Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

19.09.2016

Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզպետն անցկացրեց հերթական  աշխատանքային խորհրդակցությունը: Օրակարգի առաջին հարցը ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների մասին էր: Իրազեկվեց, որ ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են: Մարզպետը հանձնարարեց հետևողական լինել հատկապես մարզկենտրոնի տոնական տեսքն ապահովելու հարցում:

Միջազգային կազմակերպությունների կողմից մանկահովանի հիմնարկներում իրականացվող «Բեռնաթափում» ծրագրի ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը: Նա նախ ընթերցեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի  և Հայաստանի մանկական հիմնադրամի տնօրինության շնորհակալական գրություններն ուղղված  Լոռու մարզպետին՝ մարզում երեխաների ամառային հանգիստը լավագույնս կազմակերպելու, գյուղական համայնքներում երեխաների ժամանցի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

 Ապա Ն. Սարգսյանը ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց «Բեռնաթափում» ծրագրի ընթացքի մասին, որի նախնական փուլին ՀՀ պետական կառույցների հետ իրենց ակտիվ մասնակցությունն ունեն ֆինանսավորող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և գործընկեր կազմակերպությունները՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը և այլ հեղինակավոր կազմակերպություններ: Ներկայումս մարզի համայնքներում ընթանում է իրազեկման փուլը, իսկ երեխաներին կենսաբանական կամ  խնամատար ընտանիքներ ուղղորդելու բուն ծրագիրը համակողմանի կյանքի կկոչվի 2017 թվականին:

Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ սփոփիչ չէր Ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության բաժնի պետ Արտավազդ Բեջանյանի ներկայացրած տեղեկատվությունը: Առկա է համընդհանուր թերակատարում բոլոր հիմնական ցուցանիշների գծով, համայնքների գերակշիռ մասը նախորդ տարվա աճի տեմպերի  ետընթաց է ունեցել, իսկ 21 համայնքներում ընդհանրապես ոչ մի դրամի եկամտային մուտք չի եղել: Մարզպետը անհանդուրժելի համարելով այս երևույթը` իր տեղակալներին և շահագրգիռ ստորաբաժանումների պետերին հանձնարարեց լուրջ խոսակցություն ունենալ թերացող համայնքների ղեկավարների հետ՝ նշելով, որ սեփական եկամուտների հավաքագրման գործը պետության կողմից իրենց պատվիրակված պարտադիր լիազորությունն է ու նախընտրական քարոզարշավ ընթացքում չպետք է դառնա շահարկման առարկա:

Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոմայրուղու ճանապարհաշինական աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց Քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գևորգյանը: Նա տեղեկացրեց, որ աշխատանքները մեկնարկել են շուրջ 15 օր առաջ, մայրուղու մի որոշակի հատված փակված է Ձորագետավանի թունելներից մեկում շինարարական աշխատանքների պատճառով: Զանգվածային լրատվամիջոցներով տարանցիկ ավտոճանապարհների մասին իրազեկում է կատարվել: Մտահոգության տեղիք տվեց այն իրողությունը, որ մայրուղուն հարակից համայնքների բնակչությունը, խախտելով անվտանգության կանոնները, քայլում են երկաթգծի պաստառի, երկաթուղային կամուրջների վրայով, անգամ թափանցում են թունելներ, վտանգելով ինչպես գնացքների երթևեկությունը, այնպես էլ սեփական կյանքը: Մարզպետը հանձնարարեց համայնքապետարանների հետ համատեղ բացատրական աշխատանք տանել բնակչության շրջանում, բացառել հնարավոր դժբախտ պատահարները:  Քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների, Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետերին հանձնարարվեց լինել հետևողական Ստեփանավան-Օձուն շրջանցիկ ավտոճանապարհի վրա անօրինական կառուցապատումներն ու առևտրի անճաշակ տաղավարների տեղադրումն արգելելու հարցում:  

Անցած շաբաթ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը հերթական  բարեգործությունը կատարեց. 2.4 մլն դրամ ներդրումով Շենավան գյուղում շահագործման հանձնեց բուժմանկաբարձական կետը, իսկ ավելի քան 8 մլն դրամի ներդրումով ավարտին հասցրեց Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում Ալավերդու բժշկական կենտրոնի ամբուլատորիայի հիմնանորոգումը: Այս մասին զեկուցեց Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը:

Ամիսներ առաջ մարզի զանգվածային լրատվամիջոցները բուռն կերպով արձագանքեցին Վանաձոր քաղաքի բնակիչ երկկողմանի ծնողազուրկ Նունե Ղազախեցյանի ճակատագրին, որի նկատմամբ դատարանի վճռով հարկադիր կատարման մարմինների կողմից հայրական տանից վտարման գործառույթ էր իրականացվել: Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանը մարզպետին զեկուցեց, թե «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի շրջանակներում ինչ միջոցներ են ձեռնարկվել 15-ամյա աղջնակի ու նրա հաշմանդամ խնամակալի համար բնակարանի ձեռքբերման ուղղությամբ: Քննարկվեցին խնդրի լուծմանն ուղղված առաջարկները, մարզպետը հանձնարարեց հնարավոր բոլոր միջոցներով աջակցել երեխայի բնակապահովման գործում Գուգարաց թեմի ձեռնարկած միջոցառումներին: 

Խորհրդակցությանը լսվեցին նաև համապատասխան ստորաբաժանումների պետերի զեկույցները առաջիկա ՏԻՄ ընտրությունների, աշնանացանի, պետության կողմից նպաստավոր գներով համայնքներին տրամադրվող պարարտանյութերի ու սերմացուների գումարների հավաքագրման, մարզում ներդրումային նոր ծրագրերի, օրախնդիր այլ հարցերի մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59