Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արցախցի դպրոցականները տուն են վերադառնում անմոռաց տպավորություններով

16.08.2016

Մեկշաբաթյա հանգստից հետո այսօր գեղատեսիլ Լոռվա ձորում գտնվող «Գուգարք» ճամբարին հրաժեշտ տվեցին ու հայրենի Մարտակերտ մեկնեցին Լոռու մարզպետարանի հովանավորությամբ այստեղ հանգստացող արցախցի 15 դպրոցականներն ու մանկավարժը:
Արդեն ավանդույթ է դարձել Լոռու մարզի հետ բարեկամության խոր արմատներ ձգած ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի դպրոցականների այցելությունները Լոռի, ուր զովասուն բնության գրկում գտնվող «Ծիծեռնակ» և «Գուգարք ճամբարներում նրանք հանգստանում են, կազդուրվում, բարեկամանում տեղի երեխաների հետ, էքսկուրսիաների միջոցով հաղորդակից դառնում Մայր հայրենիքի պատմաճարտարապետական արժեքներին, այցելում թանգարաններ, պատմական իրադարձությունների վայրեր:
Մեկ շաբաթ առաջ էլ իրենց մանկավարժի հետ «Գուգարքում» հյուրընկալվեցին մարտակերտցի 15 դպրոցականներ: Արդեն 58 տարի գործող ճամբարի անձնակազմը իր երկարամյա ղեկավար, եռանդուն կազմակերպիչ Սեյֆուլինա Դանիելյանի ղեկավարությամբ ամեն ինչ արեց, որ արցախցի երեխաները մերվեն ընդհանուր միջավայրին, ընկերանան ու բարեկամանան տեղացի հասակակիցների հետ, կազդուրվեն, հաղորդակից դառնան աննման Լոռու բնությանը, մշակութային արժեքներին, արվեստին:
Տունդարձից առաջ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ ու հովանավորությամբ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանն ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանը կազմակերպեցին էքսկուրսիա Լոռու տեսարժան վայրերով: Արցախցի երեխաների համար անմոռանալի անակնկալ էր հատկապես այցելությունը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Դսեղի համայնքի ղեկավար Նորիկ Քոչարյանը, տուն-թանգարանի անձնակազմը սիրով ու գորովանքով ընդունեցին հյուրերին, որոնք ակնդետ հետաքրքրությամբ ծանոթացան մեծն բանաստեղծի մանկության օրրանին, լսեցին էքսկուրսավարի պատմությունները Թումանյանի կյանքի ու գործունեության մասին, արտասանեցին ու երգեցին բանաստեղծի ստեղծագործություններից:
Այնուհետև ճամբարականներն ուղևորվեցին դեպի պատմական Սանահինի ու Հաղպատի վանահամալիրներ, հիացան Յունեսկոյի հովանու ներքո գրանցված հոգևոր գանձերի հարստությամբ, Անաստաս և Արտեմ Միկոյանների տուն-թանգարանում ոչ պակաս հետաքրքրությամբ ծանոթացան մեր անվանի հայրենակիցների կյանքին ու գործունեությանը:
Ալավերդու Սանահին թաղամասի գեղատես բարձունքի բացօթյա սրճարանում էքսկուրսիայի մասնակիցներին սիրով դիմավորեց ու հյուրասիրեց, նրանց հետ լուսանկարվեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Էքսկուրսիայի ավարտին արցախցի դպրոցականները մարզպետից նվեր ստացան դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ, իսկ «Երուսաղեմի Սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ մարզաշապիկներ ու ժամացույց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06