Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունում

26.08.2016

Օգոստոսի 26-ին, Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Լոռու մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Մարզպետի առաջարկով խորհրդակցության մասնակիցներին ողջույնի և օրհնանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

2015-2016թ. ուսումնական տարվա աշխատանքային գործունեությունը ներկայացրեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:
-Անցած ուսումնական տարում ուշադրության կենտրոնում շարունակել են մնալ հանրակրթությունում տեղի ունեցող բարեփոխումները, որոնք ուղղված են դպրոցների ժողովրդավարացմանը, կառավարման մեխանիզմների կատարելագործմանն ու թափանցիկության ապահովմանը: Մարզում շարունակվել են դպրոցների վերանորոգման, տեխնիկական վերազինման և գույքի թարմացման միջոցառումները, ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացմանը, դպրոցների` որպես ինքնակառավարվող մարմինների ուժեղացմանն ուղղված աշխատանքները,- ասաց Մ. Սայադյանը:
Առանձնակի կարևորվել է նախադպրոցական ավագ տարիքի երեխաների` հինգից մինչև վեց տարեկանների տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստելու հիմնախնդիրը, ինչը կապահովի երեխաների համար հավասար մեկնարկային պայմաններ տարրական դպրոցում ուսումը շարունակելու համար: Անցած ուսումնական տարում Լոռու մարզում գործել է 68 նախադպրոցական ուսումնական հաստատություն: 2015 թ. սեպտեմբերի տվյալներով ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվել են 154 խմբով, որտեղ ընդգրկվել է 4538 երեխա: Մարզում 2009 թվականից գործում են նաև նախակրթարաններ, որոնք սկզբում գործել են «Մատչելիության ապահովում» վարկային ծրագրի շրջանակներում, այնուհետև` սկսած 2011 թվականից, աստիճանաբար անցել են պետական ֆինանսավորման: 2015-ին նախակրթարաններ գործել են մարզի 21 դպրոցներում, (21 խումբ, 355 երեխա), Յոթ ՆՈՒՀ (Վանաձորի թիվ 3, 4, 7, 8, Եղեգնուտի, Սպիտակի թիվ 2, Ստեփանավանի թիվ 4) գործունեությունը կազմակերպում է տնակային պայմաններում: Դեռևս ունենք մանկապարտեզներ, որոնց աշխատանքը սեզոնային բնույթ է կրում` կապված ջեռուցման կազմակերպման հետ,- ասաց վարչության պետը: 2016 թ. ևս 6 դպրոց ընդգրկվել է «Մատչելիության ապահովում» ծրագրում: Մարզային ենթակայության 150 դպրոցում աշխատում է 3126 ուսուցիչ, որոնցից 2920-ը ունի բարձրագույն մանկավարժական, կամ բարձրագույն կրթություն, մնացած 206-ը` միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն (սովորում են ՎՊՀ-ի հեռակա բաժնում): ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ ներդրվել և գործում է դպրոցից դուրս մնացած երեխաների մշտադիտարկման մեխանիզմը, որը հաջողությամբ իրականացվում է: 2015 թ. հայտնաբերվել և ուսումնական հաստատություններ են ուղղորդվել տարբեր պատճառներով դպրոց չհաճախող շուրջ 150 երեխաներ: Նախորդ ուսումնական տարվա նոյեմբեր-մայիս ամիսներին մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվել է կրթության որակը` դասալսումների և ստուգողական աշխատանքների միջոցով: Գրանցվել են շատ ցածր արդյունքներ, իսկ որոշ դպրոցներում ուղղակի անթույլատրելի անտեղյակություն առարկայից, այնպիսի արդյունքներ, որ ուղղակի զարմանալի է, թե տարիներ շարունակ ինչով է զբաղվել ուսուցիչն այդ դասարանում:
