Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շահումյանում տոն էր

01.09.2016

Ամեն բնակավայր իր ուրույն դիմագիծն ու նկարագիրը, իր «բնավորությունն» ունի: Այդպիսին է  նաեւ Վանաձորին մերձակա Շահումյան գյուղը, որին յուրահատուկ են հարաճուն առաջընթացն ու հայաշունչ զարգացումը: Մոտ 70 տոկոս ադրբեջանցիներով բնակեցված գյուղը ղարաբաղյան հակամարտության ընթացքում  424 հայ ընտանիքների համալրմամբ սկսեց իր պատմության նորօրյա ուղին: Նույն ճակատագիրը միակամություն եւ միասնականություն պարտադրեցին բնակիչներին, համագյուղացիներն աստիճանաբար ճանաչեցին, մերվեցին միմյանց, եւ համայնքապետի, ավագանու  եռանդուն ջանքերի շնորհիվ ետեւում թողեցին  հիմնական  դժվարությունները: Գյուղն ամեն տարի նորանոր հաջողություններ է գրանցում. ահա այդ մասին հպարտությամբ խոսեցին շահումյանցիները՝ նորակառույց Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ երկրորդ անգամ կազմակերպելով գյուղի օրվան նվիրված տոնակատարություն: Գյուղի բնակիչ, հանդիսավար Յուրա Ղուլյանը, համայնքապետ Էդիկ Մանուկյանը հակիրճ ներկայացրեցին արված գործերը, ապագայի ծրագրերը: Ընդամենը 5մլն դրամի համայնքային սեփականության գույք ունեցող համայնքն արդեն իր հաշվեկշռում 150 մլն-ի գույք ունի: Նորոգ է համայնքապետարանը, երկրորդ տարին  նորաստեղծ պուրակում գործում է հանգանակությամբ կառուցված փառաշուք եկեղեցին, ունեն ժամանակակից կահավորված բուժկետ, շենքերի տանիքներն ամբողջովին նորոգված են, Տանձուտ գետի ափերը սանձվեցին հզոր հենապատերով, նորոգվեց խարխուլ  կամուրջը,  հետիոտնի համար ևս կամուրջ կառուցվեց, համայնքը ձեռք բերեց երկհարկանի մի տուն և մշակույթի տուն հիմնեց, որի երգի, պարի խմբակները հաջողությամբ արդեն հանդես են գալիս տարբեր բեմահարթակներում: Աայդ  օրն էլ նրանք էին տոնական համերգի հեղինակը:

Գյուղը, սակայն, պարբերաբար կրում է տարերային աղետների հետևանքները: Այս տարվա սելավները  ևս զգալի ավերածություններ պատճառեցին համայնքին՝ վարարած գետը քանդեց ափերի պատնեշները, հեղեղեց տներ, այգիներ ու անասնագոմեր, վնասվեցին ճանապարհները… Սեփական ուժերով եւ միջոցներով թեև կարողացել են որոշակի վերացնել աղետի հետեւանքները, սակայն լիովին ապաքինվելու մեծ անելիքներ կան: Հիշեցին՝ տարիներ առաջ նման աղետից հետո  մարզի ղեկավարությունը, ՀՀ կառավարությունը  օգնության ձեռք պարզեցին եւ հսկայածավալ աշխատանքի իրագործմամբ հիմնովին վերցրացին աղետի հետևանքները: Վստահ են, որ այս անգամ էլ իրենց մենակ չեն թողնի:

Գյուղի տոնին շնորհավորանքի ջերմ խոսքեր հնչեցրին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Լոռու մարզի երկրապահ կամավորականների միության նախագահ Կամո Հովհաննիսյանը, ով նաև շնորհակալագրեր, պատվոգրեր, մեդալներ հանձնեց ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում  ոտքի կանգնած և հող հայրենիին պաշտպան կանգնելու նպատակով Արցախ մեկնած երկրապահ շահումյանցիներին: Գյուղի հաջողություններում ներդրում ունեցող համագյուղացիներին, բարերարներին  էլ շնորհակալագրերով և  պատվոգրերով պարգևատրեց համայնապետը՝ շեշտելով յուրաքանչյուրի կատարած աշխատանքը: Տոնը շարունակվեց համերգով, ավարտվեց մատաղի հյուրասիրությամբ: 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24