Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարների ակնկալիքներ

11.08.2016

Օգոստոսի 10-11-ին աշխատանքային այցով Լոռու մարզ էր ժամանել Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանսի նահանգի պատվիրակությունը, որի կազմում էին արտաքին կապերի, առևտրի ու տնտեսության, ածխարդյունաբերության, ինվեստիցիոն դեպարտամենտի ղեկավար աշխատողներ ու պաշտոնյաներ: Պատվիրակությունը գլխավորում էր Շանսի նախանգի արտաքին գործերի փոխտնօրեն Ճյու Չընը: Նման ներկայացուցչական կազմով Լոռու մարզ այցելելու նպատակը տեղում մարզի տնտեսական իրավիճակին, արտադրական ներուժին ծանոթանալն էր, փոխգործակցային պայմանավորվածությունների ձեռքբերումը:
Այցի առաջին օրը Լոռու մարզպետարանում հյուրերին ընդունեց փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, որից հետո տեղի ունեցավ չին պատգամավորության հետ աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի ոլորտային ստորաբաժանումների պաշտոնյաների, մարզի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների, գործարարների, Վանաձորի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրինության մասնակցությամբ:
Ողջունելով հյուրերին, Ա. Դարբինյանը հույս հայտնեց, որ ՉԺՀ-ի և Հայաստանի հանրապետության միջպետական փոխհարաբերությունների զարգացման պայմաններում նրանց այցելությունը Լոռու մարզ հնարավորություն կընձեռնի առավել առարկայական ուսումնասիրել և գնահատել մարզի տնտեսական առանձնահատկությունները, փոխշահավետ համագործակցության հեռանկարները:
Չին պատվիրակության ղեկավարն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք հայտնեց, որ այցը կլինի օգտակար և իրենք պատրաստակամ են օգտվելու ներդրումային հնարավորություններից:
Ապա Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի, համապատասխան վարչությունների պետերի մեկնաբանությամբ ցուցադրվեց ծավալուն տեսանյութ Լոռու մարզի տնտեսության առկա իրավիճակի ու զարգացման ծրագրային հեռանկարների վերաբերյալ: Ներկայացվեցին այն ոլորտները, ուր լավ հնարավորություններ կան ներդրումայյին դաշտի, փոխշահավետ տնտեսական համագործակցության համար:
Օրվա երկրորդ կեսին փոխմարզպետներ Հովհաննես Թադևոսյանի և Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ չինացի հյուրերը այցելեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղ, ապա Պուշկինյան լեռնանցքի վրա տեղակայված «Լոռի-1» հողմակայան, ծանոթացան աշխատանքային պայմաններին: Չինացիները առանձնապես տպավորված էին գերժամանակակից տեխնոլոգիական հեռանկարներով նպատակաուղղված Տեխնոլոգիական կենտրոնի պայմաններով:
Օգոստոսի 11-ին չինացի պատվիրակներին ընդունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ջերմ, անմիջական մթնոլորտում քննարկվեցին նախորդ օրվա ուսումնասիրությունների արդյունքները: Լոռու մարզպետը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին բարի կամքի դրսևորման և մարզի տնտեսական հնարավորություններով հետաքրքրվելու համար, հուսալով,որ շուրջ հինգ տարի առաջ Շանսի նահանգ կատարած աշխատանքային այցի արդյունքում երկու մարզերի միջև ստորագրված հուշագրի պայմանները հետայսու նոր բովանդակություն և գործնական կիրառում կգտնեն:
Լավատես էր նաև չինական պատվիրակության ղեկավարը, որը ամփոփելով Լոռու մարզի տնտեսական ներուժին երկօրյա ծանոթության արդյունքները, առավել իրատեսական համարեց տնտեսական փոխհամագործակցության հնարավորությունները լեռնարդյունաբերության, զբոսաշրջության, էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների(հատկապես հողմային էներգիայի), քիմիական, մասնավորապես կորունդի և կալիումական պարարտանյութերի, կերամիկայի ու ապակու արտադրության ոլորտում: Պարոն Ճյու Չընը Լոռու մարզպետին փոխանցեց Շանսի նահանգի նորընտիր նահանգապետի հրավերը նպատակահարմար ժամանակ Շանսիում հյուրընկալվելու մասին: Ա. Նալբանդյանը շնորհակալությամբ ընդունեց բարեկամ նահանգի ղեկավարի հրավերը:
Հանդիպման ավարտին, ի նշան ջերմ բարեկամության, կողմերը հուշանվերներ փոխանակեցին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06