Պատշաճ մակարդակով կազմակերպվել և անցկացվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական, տարածքային և մարզային փուլերը: 2016 թ. դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին Լոռու մարզից մասնակցել է 115 աշակերտ, որոնցից 34-ը դարձել է հանրապետական փուլի տարբեր կարգի մրցանակակիր: Առաջին կարգի դիպլոմի է արժանացել 4 աշակերտ, երկրորդ կարգի՝ 4, երրորդ կարգի՝ 12, գովասանագրի՝ 14: Օլիմպիադաներում հաջողության հասած աշակերտները խրախուսվել և հանդիսավոր պայմաններում պարգեւատրվել են Լոռու մարզպետի կողմից: 2016-ին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների են արժանացել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի աշակերտներ Արման Եղիազարյանը և Լուսինե Ղազարյանը: 2016 թ. մայիսին Մոսկվայի քիմիայի Մենդելեևյան 50-րդ միջազգային օլիմպիադայում նույն դպրոցի աշակերտ Համլետ Խաչատրյանն արժանացել է բրոնզե մեդալի: 2016 թ. հուլիսին Վրաստանի, Թբիլիսիի քիմիայի 48-րդ միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալի է արժանացել նույն հաստատության սան Սպարտակ Սաղյանը: Լոռու մարզում ներառական կրթությունը 2015 - 2016 ուսումնական տարում իրականացրել են 16 դպրոցներ: Հատուկ կրթություն մարզում իրականացվում է Վանաձորի թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցում` 78 երեխա և Սպիտակի հատուկ դպրոցում` 70 երեխա: 2016-2017 ուս. տարում (հունվարից) ներառական կրթություն կիրականացվի նաև Սպիտակի թիվ 3 դպրոցում՝ 18 աշակերտ: ՀՀ ԿԳ նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև կնքված փոխըմբռման հուշագրի հիման վրա «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Խոցելի երեխաների սոցիալական ներառում. Երեխայի խնամքի համակարգի բարեփոխման շրջանակներում այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում» ծրագիրը, որի աշխատանքային պլանի համաձայն` 2016 թ. հոկտեմբերից մինչև 2017 թ. փետրվար Լոռու մարզի 162 հանրակրթական դպրոցների բոլոր մանկավարժները կվերապատրաստվեն ներառական կրթության թեմաներով: Օգոստոսի 15-19-ը ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ իրականացվել է վերապատրաստողների վերապատրաստում: Մասնակցել են 148 հանրակրթական դպրոցների տնօրեններ (ուսումնական գծով փոխտնօրեններ կամ փորձառու մանկավարժներ): 2017 թ. Լոռու մարզում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Աճող սերնդի դաստիարակության գործում կարևոր դեր է խաղում ռազմահայրենասիրական աշխատանքների կազմակերպումը հանրակրթական դպրոցում:
2016 թ. ընթացքում մարզի տարածքում գործող 163 ավագ, միջնակարգ և հիմնական դպրոցների ռազմագիտության դասասենյակները և լսարանները նորացվել են համապատասխան դիդակտիկ պարագաներով, ցուցադրական նյութերով և տեսաֆիլմերով: Ներկա դրությամբ մարզի տարածքում գտնվող դպրոցներից 132-ում առկա է 247 միավոր ուսումնական զենք: Եվս մեկում ստեղծված են բոլոր պայմանները և շուտով կներկայացվի համապատասխան արձանագրություն և հայտ՝ զենք տրամադրելու համար: Մնացած 33 -ը հիմնական դպրոցներ են, և դրանցում աշակերտների թիվը փոքր է (մինչև 20), այդ իսկ պատճառով հայտեր չեն ներկայացվել:
Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման գործում կարևոր է դպրոցների հետ ռազմաշեֆական աշխատանքների կազմակերպումը: Ներկա դրությամբ մարզի բոլոր դպրոցները կապված են շեֆ-զորամասերի հետ և արդյունավետ աշխատանք են տանում սովորողների՝ ՀՀ ազգային բանակում ծառայության նախապատրաստելու և հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը բարձր մակարդակով կատարելու ուղղությամբ: 2016 թ. մայիս ամսին հաջողությամբ կազմակերպվեցին մեկօրյա ռազմադաշտային պարապմունքները: Դրանց մասնակցեցին 11-րդ դասարաններում սովորող 492 պատանիներ: Տարածքային զինկոմիսարիատների հետ համագործակցված աշխատանք է տարվում շրջանավարտների կողմից ՀՀ, ԱՊՀ և արտասահմանյան երկրների բուհեր ընդունվելու համար: 2016 թ. գարնանը մարզի բոլոր տարածաշրջաններում և քաղաքներում կազմակերպվել են հանդիպումներ շրջանավարտների, ՀՀ ՊՆ և ռազմական բուհերի դասախոսների հետ: Արդյունքում 2015 թ. հանրապետության տարբեր ՌՈւՀ-եր է ընդունվել 10 դիմորդ (9 տղա և 1 աղջիկ): Այս տարի այդ թիվը դարձել է 13: ՀՀ հանրակրթական դպրոցների սովորողների հանրապետական առաջին ուսումնամարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլում Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի հավաքական թիմը գրավեց առաջին տեղ:
