Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

25.08.2016

Օգոստոսի 25-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նիստին մասնակցում էր նաև ՀՀ տարածքային և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը: Հայաստանի Հանրապետության օրենսդրական և գերատեսչական իրավական ակտների մասին մարզի տեղական ինքնակառավարման մարմիններին իրազեկեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը: -2016 թվականի մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է ՀՀ նոր ընտրական օրենսգիրքը, որը ուժի մեջ է մտել հունիսի 1-ից: Օգոստոսի 3-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պաշտոնական պարզաբանումներ՝ ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք դրույթների վերաբերյալ,- ասաց նա: Նպատակ ունենալով բացառել ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի տարաբնույթ ընկալումը՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանաձնաժողովը պարզաբանել է, որ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը նշանակվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունները, ներառյալ քվեարկությունը, կազմակերպվում և անցկացվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան, բացառությամբ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը սահմանող դրույթների, որոնք կարգավորում են 2016 թվականի մայիսի 25-ի օրենսգրքով սահմանված կանոնակարգումներին համապատասխան: ԿԸՀ պաշտոնական պարզաբանմամբ՝ մինչև 500 ընտրող ունեցող համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուները, ՀՀ ընտրական նոր օրենսգրքի կանոնակարգումների համաձայն, ընտրական գրավ չեն վճարելու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պարզաբանելով ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ մասը, հստակեցրել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ընտրական հանձնաժողովների նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք (վստահված անձիք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, այցելուները, թեկնածուն) կարող են ներկայանալ նաև նիստը սկսելուց՝ ժամը 20-ից հետո և ներկա գտնվել քվեարկության արդյունքների ամփոփման նիստին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան: ՀՀ Ազգային ժողովի կողմից մայիսի 25-ին ընդունվել է նաև ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրենքը, որով սահմանվել է Գյումրի և Վանաձոր համայնքների նոր ՏԻՄ-երի ձևավորման, գործունեության, լիազորությունների ստանձման առանձնահատկությունները: Բացի այդ օրենքով նախատեսված է, որ համայնքի ղեկավարը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան՝ ապահովում է տեղամասային կենտրոնի քվեարկության սենյակի կահավորումը:
ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի արձանագրային որոշմամբ՝ հավանություն է տվել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագծին և սահմանված կարգով այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողովին: Ն. Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ կառավարության 2016 թ հուլիսի 29-ի որոշումը՝ ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 5-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «2016 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» N 5-Ն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի 2-րդ ենթակետերում 17000 թիվը փոխարինել 18000 թվով: Սույն որշումն ուժի մեջ է մտել 2016 թվականի օգոստոսի 1-ից: Փաստորեն՝ ընտանեկան նպաստի բազային մասի, սոցիալական նպաստի հրատապ օգնության չափը 17000 դրամից դարձել է 18000 դրամ (1000 դրամը դիտվում է որպես էլեկտրաէներգիայի փոխհատուցում): Ն. Սարգսյանը ներկայացրեց նաև ՀՀ կառավարության որոշումը խնամակալության ու հոգաբարձության մարմինների և հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը սահմանելու մասին: Ըստ որոշման՝ փոփոխվում են նախկին հանձնաժողովների կազմերը, ինչպես նաև տարանջատվում են խնամակալության մարմնի (համայնքապետ) և հանձնաժողովի գործառույթները: Նախատեսվում է նաև սահմանել պատասխանատվություն՝ լիազորությունները ոչ պատշաճ կատարելու համար:
