Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիմնանորգված բուժհաստատություններ Շենավանում և Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում
20.09.2016
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ ավարտին հասցրեց հերթական բարեգործական ծրագրերը Լոռու մարզում: Այս անգամ հիմնադրամը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջնորդությամբ ստանձնել էր Սպիտակի բժշկական կենտրոնի կազմում գործող Շենավանի բուժակ-մանկաբարձական կետի հիմնանորոգման պարտավորությունը: Շուրջ 2,4 մլն դրամ ներդրմամբ այն ամբողջությամբ հիմնանորոգվել է, իսկ Սպիտակի բժշկական կենտրոնի կողմից կատարված շուրջ 1 մլն դրամ ներդրմամբ հագեցվել անհրաժեշտ բուժսարքավորումներով և պարագաներով: Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, հիմնադրամի ղեկավար կազմը՝ ի դեմս տնօրեն Պարույր Ջամբազյանի և ծրագրերի ղեկավար Մարիամ Անտոնյանի: Նրանք շրջեցին բուժկետում, ծանոթացան ստեղծված պայմաններին:
Հաջորդ կանգառը Ալավերդին էր: Այստեղ ամբողջությամբ հիմնանորոգվել է Ալավերդու բժշկական կենտրոնի Սանահին-Սարահարթ թաղամասի տեղամասը, որը տարիներ շարունակ գործում էր անմխիթար պայմաններում: Հյուրերը շրջեցին հիմնանորոգված բուժհաստատությունում՝ իրենց հիացմունքն արտահայտելով ստեղծված պայմաններից: Ալավերդու բժշկական կենտրոնի կողմից, ինչպես նշեց մարզի ղեկավարը, տեղամասը կհագեցվի շուրջ 4 մլն դրամ արժողությամբ բուժպարագաներով և բուժսարքավորումներով:
Ա. Նալբանդյանն իր երախտագիտությունը հայտնեց հիմնադրամի ներկայացուցիչներին մարզում բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու համար: Պ. Ջամբազյանն իր հերթին գոհունակություն հայտնեց մարզի ղեկավարին սերտ համագործակցության համար՝ նշելով, որ հիմնադրամի նպատակն է բարեգործական ծրագրեր իրականացնել հատկապես մարզերում՝ առկա խնդիրները փոքր-ինչ թեթևացնելու նպատակով: Նա վստահեցրեց, որ Լոռու մարզպետարանի հետ համագործակցությունը կշարունակվի՝ կյանք տալով բազմաթիվ օրախնդիր ծրագրերի: