Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուկրաինայի դեսպանատունը պատրաստ է վերսկսել համագործակցությունը Լոռու մարզի հետ
29.07.2016
Այսօր Լոռու փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանը և մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանն ընդունեցին Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Պիխուլյային, Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար Վասիլի Սերգեգային և Լոռու մարզի ուկրաինական համայնքի ներկայացուցիչներին: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ հյուրերը նշեցին, որ այցելության նպատակը հայ-ուկրաինական հարաբերություններին նոր թափ հաղորդելն է.
-Հայտնի քաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ երկու երկրների հարաբերությունները փոքր-ինչ պասսիվացան, սակայն այսօր մենք ցանկություն ունենք մեր գործակցությունը նոր հարթակի վրա դնել: Ես տեղեկացված եմ, որ Լոռու մարզի ուկրաինական համայնքը մշտապես մարզպետարանի հոգածության տակ է և Լոռու մարզպետը համայնքին աջակցում է ցանկացած հարցում, տեղեկացված եմ նաև, որ նախկինում մարզը համագործակցել է Ուկրաինայի հետ,- իր խոսքում նշեց Վ. Պիխուլյան:
Ողջունելով հյուրերին՝ Հ. Թադևոսյանը և Լ. Ասլանյանը նույնպես կարևորեցին երկու երկրների գործակցության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը և Լոռու մարզպետի անունից պատրաստակամություն հայտնեցին ամեն ինչ անել դրա համար:
Լ. Ասլանյանը հիշեցրեց, որ 2009 թ. հանրապետության երեք մարզերի, այդ թվում և Լոռու մարզի ու Խարկովի մարզի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել, սակայն մի շարք քաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ այն կյանքի չի կոչվել: Լ. Ասլանյանը համառոտ ներկայացրեց մարզը, վերջինիս արդյունաբերական պոտենցիալը, գյուղատնտեսության զարգացման հնարավորությունները և նշեց, որ որպես տնտեսության զարգացման այլընտրանքյաին ճյուղ՝ քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Ի պատասխան Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը տեղեկացրեց, որ Ուկրաինայում տնտեսության ակտիվացում է նկատվում, գրեթե նույն հզորությամբ սկսել են գործել արդյունաբերական ձեռնարկությունները, փոքր և միջին բիզնեսը, ուստի այս պարագայում համագործակցությունը տեղին ու նպատակային կլինի: Նա վստահեցրեց, որ մոտ ապագայում գործակցության ակտիվացման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն և առաջիկայում առավել ընդարձակ կազմով պատվիրակության այց կկատարվի Լոռու մարզ: Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ փոխանակեցին: