Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

29.08.2016

Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի օգոստոսի 29-ի աշխատանքային խորհրդակցության գլխավոր թեման նոր ուսումնական տարվան նախապատրաստությունն էր ու հատկապես կարիքավոր ընտանիքների դպրոցահասակ երեխաներին աջակցությունը: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը նախ ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց երեխաների ամառային հանգստի կազմակերպման արդյունքների, ապա նրանց ցուցաբերվող նյութական աջակցության մասին: Մարզի կարիքավոր ընտանիքների 415 երեխաներ պետբյուջեի միջոցներով հանգստացել են Հանքավանի ամառային ճամբարում, Դիակոնիա կազմակերպության հովանավորությամբ Թումանյանի ճամբարում հանգստացել է 20 երեխա: Լոռու մարզպետարանի հետ սերտ համագործակցություն հաստատած այս կազմակերպությունը նաև ծավալուն գործունեություն է իրականացնում սոցիալապես անապահով ընտանիքներին նյութական աջակցության հարցում: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Վանաձորից 50 և Ալավերդի քաղաքից 30 ընտանիքների դպրոցականներ Դիակոնիայից կստանան գրենական պարագաներ և հագուստ: Մարզկենտրոնի ևս 100,Մեծ Այրում համայնքից՝ 40 և Սպիտակից 25 կարիքավոր ընտանիքների գրենական պիտույքներ և հագուստ կտրամադրի «Երուսաղեմի օրդենը Հայաստանում» բարեգործական կազմակերպությունը:
Ուշադրության կենտրոնում են նաև ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով տուժած ընտանիքների անչափահասները, որոնք նույնպես կստանան նյութական աջակցություն:
Վանաձորի թիվ 13 և 23 դպրոցների 140 երեխաներ գրենական պարագաներ կստանան ամերիկյան բարերարների կողմից:
Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններն ամբողջությամբ և Թումանյանի տարածաշրջանի որոշակի համայնքների բոլոր առաջին դասարանցիներին պայուսակ ու գրենական պիտույքներ է հատկացվել «Տաշիր» հիմնադրամի միձոցներով:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ կարիքավոր ընտանիքներին ուրախանալու առիթ պարգևեց թիվ 29 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը, որը Վանաձոր քաղաքի և Սպիտակի տարածաշրջանի 44 դպրոցների շուրջ 1027 առաջին դասարանցիների նվիրաբերեց պայուսակ և գրենական պարագաներ:
-Կարքավոր երեխաներին նոր ուսումնական տարում հնարավորինս օգնելու պատրաստակամություն են հայտնել նաև մեր բոլոր համայնքների ղեկավարները: Պահանջում եմ լինել հետևողական, որ ոչ մի երեխա անտրամադիր չդիմավորի իր համար նվիրական այդ օրը,-հանձնարարեց Արթուր Նալբանդյանը:
Սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին զեկուցեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Օգոստոսի 26-ի դրությամբ այդ ցուցանիշը ընդամենը 59.8 տոկոս է, որն արժանացավ մարզի ղեկավարի լուրջ հանդիմանությանը: Մարզպետը տեղակալներից, ոլորտի պատասխանատուներից պահանջեց ամենայն հետևողականությամբ աշխատել թերացող համայնքների ղեկավարների ու աշխատակազմերի հետ, միջոցներ ձեռնարկել բացթողումները շտկելու համար:
Մարզպետարանի աշխատակազմի Ներքին աուդիտի բաժնի կողմից տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասին զեկուցեց բաժնի պետ Լևոն Բերոյանը: Ըստ նրա կիսամյակում աուդիտ է իրականացվել մարզային ենթակայության 41 կրթական ՊՈԱԿ-ներում, արձանագրված թերությունների վերաբերյալ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ ապագայում նմանատիպ բացթողումները չկրկնելու համար: Ի դեպ, բաժնի պետի հայտարարությամբ, վերջին մեկ-երկու տարում պատկերը կտրուկ փոխվել է և, որպես կանոն, հիմնարկությունների կոեղմից նախկինում թույլ տրված սխալներն ու վրիպումները գրեթե չեն կրկնվում:
Մարզպետ Ա. Նալբանդյանին հետաքրքրում էր նաև բերքահավաքի պատկերը: Գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը հացահատիկի բերքահավաքի արդյունքները Լոռու բնակլիմայական պայմաններում համարեց լավ: Մասնավորապես յուրաքանչյուր հեկտարից ստացվել է 350 ցենտներ ցորեն և 300 ցենտներ գարի: Աշնանացանի վերաբերյալ ասվեց, որ աշխատանքների նախապատրաստական փուլն ընթանում է ըստ նախատեսվածի, բոլոր նախադրյալները կան եղանակային բարերար պայմանների դեպքում աշնանացանը կազմակերպել բարձր մակարդակով:
Խորհրդակցությանը լսվեցին հարցեր նաև այլ թեմաներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05