ՀՀ Լոռու մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը 2016 թ օգոստոսի 1-ի դրությամբ ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Հրայր Պապոյանը:
-2016 թվականի 7 ամսվա ընթացքում համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եկամուտների հավաքագրումն ապահովվել է 100.9 տոկոսով: Մարզի համայնքների բյուջեներով 2016 թ. 7 ամսվա կտրվածքով նախատեսված եկամուտների հավաքագրումը ապահովվել է 91.8 տոկոսով,- ասաց նա: Վերջին ամիսների վերլուծությունը ցույց է տալիս, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներում անկման միտում է նկատվում: Մարզի 28 համայնքներում կատարողականը կազմել է 100 տոկոսից բարձր, 80-100 տոկոս հավաքագրում ապահովել է 43 համայնք, 60-80 տոկոս ապահովել է՝ 27 համայնք, 40-60 տոկոս՝ 9 համայնք: Օգոստոսի 1-ի դրությամբ չեն եղել այնպիսի համայնքներ,որոնցում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը ցածր լինի 40 տոկոսից: Նշված ժամանակահատվածում գույքահարկի հավաքագրումը կազմել է ընդամենը 96.9 տոկոս:Նախորդ տարվա նկատմամբ նվազում ունեն 45 համայնքներ:
Նույն ժամանակահատվածում հողի հարկի կատարողականը 80.3 տոկոս է: Նախորդ տարվա նկատմամբ նվազում ունեն 75 համայնքներ, կամ համայնքների 70.1 տոկոսը: Տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 105.9 տոկոս:
Նախորդ ամիսների վերլուծությունը վկայում լ է, որ հավաքագրումն ունի նվազման միտում, և այն համայնքները, որտեղ տեղական տուրքի հավաքագրումը նվազել է, պետք է վերանայեն համայնքում տարվող քաղաքականությունն ու իրենց կողմից կազմակերպվող աշխատանքների որակը: Նախորդ տարվա նկատմամբ հավաքագրման նվազում ունեն 62 համայնքներ:
Պետական տուրքի գանձումը կազմել է 87.8 տոկոս, նախորդ տարվա համեմատ փաստացի հավաքագրումը նվազել է 1.2 մլն դրամով: Անցած 7 ամիսների ընթացքում թերակատարվել են համայնքների հողի և գույքի վարձակալության վճարները:
Նախորդ տարվա 7 ամիսների համեմատությամբ ըստ տարածաշրջանների գույքի վարձակալության հավաքագրման գումարները նվազել են՝ Թումանյանի տարածաշրջանում 16, Գուգարքի՝ 12, Սպիտակի՝ 14, Ստեփանավանի՝ 12 և Տաշիրի 16 համայնքներում: Վարձակալական գումարների գանձում չունի Վահագնաձոր համայնքը, իսկ հավաքագրման մինչև 40 տոկոս ցուցանիշ ունեն 3 համայնքներ: ՏԻՄ-երին ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի գծով 2016 թ. օգոստոսի 15-ի դրությամբ պարտք ունի միայն Վանաձոր համայնքը՝ 167 մլն 629.9 հազ. դրամ:
Ապա 2016 թվականի ամառային զորակոչի արդյունքների մասին զեկուցեց
Լոռու մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյան, որը հայտարարեց, զորակաչի առաջադրանքները գերակատարվել են մարզի բոլոր տարածաշրջաններում, իսկ մարզի ընդհանուր կատարողականը 106.6 տոկոս է:
Հակիրճ ելույթ ունեցավ ՀՀ ՏԿ և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը: Դիմելով համայնքների ղեկավարներին նա ընդգծեց, որ ներկայումս կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված է ՏԻՄ կառույցներին սեփական լիազորությունների առավել մեծ տեսակարար կշիռ տալուն, նրա ինքնուրույնության մեծացմանը: Այս առումով նրանք ավելի շատ պետք է շահագրգռված լինեն հատկապես սեփական եկամուտների լիարժեք հավաքագրման հարցում, քանի որ լիովին տնօրինվելով համայնքների կողմից, դրանք են դառնալու տվյալ բնակավայրի բարեկեցության գրավականը:
Փոխնախարարը պատասխանեց համայնքների ներկայացուցիչներին հետաքրքրող մի քանի հարցերի:
Ամփոփելով մարզխորհրդի նիստի աշխատանքները, մարզպետ Ա. Նալբանդյանը նախ իր գոհունակությունն արտահայտեց համայնքների ղեկավարների հասցեին ամառային զորակոչի առաջադրանքների կատարման հարցում ցուցաբերած ջանքերի համար, ապա մեկ անգամ ևս նրանցից պահանջեց պատասխանատվություն ցուցաբերել պետության կողմից մատչելի գներով իրենց տրամադրված սերմացուների, պարարտանյութերի ու դիզվառելիքի գումարները սահմանված ժամկետներում վճարելու հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00