Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետը

15.08.2016

Հուլիսի 13-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք աշխատանքային այցով Լոռու մարզում էին: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և մարզպետարանի այլ պաշտոնյաների ուղեկցությամբ կառավարության ղեկավարը նախ այցելեց Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա, ծանոթացավ դրա գործունեությունը, առաջիկա ներդրումային ծրագրերին: Թռչնամսի արտադրությամբ մասնագիտացված մարզի առաջատար այս ձեռնարկությունը գործում է2015 թվականից ուր ներկայումս առկա է 8 թռչնանոց, կերերի պատրաստման, սպանդի արտադրամասեր: Ընթացքի մեջ է ևս 4 թռչնանոցի շինարարությունը, որը կավարտվի հոկտեմբերին: Յուրաքանչյուր թռչնանոցի տարողությունը կազմում է 27-30 հազար գլուխ բրոյլեր: 120 աշխատող ունեցող ֆաբրիկան այս տարվա ընթացքում արտադրել է՝ շուրջ 914 տոննա թռչնամիս:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որի կառուցման նպատակով ներդրվել է 1 միլիարդ 222 մլն դրամ: Կենտրոնի շինաշխատանքներն ամբողջովին ավարտվել են և շուտով տեղի կունենա նրա հանդիսավոր բացումը: Տեխնոպարկի առաքելությունն է Վանաձորը վերածել բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանի, ստեղծել ծառայությունների այնպիսի միջավայր, որը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, տաղանդավոր երիտասարդներին հնարավորություն կտա կյանքի կոչել նորանոր բիզնես գաղափարներ, նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: Այստեղ ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է 160 մասնագետ, նրանց մի մասն աշխատանքի է անցել հեղինակավոր ընկերություններում: Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաև համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ: Վարչապետը կարևորեց տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ծրագիրը նշելով, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, քանի որ այն մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ:
Կառավարության ղեկավարն այնուհետև այցելեց Վանաձորի նախկին ճոպանուղու տարածք, որտեղ քաղաքապետ Սամվել Դարբինյանը ներկայացրեց ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդիրները: Նախագծով նախատեսվում է, որ ճոպանուղին կունենա 1300 մետր երկարություն և 2 հազար 500 մետր սահուղի: Նախագծի իրականացման արժեքը գնահատվում է 2.5 մլն եվրո: Ակնկալվում է, որ ճոպանուղու կառուցումը կնպաստի Վանաձորում զբոսաշրջության զարգացմանը, իսկ քաղաքը կդառնա լեռնադահուկային տուրիզմի կենտրոններից մեկը: Արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր ոչ միայն ճոպանուղու շահագործման և պահպանության համար, այլ նաև հյուրանոցային և սպասարկման այլ ոլորտներում:
Այնուհետև վարչապետը և ուղեկիցները ծանոթացան Վանաձորի հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին, ուր ընթանում են եռահարկ հիվանդանոցի ներքին հարդարման աշխատանքները: Բուժհաստատությունը, որն ունենալու է 150 մահճակալ, շահագործման կհանձնվի 2017 թ. ընթացքում: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 700 մլն դրամ: Հիվանդանոցի ծննդատան մասնաշենքի կառուցման աշխատանքները ֆինանսավորել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Հովիկ Աբրահամյանը կարևորեց շինաշխատանքների որակյալ ու ժամանակին իրականացումը և պատասխանատուներին տվեց համապատասխան հանձնարարականներ:
Վարչապետն այնուհետև այցելեց Վանաձորի «Ավտոգեն Մ» մեքենաշինական գործարան, ծանոթացավ արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Տեղեկացվեց, որ գործարանն արտադրում է մետաղների ջերմային հատման մեքենաներ, ձեռքի գազաեռակցման և թթվածնային կտրման սարքավորումներ: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ: 2015-ին իրացվել է 435, 2016-ի առաջին 7 ամիսների ընթացքում՝ 290 միլիոն դրամի արտադրանք: Նախորդ տարի գործարանում աշխատել է 100 մարդ, իսկ այս տարի այդ թիվը հասել է 130-ի: Գործարանի ղեկավարությունը Հովիկ Աբրահամյանին տեղեկացրեց, որ նոր ներդրումների արդյունքում նախատեսում են ավելացնել արտադրական ծավալները, արտադրանքի անվանացանկը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, մուտք կգործեն նոր շուկաներ, կընդլայնվի լայն սպառման ապրանքների տեսականին: Վարչապետը ողջունեց նախաձեռնությունը և նշեց, որ կառավարությունը պատրաստ է քննարկել գործարանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականամանն օժանադակելու տարբերակներն ու հնարավորությունները:
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Լոռու մարզում առաջիկայում իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր: Մասնավորապես, Վանաձորում սկսվելու են թիվ 11 մանկապարտեզի վերակառուցման և թիվ 7 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքները, որոնց նպատակով պետական բյուջեից հատկացվել են միջոցներ: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Ասիական բանկի տրամադրած միջոցներով Լոռու մարզում կյանքի են կոչվելու ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ ծրագրեր. միայն Վանաձորում իրականացվելու է 20 մլն դոլարի ներդրում՝ բազմաթիվ ուղղություններով: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այդ ներդրումներն ու իրականացվելիք ծրագրերը կնպաստեն Լոռու մարզի տնտեսության ակտիվացմանը:
Վանաձորից Հովիկ Աբրահամյանն ուղևորվեց Ստեփանավանի տարածաշրջանի 39,6 կիլոմետր երկարությամբ Ագարակ-Օձուն-Մ-6 ավտոճանապարհի հինանորոգված հատված: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 3.5 մլրդ դրամ, որից 700 մլն դրամը հատկացվել է ՀՀ պետբյուջեից, մնացած միջոցները՝ Համաշխարհային բանկից: Կառավարության ղեկավարը նշեց, որ ճանապարհների կառուցումն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն և վստահություն հայտնեց, որ գրեթե 40 կմ երկարություն ունեցող այս ճանապարհը կնպաստի հարակից համայնքների տնտեսական զարգացմանը: Վարչապետը հանդիպեց նաև Յաղդան համայնքի բնակիչներին, լսեց նրանց խնդիրներն ու պատասխանեց մի շարք հարցերի:
Կառավարության ղեկավարն այնուհետև այցելեց Ստեփանավանի պոլիկլինիկա, որտեղ իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Պոլիկլինիկան սպասարկում է շուրջ 28 հազար բնակչի: Զեկուցվեց, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում: Ծրագրի նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հատկացրել է 182 մլն դրամ:
Այցի ավարտի կառավարության ղեկավարը եղավ նաև Գյուլագարակ համայնքում: Այստեղ ընթացքի մեջ են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այդ նպատակով ներդրվել է շուրջ 200 մլն դրամ: Տեղի բնակիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին ծրագրի իրականացման համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06