Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորարական Together4Armenia հարթակը ներկայացվեց Լոռու գործընկերներին

05.08.2016

Մի քանի օր առաջ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), «Առաքելություն արևելք»-ը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը և Եվրամիության հայաստանյան պատվիրակությունը Երևանում հայտարարեցին Together4Armenia (միասին՝ հանուն Հայաստանի) համատեղ նախաձեռնության մեկնարկը: Together4Armenia-ն առցանց հարթակ է, որը ստեղծված է խթանելու մասնագիտական փորձառության փոխանցումը սփյուռքից հայաստանյան համայնքներին՝ ի շահ երեխաների: Հարթակը ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիային» ծրագրի շրջանակներում:
Օգոստոսի 4-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ առցանց հարթակի համահեղինակների հանդիպումը մարզի սոցիալական հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կառույցների ու մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցներին ողջունեց և ներածական խոսք ասաց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը: Նա իր գոհունակությունն արտահայտեց «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիային» ծրագրի վերաբերյալ, որի շրջանակներում արդեն իսկ որոշակի աշխատանքներ են իրականացվել նաև Լոռու մարզում՝ուղղված աշխատանքային միգրացիայի մեղմացմանն ու միգրանտների ներգրավվածությանը տեղական ծրագրերի իրականացմանը:
-Ծրագիրը մեր մարզում կաշխատի ևս շուրջ երկու ամիս և այս առումով կարևոր ձեռքբերումներից մեկը Together4Armenia վեբ կայքի կայացումն է: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը օգտակար կլինի բոլոր մասնակիցների, հատկապես ծրագրի հիմնադրույթներով շահագրգիռ հասարակական կառույցների համար, ասաց Ն.Սարգսյանը:
Ապա առցանց հարթակի ստեղծման շարժառիթների և նրա հիմնական գործառույթների վերաբերյալ պարզաբանումներ տվեցին «Առաքելություն արևելքին» կազմակերպության ներկայացուցիչ Նոնա Գալստյանը և վեբ կայքի փորձագետ Արմենուհի Հովակիմյանը:
Բանախոսները նշեցին, որ Together4Armenia-ն անվճար վեբ հարթակ է, որի միջոցով սփյուռքի՝ տարբեր ոլորտների մասնագետները և հայաստանյան համայնքների ներկայացուցիչները կարող են կապ հաստատել և աշխատել համատեղ նախագծի վրա փորձի փոխանակման և մենթորության միջոցով: Հարթակը հիմնված է համախմբման և փոխադարձ արդյունավետ ներգրավման սկզբունքների վրա: Այն մշակվել է նմանատիպ միջազգային հաջողված ցանցերի փորձի հիման վրա: Այս տեսակի մասնագիտական համագործակցությունը ապացուցել է իր արդյունավետությունը նաև Հայաստանում մի շարք այցելությունների շնորհիվ, որոնք կազմակերպվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Առաքելություն արևելք»-ի կողմից 2014 և 2015թթ. ԵՄ ֆինանսավորվող ծրագրի շրջանակում:
Յուրաքանչյուր անձ, ով հետաքրքրված է և ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանի տեղական համայնքների զարգացմանը, հատկապես երեխաներին առնչվող ոլորտներում, կարող է դա իրականացնել դառնալով Together4Armenia-ի անդամ: Միտքը մեկն է՝ համայնքի անդամները ներկայացնում են ծրագրերի առաջարկներ՝ մատնանշելով, թե ինչ տեսակի փորձագիտական աջակցության կարիք ունեն, մինչդեռ սփյուռքի ներկայացուցիչներն առաջարկում են իրենց փորձը և մենթորություն են անում, որպեսզի ծրագրերը դարձնեն իրականություն:
Հարթակի առավելությունը կայանում է նրանում, որ համագործակցությունը չի ենթադրում պարտադիր ֆինանսական միջոցների ներգրավումը, փոխարենը շեշտ է դրվում մասնագիտական փորձի փոխանակման վրա, որի միջոցով ձևավորվում են հարատև կապեր, վստահություն, և միջազգային մասնագիտական ցանց: Սփյուռքի անդամները պարտադիր չէ, որ ֆիզիկապես ներկա գտնվեն Հայաստանում, որպեսզի իրենց ներդրումն ունենան: Այնուամենայնիվ նրանց հնարավորություն է տրվում կապ հաստատել հայրենիքի հետ, աջակցել երեխաներին և համայնքներին առընչվող սոցիալական խնդիրների լուծմանը, մասնագիտական կապեր կառուցել, ինչպես նաև ավելի լավ ըմբռնել տեղական համատեքստը: Միևնույն ժամանակ, համայնքներն իրենց վրա վերցնելով նախագծերի ստեղծումը, ստանում են անվճար փորձագիտական աջակցություն և կապ արտասահմանյան կոլեգաների հետ: Նրանք զարգացնում են իրենց կարողությունները ծրագրերի կառավարման ոլորտում, ինչպես նաև կառուցում են տևական հարաբերություններ սփյուռքի հետ:
Ըստ բանախոսների, հարթակում արդեն գրանցվել են 15 փոքր ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերից, որոնք առնչվում են երեխաներին ուղղված սոցիալական ծառայությունների ստեղծմանը, երեխաների և երիտասարդների համար արտադասարանային խմբակների կազմակերպմանը, համալսարանի գրադարանի արդիականացմանն ու հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը:
Չնայած, որ հարթակը նախատեսված է երեխաներին առընչվող հիմնահարցերի լուծման համար, այն նույն արդյունավետությամբ կարելի է կիրառել նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են բիզնեսը, զբոսաշրջությունը կամ գյուղատնտեսությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55