Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը տպավորված է ագրոհամալիրի գործունեությամբ

24.08.2016

Հինգ տարի առաջ Լոռու մարզի ագրոհամակարգում հայտնվեց նոր անուն՝«Բոզոյան» ՍՊԸ անվանումով: Մի քանի տարին բավարար էր, որ ցանքադաշտերի մեծությամբ ու գերժամանակակից տեխնիկական հագեցվածվածությամբ այս ընկերությունը դառնար Լոռու մարզի ագրոարդյունաբերության առաջատարը, ՀՀ գյուղնախարարության ոսկե մեդալակիր:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզում արդեն իսկ ինքնահաստատված, 33 հազար հեկտար հացահատիկային հողերի սեփականատեր Արամայիս Բոզոյանը որոշեց իր կարողությունները ներդնել նաև հայրենի Տաշիրում:Ձյունաշող, Մեծավան և շրջակա գյուղերի տարիներով անօգտագործելի դարձած, գրեթե անտերության մատնված շուրջ 1500 հեկտար անջրդի հողամասերի երկարատև վարձակալությամբ ու հսկայական ներդրումներով հիմնեց հացահատիկային տնտեսություն, 10 հազար տոննա տարողությամբ էլևատոր, անասնապահական տնտեսություն, ձեռք բերվեց եվրոպական արտադրության թանկարժեք հացահատիկահավաք տեխնիկա: Ագրոհամալիրի կայացման վրա ընդհանուր առմամբ ծախսվեց մոտ 4 մլն ԱՄՆ դոլար:
Արցախի ճակատագրով մշտապես մտահոգ հայրենասեր հայորդին նաև առաջիններից էր որ այս տարվա ապրիլյան միջադեպերի ժամանակ արձագանքեց Լոռու մարզպետի կոչին և իր անձնական միջոցներից 200 հազար դոլար նվիրաբերեց ԼՂՀ սահմանների պաշտպանության ամրապնդմանը:
Կարճ ժամանակով հայրենիք վերադարձած Արամայիս Բոզոյանը օգոստոսի 24-ին հյուրընկալեց ագրոընկերության աշխատանքներին տեղում ծանոթանալու համար Տաշիր այցելած Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, մարզպետի տեղակալներ Տիգրան Բադոյանին, Հովհաննես Թադևոսյանին, մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանին: Տնտեսությունում հացահատիկի բերքահավաքի եռուն օրերն են: Ընկերության անդամների ուղեկցությամն մարզի պաշտոնյաները եղան հացահատիկի դաշտերում: Ընկերության անդամները գոհ են բերքահավաքի արդյունքներից, միջին հաշվով հեկտարից ստացվում է 30 ցենտներ հացահատիկ, որը Տաշիրի բարձրավանդակի համար փոքր արդյունք չէ, մանավանդ որ եղանակային պայմաններն այնքան էլ բարեհաճ չեն եղել տարածաշրջանի հողագործներին: Աշնանացան ցանքադաշտերը նախ բավականին տուժեցին վաղ գարնանային ցրտահարումներից, ապա՝ տևական անձրևներից, որը հնարավորություն չտվեց լիարժեք կատարել վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարը:
Ագրոհամալիրի սեփականատերերը իրենց գոհունակությունն արտահայտեցին մարզի ղեկավարին շուրջտարին ընկերության նկատմամբ ցուցաբերած ուշադրության, մատչելի գներով սերմերով, օրգանական պարարտանյութերով ու դիզվառելիքով աջակցելու համար, հավաստիացնելով, որ գործերի բարեհաջող ընթացքի դեպքում մտադիր են ցանքադաշտերը հասցնել 10 հազար հեկտարի, որի դեպքում հնարավոր կլինի հիմնադրել նաև վերամշակող արտադրություն, բնականաբար մեծաքանակ աշխատատեղերի ապահովմամբ: Տնտեսությունում փորձնական քայլեր են արվում նաև կարտոֆիլի և արևածաղկի արտադրության ուղղությամբ:Ցանկալի արդյունքների դեպքում ագրոարդյունաբերողները կընդլայնեն նաև Տաշիրի տարածաշրջանի համար ոչ տիպական այդ մշակաբույսերի արտադրությունը:
Ընկերության ղեկավարներին թերևս մտահոգում է հացահատիկի իրացման խնդիրը, որը հանրապետության սպառման սահմանափակ շուկայի և այս տարվա համեմատաբար առատ բերքի պայմաններում դժվարություններ է հարուցելու իրենց համար: Մարզպետ Ա. Նալբանդյանը, որ բավականին տպավորված էր ընկերության աշխատանքներով ու ձեռքբերումներով, Գրիգոր Հակոբյանին հանձնարարեց բանակցություններ վարել Սպիտակի թռչնաֆաբրիկայի տնօրինության հետ կերային հացահատիկն այս ընկերություններից գնելու խնդրով:
Այցի ավարտին մարզի ղեկավարը մարզում ակտիվ տնտեսական գործունեություն ծավալելու ինչպես նաև Արցախին ծանրակշիռ ֆինանսական աջակցության ցուցաբերելու համար, ի նշան երախտագիտության, Արամայիս Բոզոյանինին հանձնեց ինքնատիպ հուշանվեր՝գեղարվեստական բարձրարվեստ դրվագումներով Աստվածաշունչ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59