Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարերարության բերրի պտուղները

08.08.2016

Արդեն 15 տարեկան է Գուգարց թեմի «Ծիծեռնակ» մանկապատանեկան ճամբարը: Հանրապետության բազմաթիվ բնակավայրերից ու Արցախից հազարավոր երեխաներ, մեծամասամբ կարիքավոր ընտանիքներից, իրենց ամառային բազմաբովանդակ հանգիստն են անցկացրել Վանաձորի կիրճի գեղատեսիլ գրկում, կազդուրվել ու անմոռաց տպավորություններով տուն վերադարձել: Խորհրդային ժամանակներում գործած, բայց տարիներով անտերության մատնված ու գրեթե կիսաքանդ ճամբարային մասնաշենքերը իրենց վերածնունդը չէին ապրի, եթե չլիներ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի անկոտրում եռանդն ու ջանասիրությունը, նաև բազմաթիվ բարերարների բարի կամքը, որի շնորհիվ ունենք մեր երեխաներին ծառայող շեն ու բարեկարգ հանգստավայր:
Ավանդույթի համաձայն ճամբարականների յուրաքանչյուր հերթափոխի մեկ օրը նշանավորվում է հանդիսավոր տողանով: Օգոստոսի 8-ը հերթական միջոցառման օրն էր:Հերթական էր, բայց ոչ սովորական. համաճամբարական այդօրյա տողանը արժեվորվեց բազմաթիվ պատվարժան հյուրերի՝ Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի, մարզպետարանի ու քաղաքպետարանի պաշտոնյաների, եկեղեցու և ճամբարի բարերարների, «Օրրան» կենտրոնի ու Վանաձորի մանկատան տնօրենների, շրջակա համայնքների ղեկավարների և բազմաթիվ հյուրերի ներկայությամբ:
Ճամբարի փողային նվագախմբի կատարմամբ հնչած ՀՀ օրհներգից ու տերունական աղոթքից հետո ճամբարականները զեկույց ուղղեցին Գուգարաց թեմի առաջնորդին, կատարեցին հանդիսավոր տողանի արարողություն: Երեխաները երգեցին ազգային ու հայրենասիրական երգեր, բռնեցին միասնական շուրջպար:
Ճամբարականներին ողջունելուց և օրհնության խոսք ասելուց հետո Սեպուհ սրբազանը անուն առ անուն հիշատակեց ու երախտիքի խոսք ասաց բոլոր նրանց հասցեին, ովքեր այդ 15 տարիների ընթացքում ներդրում են ունեցել ճամբարի կայացման գործում, նյութական ու ֆինանսական անգնահատելի աջակցություն են ցուցաբերել թե այս, թե թեմական կառույցին: Հոգևոր առաջնորդը իր երախտագիտությունը հայտնեցեց Լոռու մարզպետարանի, բոլոր ժամանակների մարզպետների, Վանաձորի քաղաքապետի, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի ու նրա ուկրաինացի գործընկերների, արտերկրի բարերարներ Լևոն Թորոսի, Բարսեղ Սարայլըի, վանաձորցի գործարարներ Արմեն Մխոյանի, Արմեն Սարուխանյանի և բոլոր նրանց հասցեին, ովքեր ամենատարբեր միջոցներով սատար են կանգնել Գուգարաց թեմի եկեղեցահամալիրին և «Ծիծեռնակ» ճամբարին:
Սրբազանը առանձնակի հուզմունքով ներկայացրեց մոսկվայաբնակ վանաձորցի գործարար Էվոյաններին, որոնք ընտանյոք հանդերձ հանդիսավոր տողանի պատվավոր հյուրն էին: Այս բարեգործ ընտանիքը գերդաստանի ավագ Գագիկ Էվոյանի, նրա որդի Էդմոնի բարեհոգությամբ ու բարի կամքով հսկայական ներդրումներ է կատարել թեմի եկեղեցիների ու «Ծիծեռնակ» ճամբարի բարենորոգման համար, դարձել բազմաթիվ բարեգործական նվիրատվությունների հեղինակ: Նրանց միշտ երախտապարտ կլինեն Վանաձորի տնակային ավանի այն 7 ընտանիքները, ում բարերարները տուն նվիրեցին, նաև Վանաձորի ձմեռային մարզադպրոցի սաներն ու մարզիչները, որոնք բարեկարգ մարզաբազա ու մարզագույք ստացան Էվոյաններից:
Ի նշան երախտագիտության, Սեպուհ արքեպիսկոպոսը օրհնանքի խոսքերի հետ բարերար ընտանիքի անդամներին հուշանվերներ ընծայեց:
Ճամբարականներին ողջունեցին, ակտիվ ժամանց և հաճելի առօրյա մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, Վանաձորի քաղաքպետ Սամվել Դարբինյանը, երիտասարդ գործարար, բարեգործ Էդմոն Էվոյանը:
Միջոցառման ավարտին ճամբարականներն ու հյուրերը ճաշակեցին Սուրբ մատաղ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06