2016 թ. տարեկան ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացվել է 41 աուդիտ մարզային ենթակայության կրթական ՊՈԱԿ-ներում (ֆինանսական հաշվետվությունների, ֆինանսական բնույթի տեղեկություններում և հաշվապահական հաշվառման գրանցումներում արտահայտված տվյալների արժանահավատության գնահատում, ֆինանսական գործառույթների առանձին տեսակների օրինականության ստուգում): Քանի որ անցած տարիների աուդիտի գործունեությունը փաստել է, որ 2013 թ. համեմատ 2016 թ. պատկերը կտրուկ փոխվել է, նախկին խախտումները և թերությունները համարյա չեն արձանագրվում, որը մեզ հնարավորություն է տալիս մեկ քայլ ավելի առաջ գնալ։ ՀՀ կրթության պետական տեսչության կողմից 2016 թ. մարտի 29-ից ապրիլի 15-ը կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն ապահովելու նպատակով Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում և մարզային ենթակայության թվով 150 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել են կրթական գործունեության ուսումնասիրություններ: Հայտնաբերված խախտումների հետևանքները վերացնելու նպատակով ուսումնական հաստատությունների տնօրեններին և կառավարման խորհուրդների նախագահներին տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ: 2016 թ. մայիսի 9-13-ը ՀՀ կրթության բնագավառի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն ապահովելու նպատակով ուսումնասիրություն է իրականացվել նաև Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնում, ինչպես նաև ապրիլի 25-ից մայիսի 6-ը` համայնքային ենթակայության 20 ՆՈՒՀ-երում: Ուսումնասիրության և ստուգումների արդյունքներով Վանաձորի քաղաքապետին ներկայացվել են առաջարկություններ հայտնաբերված խախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ, իսկ ՆՈՒՀ-երի տնօրեններին տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ:
Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների կարգերը՝ Լոռու մարզպետարանում ամփոփվել է մրցույթների մարզային փուլը, որոնց արդյունքում հաղթող են ճանաչվել. «Տարվա լավագույն տնօրեն» Տաթևիկ Հովսեփյանը (Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի տնօրեն), «Տարվա լավագույն ուսուցիչ»՝ Անի Վարդանյանը (Լեռնանցքի միջնակարգ դպրոցի դասվար), «Տարվա լավագույն դաստիարակ»՝ Արմինե Եգանյանը (Վանաձորի թիվ 28 ՆՈՒՀ-ի դաստիարակչուհի): Մարզում իրականացվող գրեթե բոլոր մշակութային, սպորտային, տոնական, մեծարման միջոցառումների, սոցիալական տարբեր կարգի օգնությունների, ուսման եւ դասագրքերի վարձավճարների, երեխաների ամառային հանգստի, դպրոցականների առարկայական օլիմպիադաների 4 փուլերի, դպրոցական շենք-շինությունների մասնակի վերանորոգման, սոցիալապես անապահով երեխաներին օժանդակելու, գերազանց առաջադիմությամբ սովորողներին անվանական կրթաթոշակի նշանակելու և այլ գործառույթների կազմակերպումն ու անցկացումը հովանավորվում է ոչ պետական միջոցների հաշվին՝ մարզպետարանի աջակցությամբ ստեղծված «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների կողմից: Անցած ուսումնական տարում մարզի ուսման գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների 33 աշակերտներին և սովորողներին նշանակվել է «Լոռու դպրոց» իմնադրամի անվանական կրթաթոշակ 3000-10000 դրամի չափով: 16 շնորհալի երեխաների «Լոռու մշակույթ և սպորտ» հիմնադրամի կողմից նշանակվել է 10000-20000 դրամի չափով կրթաթոշակ: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ «Լոռու դպրոց» հիմնադրամի կողմից մարզի ավելի քան 1200 անապահով ընտանիքների դպրոցական երեխաների հատկացվել են 11 անուն գրենական պիտույքներ, գրքերի վարձավճարներ և զանազան կարգի այլ օգնություններ: Ստացվել են տարրական դասարանների 18 անուն 35 909 դասագրքեր: -Համոզված եմ, որ այն քայլերը, որ այսօր ձեռնարկվում են հանրակրթությունում, մեզ հնարավորություն են տալու ունենալ ուժեղ և մրցունակ կրթական համակարգ,- ելույթը եզրափակեց Մ. Սայադյանը:
