Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արթուր Նալբանդյանը կատարեց փոքրիկ Միլենայի խնդրանքը

01.09.2016

Սեպտեմբերի 1-ին հասակակից 27 մանչուկների հետ առաջին անգամ  դպրոց ոտք դրած աքորեցի այդ թռվռուն աղջնակը հետո, տարիներ անց միայն կգիտակցի, թե ով էր ձեռքը բռնած իրեն դպրոց ուղեկցող այդ ժպտադեմ քեռին:

Ամիսներ առաջ, երբ Լոռու մարզպետ Արթուր Նալբաննդյանը այցելել էր Աքորի իր զորակցությունը  հայտնելու ապրիլյան քառօրյա մարտերում քաջաբար նահատակված  ժամկետային զինծառայող Գևորգ Գևորգյանի ծնողներին, խոստացել էր նոր ուսումնական տարվա առաջին զանգի արարողությանը անձամբ դպրոց ուղեկցել Գևորգի փոքրիկ քրոջը՝առաջին դասարանցի Միլենային: Եվ ահա մարզի ղեկավարը փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, համայնքի ղեկավար Հրահատ Սիմոնյանի, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ  Մինաս Սայադյանի, Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 1-ին վաղ առավոտյան Գևորգյանների հարկի տակ էր: Հյուրերը մտերմիկ զրույցի բռնվեցին ընտանիքի փոքրիկների հետ, սփոփանքի ու քաջալերանքի խոսքեր ասացին հերոսի ծնողներին և ուղղվեցին դեպի գյուղի միջնակարգ դպրոց: Դպրոցի մանկավարժներն ու աշակերտները տոնական ասմունքով, երգ ու պարով դիմավորեցին պատվելի հյուրերին: Սեպուհ սրբազանի Տերունական աղոթքով ու սրտառուչ խոսքով սկսվեց Գիտելիքի օրվան նվիրված ավանդական հանդեսը:

Մարզպետը շնորհավորանքի ու շնորհակալության խոսքերով դիմեց դպրոցականներին ու ուսուցիչներին, մաղթելով արգասավոր ուսումնական տարի:

-Հայրենիքի հզորացումը, բարեկեցությունը պայմանավորվում են ոչ միայն նյութական միջոցներով, այլև, առաջին հերթին՝ գրագետ ու հայրենասեր սերունդ ունենալով: Ուստի հարուստ գիտելիքներով զինվելը ձեր պարտքն է հայրենի պետության ու հարազատ ժողովրդի հանդեպ:: Առանձնակի ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ առաջին անգամ դպրոց մտնող մեր երեխաներին՝ մաղթելով նրանց խաղաղ, կապույտ երկինք, բարեհաջող ուսումնառություն:Բարի՛ երթ ձեզ, երջանկություն և նորանոր հաջողություններ,-ասաց Ա.Նալբանդյանը։

Դպրոցի տնօրեն Կիմիկ Պետրոսյանը պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց անցած ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին ու նրանց ուսուցիչներին, նաև մարզի ղեկավարին երախտագիտություն հայտնելով իրենց կարիքների մշտական հոգածության, դպրոցի վերանորոգմանը անմիջական աջակցություն ցուցաբերելու համար:

Առաջին զանգի ղողանջների ներքո հյուրերի, մանկավարժների ու ծնողների  ուղեկցությամբ դրոցականները ներս մտան դասասենյակներ: Այստեղ հաճելի անակնկալ էր սպասվում  առաջին դասարանցի 27 սաներին, որոնց  գրասեղաններին արդեն իսկ դրված էին Լոռու մարզպետի կողմից ընծայված  դպրոցական պայուսակները՝ տարվա համար անհրաժեշտ բոլոր գրենական պիտույքներով: Մարզպետարանի պաշտոնյաններն ու թեմակալ առաջնորդը ջերմ զրույցի բռնվեցին փոքր- ինչ շփոթահար փոքրիկների հետ, հարցեր տվեցին նրանց:

Ապա ուսուցչանոցում մարզի ղեկավարը, հոգևոր առաջնորդը, կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետը  շուրջ մեկ ժամ անմիջական, անկաշկանդ մթնոլորտում, դպրոցի մանկավարժների հետ զրուցեցին այսօրվա կրթական համակարգում առկա հոգսերից ու առաջնահերթ խնդիրներից, հաջողությունների ու ձեռքբերումների կողքին չվարանելով շեշտել նաև չարդարացված բացթողումներն ու  թերությունները:

Հաջողություն մաղթելով նոր ուսումնական տարում, մարզպետ Ա. Նալբանդյանը դպրոցի տնօրինությանը, մանկավարժներին խոստացավ հնարավոր միջոցներով աջակից լինել ինչպես կրթօջախի, այնպես էլ  համայնքի խնդիրներին:   

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24