Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանում

15.08.2016

Լոռու մարզպետի երկուշաբթյան հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետ Ա. Նալբանդյանն սկսեց օգոստոսի 13-ին ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի Լոռու մարզ կատարած այցի արդյունքների ամփոփմամբ և վարչապետի հանձնարարականներին անդրադարձով: Մարզպետն իր գոհունակությունն արտահայտեց այն կարևոր իրողության վերաբերյալ, որ կառավարության որոշմամբ Վանաձոր և Ստեփանավան քաղաքների զարգացման ծրագրերը ներառվել են Ասիական Բանկի ֆինանսավորման պլանում: Ա.Նալբանդյանը քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց նշյալ համայնքների ղեկավարության հետ ևս մեկ անգամ ճշգրտել քաղաքների զարգացման ծրագրերի մանրամասները կառավարություն ներկայացնելու համար: Մասնավորապես, մարզկենտրոնում նախատեսվում է կատարելել 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որը շրջադարձային նշանակություն կունենա քաղաքի զարգացման հիմնախնդիրների իրականացման գործում: Այս տարվա ընթացքում արդեն իսկ կսկսվեն նախագծային աշխատանքներ, իսկ 2017-ին աշխատանքները բուռն ընթացք կստանան:Վանաձորի ճոպանուղու կառուցաման վերաբերյալ մարզպետը հանձնարարեց աշխատել Վանաձորի քաղաքապետարանի հետ վարչապետին հիմնավորված նախագիծ-առաջարկ ներկայացնելու համար: Վարչապետի այցի ժամանակ համայնքի ղեկավարների կողմից ներկայացվել է նաև Յաղդանի դպրոցի տանիքի և Գյուլագարակի դպրոցի հատակի վերակառուցման, ինչպես նաև Ստեփանավանի պոլիկլինիկայի վերանորոգման համար միջոցների տրամադրման խնդրանք, որի վերաբերյալ նույնպես հարկավոր է կատարել ծախսային հաշվարկ:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլաննյանը զեկուցեց օրեր առաջ Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանսի նահանգի պատվիրակության Լոռու մարզ այցելության արդյունքների, տնտեսական համագործակցությանն ուղղված պայմանավորվածությունների մասին: Մասնավորապես ասվեց, որ չին գործընկերներն արտահայտվել են էլեկտրաէներգիայի, ապակու և կերամիկայի արտադրության, զբոսաշրջության և լեռնարդյունաբերության ոլորտներում փոխհամագործակցության օգտին: Պայմանավորվածությունները գործի վերածելու համար ժամանակն է ստեղծել աշխատանքային խումբ, համապատասխան հաշվարկներ անելու, չինական կողմին լրջամիտ առաջարկներ ներկայացնելու համար: Մարզպետը հանձնարարեց հնարավորինս շուտ իրեն ներկայացնել աշխատանքային խմբի անդամների անունները, հետագա անելիքները առավել հստակ կազմակերպելու համար:
Լևոն Ասլանյանը նաև ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց աղետի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակապահովման պատկերը: Ասվեց,որ վերջնական փուլում է Սպիտակ քաղաքի մեկ սենյականոց բնակարանների 50 շահառուների ապահովման գործընթացը՝ յուրաքանչյուրին 3 մլն դրամ միանվագ հատկացմամբ, իսկ մարզի գյուղաբնակ 318 ընտանիքների խնդիրը վերջնականապես կլուծվի 2017 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ 2.6 մլրդ դրամ ֆինանսավորմամբ:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը մարզպետին և գործընկերներին տեղեկատվություն ներկայացրեց Լոռու մարզպետարանի ֆինանսական աջակցությամբ ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանից «Ծիծեռնակ» և «Գուգարք» ճամբարներ հրավիրված թվով 30 դպրոցականների հանգստի կազմակերպման վերաբերյալ: Նշվեց, որ երեխաների առօրյան կազմակերպվել է լավագույն ձևով, նրանց համար կազմակերպվել է էքսկուրսիա դեպի Հովհ. Թումանյանի տուն-թանգարան, Սանահինի և Հաղպատի պատմական հուշարձաններ և այլուր, երեխաներին նվիրվել են դպրոցական պիտույքներ, իսկ «Երուսաղեմի Սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ մարզահագուստ և վայրկյանաչափ ժամացույց:Ասվեց նաև որ ամռան ընթացքում մարզպետարանի հովանավորությամբ սոցիալապես ապահով ընտանիքների 415 երեխա հանգստացել և կազդուրվել է Հանքավանի ճամբարում:
Բերքահավաքի ընթացքի և առաջիկա աշնանացանի աշխատանքների մասին զեկուցեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Նրա հավաստմամբ մարզում բավարար բերքատվություն է ստացվում հացահատիկային կուլտուրաներից, նախորդ տարվա համեմատությամբ բավականին ավելի է ինչպես հացահատիկի բերքը, այնպես էլ խոտի կուտակումը, բոլոր պայմաններն առկա են աշնանացանի աշխատանքները ևս բավարար մակարդակով կատարելու համար:
Եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Արտավազդ Բեգջանյանը: Ընդհանուր առմամբ տարվա պլանի համեմատությամբ դեռևս 203 մլն դրամի պակաս եկամուտ է հավաքագրվել: Մարզպետը փոխմարզպետներին և ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց հետևողականություն ցուցաբերել բացթողումը հնարավորինս շուտ շտկելու համար:
Քանի որ նոր ուսումնական տարին հեռու չէ, Ա. Նալբանդյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանին հանձնարարեց բոլոր պայմաններն ապահովել մարզի դպրոցներում դասընթացները կազմակերպված, անթերի սկսելու և անցկացնելու համար:
- Ոչ մի անապահով ընտանիքի երեխա չպետք է դուրս մնա մարզպետարանի ուշադրությունից, բոլորին պետք է օգնել գրենական պարագաներով,-հանձնարարեց մարզպետը:
Խորհրդակցության ընթացքում ստացած հանձնարարականների կատարման մասին զեկուցեցին նաև մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պատասխանատուները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06