Ընդարձակ ելույթով հանդես եկավ ԳԿ նախարար Լևոն Մկրտչյանը, որը ներկայացրեց կրթության համակարգի արդի կարևորագույն մարտահրավերները` մասնավորապես առանձնացնելով հանրակրթության և բուհական համակարգերի բարեփոխումները: Նշվեց, որ 2015-2016 ուսամնական տարվան ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ուսումնական պլաններում և հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման կարգում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես փոփոխություն է կատարվել ավագ դպրոցի ուսումնական ծրագրում. այս ուսումնական տարվանից սկսած ավագ դպրոցների աշակերտները երկրորդ կիսամյակում հնարավորություն կստանան ընտրել առնվազն 3 առարկա՝ այն առարկաները, որոնք նրան անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար: Նախարարն ասաց, որ քննարկվում է նաև ավարտական քննությունների կրճատման հարցը: Ամենայն հավանականությամբ ավագ դպրոցում 12-րդ դասարանցիները 6-ի փոխարեն կհանձնեն 3 ավարտական քննություն՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայ ժողովրդի պատմություն», առարկաներից: Սովորողները նշված առարկաներից ավարտական քննությունները կհանձնեն դեկտեմբերին, որպեսզի դրանից հետո հնարավորություն ունենան պատրաստվել բուհական քննություններին: Իսկ արդեն երկրորդ կիսամյակում սովորողը նշված երեք առարկաներից որևէ մեկը, կամ դրանք բոլորը միասին կարող է իր ընտրությամբ ուսումնասիրել, եթե դրանք նրան անհրաժեշտ են միասնական քննությունների ժամանակ:
Փոփոխություններ է կատարվել նաև տնօրենների հավաստագրման կարգում: Այն տնօրենները, ովքեր արդեն հավաստագիր են ստացել, երկրորդ անգամ հավաստագրման քննություն չեն հանձնի՝ նրանք հավաստագիր կստանան վերապատրաստումների միջոցով:
-Այսինքն նույն անձը 5 տարին մեկ քննություն չի հանձնելու: Եթե նա մեկ անգամ արդեն հանձնել է այդ քննությունը՝ բանավոր և գրավոր, հետագայում նա հավաստագիր կստանա վերապատրաստման արդյունքում: Այս փոփոխությունը կատարվել է մանկավարժների և տնօրենների առաջարկությամբ,-ասաց նախարարը խորհրդակցության մասնակիցների հավանության ծափերի ներքո:
Փոփոխություն է նախատեսվում նաև ուսուցիչների ընտրության մրցութային կարգում. Նախատեսվում է պարզեցնել ընթացակարգը: Ըստ այդմ` ուսուցչի ընտրությունը կկատարվի միայն հարցազրույցի միջոցով և եթե առաջին անգամ մրցույթը չկայանա կամ հաղթող չճանաչվի, ապա դպրոցը նոր մրցույթի կազմակերպման ժամանակ կրկին հայտարարություն տալու պարտավորություն չի ունենա, քանի որ դա բացասաբար է անդրադառնում դպրոցների բյուջեների վրա:
Հանրակրթության համակարգում նախարարն առանձնացրեց հատկապես փոքր դպրոցների պահպանման խնդիրը: Այս համատեքստում Լ. Մկրտչյանը կարևորեց փոքր դպրոցների պահպանման հայեցակարգի մշակումը:
Խորհրդակցության ավարտին նախարարը, դրական գնահատելով մարզի հանրակրթության մակարդակը, մանրամասն պարզաբանումներ տվեց նիստին մասնակից տնօրենների ու մանկավարժների տարաբնույթ հարցերին:
Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները, Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը մարզի ուսուցչական կոլեկտիվներին, բոլոր մանկավարժներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթեց ամենայն հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53