմաններին: Միջոցառմանը մասնակցելու էին եկել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Սպիտակի քաղաքապետարանում հյուրերին ընդունեց քաղաքապետ Գագիկ Սահակյանը: Այստեղ ծրագրի մասին պատմող փոքրիկ շնորհանդես էր կազմակերպվել: Քաղաքապետի տեղակալ Անահիտ Գյուլզադյանը ներկայացրեց ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, ջերմոցային տնտեսության ստեղծման ընթացքը, արձանագրված արդյունքները: Նա նշեց, որ ջերմոցում զբաղված է 9 աշխատակից, որոնցից 7-ը հաշմանդամություն ունեցող անձինք են: Ստացված բերքն առայժմ բաշխում են մանկախնամ հաստատություններին, ապագայում նախատեսում են վաճառել, իսկ ստացված շահույթով ընդլայնել տնտեսությունը:
Այնուհետև հյուրերը եղան ջերմոցի տարածքում շրջեցին՝ հիանալով ստեղծված պայմաններով: Հ. Թադևոսյանը և Ն. Սարգսյանն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին դոնոր կազմակերպություններին նմանատիպ կարևոր ծրագրի կյանքի կոչմանն աջակցեու համար և հույս հայտնեցին, որ համագործակցությունը կշարունակվի: