Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Անկախություն-25. տոնական հանդիսություններ Վանաձորում

22.09.2016

ՀՀ Անկախության 25-ամյա տարեդարձի առթիվ միջոցառումները Լոռու մարզում մեկնարկել էին դեռևս տարեսկզբին:
Սեպտեմբերի 21-ին Լոռու մարզում, ու մասնավորապես մարզկենտրոն Վանաձորում, կազմակերպված գլխավոր միջոցառումները, շնորհիվ մարզային ու քաղաքային իշխանությունների, անցկացվեցին առանձնակի հանդիսավորությամբ: Առավոտյան Վանաձորի Հայքի հրապարակից ավտոբուսները շարժվեցին Արցախյան հերոսամարտի հուշահամալիր, ուր ներկաները՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների, երկրապահ-կամավորականների, ուժային կառույցների, հոգևոր դասի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, մտավորականներ ու բազմաթիվ վանաձորցիներ ծաղիկներ խոնարհեցին ու ծաղկեպսակներ դրեցին հայոց անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների շիրիմներին: Այստեղ տերունական աղոթք հնչեցրեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ հերոսների հոգիներին մաղթելով խաղաղություն:
Ապա այցելություն կատարվեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, ուր հարյուրավոր հավատացյալներ ներկա գտնվեցին Սեպուհ սրբազանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ հնչեցված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված Հանրապետական մաղթանքին:
Երեկոյան մարզկենտրոնի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ տոնին նվիրված հանդիսավոր նիստ, որին ներկա էին Աժ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, զինվորականներ, մտավորականներ, բազմաթիվ հյուրեր: Միջոցառումը վարում էին Ջիվան Սարգսյանը և Դինարա Մխոյանը:
Միջոցառումն սկսվեց ՀՀ օրհներգով, ապա ներկաները Գուգարաց թեմի առաջնորդի առաջարկությամբ հոտնկայս հարգեցին հանուն հայրենիքի ընկած հայորդիների հիշատակը, ովքեր հայրենի հողը պաշտպանել են սեփական այրան գնով: Սեպուհ սրբազանն իր օրհնության խոսքը հղեց ներկաներին:
-Յուրաքանչյուր հայ, ով իրեն համարում է այս հող ու ջրի, հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասնիկը, խոր զգացմունքներ ու բարձր գիտակցություն ունի հայ ժողովրդի պատմության ու անկախ հանրապետության գաղափարի նկատմամբ: Այս ձեռքբերումը պատահականության արդյունք չէ, այլ տառապանք է, տքնանք, արյուն է, եղեռն է ու վերջապես հաղթանակ: Մեր ժողովուրդը երբեք չի հուսահատվել, այլ տոկացել է, և եկել է պահը վերականգնելու պետականությունը: Ձեռք ձեռքի տալու, համախմբվելու շնորհիվ է, որ ծնվեց անկախ Հայաստանը: Փառք ու պատիվ Հայաստանի անկախ պետականությանը,- ասաց նա:
Հանդիսավոր զեկույցով հանդես եկավ Լոռու մարզպետը.
- Անկախության օրը ամենապանծալի և նվիրական տոնն է համայն հայության համար: Ու թեև այն հռչակվեց քառորդ դար առաջ, բայց այդ օրվա համար մեր նախնիները պայքարել են դար ու դարեր՝ Ավարայրից սկսած մինչև Սարդարապատ ու Շուշի: Երբ հիշում ենք, թե մաքառումների ինչպիսի պայմաններում հռչակվեց մեր հայրենիքի անկախությունը, է՛լ ավելի է վեհանում մեր ժողովրդի կամքի անսասան ուժն ու է՛լ ավելի է սրբանում անկախության խորհուրդը,-ասաց նա ու ապա ավելացրեց.
-25 տարի առաջ, երբ դեռևս ավերիչ երկրաշարժի կործանարար հետևանքների մեջ էինք, երբ հայ քաջորդիները մահ ու կենաց մարտեր էին մղում ազերի հրոսակների դեմ, երբ հերթական անգամ փակվել էր գազամուղը, ընդհատվել էր երկաթուղային կապը, տնտեսությունը կանգնել էր կազմալուծման լուրջ վտանգի առաջ, երբ հերթական անգամ պատմությունը մեզ առերեսել էր լինել, թե՝ չլինելու խնդրին, ժողովրդավարական շարժումով ոտքի կանգնած հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետականությունը՝ մեն-մենակ մնալով կործանարար փոթորիկների դեմ-հանդիման: Դա, հիրավի, ճակատագրին նետված մարտահրավեր էր, աննախադեպ պատմական խիզախում, որ անջնջելի կմնա ոչ միայն մեր, այլև մոլորակի ճնշված ու հալածված ազատասեր ժողովուրդների կողմից հանուն անկախության մղած պայքարների պատմության մեջ:
Իր խոսքը եզրափակելով՝ մարզի ղեկավարն ասաց.
-Մենք, որպես անկախ պետություն և որպես ժամանակակից առաջադեմ հասարակություն, արդեն կայացել և կայունացել ենք: Դա է վկայում է մեր 25-ամյա անկախ պետականությունը: Անկախության ընձեռած ժողովրդավարական օրենքներով ապրելով, հզորանալով և զարգացնելով մեր հայրենիքը, հաստատուն քայլերով գնում ենք դեպի ապագա, դեպի հավերժություն: Դա ենք վկայում մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Շնորհավո՛ր անկախության տոնը:
Շնորհավորանքի խոսք ասաց նաև Հովհաննես Սահակյանը.
-Անշուշտ 25 տարին պատմության համար շատ կարճ ժամակահատված է, սակայն մեր նորանկախ պետության կայացման համար այս քառորդ դարը անգնահատելի է գնահատելու համար մեր ձեռքբերումներն ու հաղթանակաները, բացթողումներն ու կորուստները և այս ամենի վրա հիմնված վերարժևորելու և վերաձևակերպելու մեր երազանքների հայրենիքի կերտմանն ուղղված ջանքերը,- իր խոսքում մասնավորապես նշեց պատգամավորը՝ բոլոր լոռեցիներին շնորհավորելով տոնի կապակցությամբ:
Շնորհավորանքի խոսք ասաց նաև «Հայաստան» պաշտպանական մարզատեխնիկական կազմակերպության Վանաձորի խորհրդի նախագահ, Երկրապահ կամավորականների միության Վանաձորի խորհրդի անդամ, ազատամարտիկ Խաչիկ Բալայանը:
Օրն առանց տոնական հաճելի անակնկալների անցնել բնականաբար չէր կարող: Մարզի մի խումբ երախտավորներ արժանացան կառավարական պարգևների:
ՀՀ Նախագահի հրամանագրով Անկախության 25-ամյակի առթիվ «Երախտագիտության» մեդալով պարգևատրվեցին Վանաձորի երեխաների խնամքի և պաշտանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության տնօրեն Հասմիկ Ներկարարյանը, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը, «Հորովել» երգի-պարի համույթի երաժշտական մասի ղեկավար Էլմիրա Կռոյանը, «Մխիթար Հերացի» մեդալով՝ Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը, «Մովսես Խորենացի» մեդալով՝ Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցի դասվար Անուշ Առաքելյանը, Ստեփանավանի թիվ 1 վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Էթեր Մովսիսյանը:Պարգևները հանձնեց մարզպետ Ա. Նալբանդյանը:
ՀՀ Նախագահի հրամանագրով մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հայկ Թորոսյանին շնորհվեց վաստակավոր արտիստի կոչում, «Սևան» մարզական հկ-ի Ջրաշենի մանկապատանեկան մարզադպրոցի սամբո ըմբշամարտի մարզիչ Մանվել Խոյեցյանին՝ վաստակավոր մարզչի կոչում՝մանկապատանեկան սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար:
ԼՂՀ Նախագահի հրամանագրով «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվեցին Լոռու մարզի երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքի անդամներ, ազատամարտիկներ՝ Արայիկ Միրզախանյանը, Արարատ Հարությունյանը, Արտակ Պետրոսյանը: Պարգևները հանձնեց Հովհաննես Սահակյանը:
ԵԿՄ մարզային կառույցի ղեկավար, գնդապետ Կամո Հովհաննիսյանը հանձնեց ՀՀ ՊՆ նախարարի հրամանագրով շնորհված պարգևները: «Անդրանիկ Օզանյան» մեդալ շնորհվեց Սեյրան Կարապետյանին և Մանվել Առաքելյանին, «Մարշալ Բաղրամյան» մեդալ՝ Սամվել Հովհաննիսյանին:
Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով: Կատարումներով հանդես եկան և ներկաներին բարձր տրամադրություն հաղորդեցին երգիչներ Վարդան Բադալյանը, Ռուզան Ավետիքյանը, Գուրգեն Դաբաղյանը, «Հորովել» համույթը:
Տոնական երեկոն մարզկենտրոնում ավարտվեց շքեղ հրավառությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59