Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճոճկանին՝ շուրջօրյա ջրամատակարում

29.07.2016

Հնամենի պատմություն ունի  Թումանյանի տարածաշրջանի ամենամեծ շեներից մեկը՝ ներկա պահին ավելի քան 2100 բնակչություն ունեցող Ճոճկան գյուղը, որն ըստ պատմիչ Ղազար Փարպեցու, հիմնվել է IV դարում: 1700 տարվա տարեգրությամբ համայնքը վերջապես լիարժեք ջրամատակարարում կունենա 2016թ. օգոստոս ամսից:

 Լոռու մարզի 5 գյուղերի թվում Ճոճկանը նույնպես ընդգրկվեց գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի («ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ) հովանավորության ներքո  և ՀՀ կառավարության վարկային միջոցների(շուրջ 300 մլն դրամ) հաշվին այստեղ սկսվեցին խոշորածավալ ջրամատակարարման շինաշխատանքները: Ջրահավաք և ջրաբաշխիչ համակարգերի կառուցումն այստեղ նույնպես վստահվեց այս գործում մեծ փորձառություն ունեցող «Արարատշին» տրեստին: Շուրջ 4000 գծամետր ընդգրկող ռելիեֆային բարդագույն պայմաններում ջրաշինարարները, գյուղի հանդիպակաց բարձունքից Դեբեդ գետի հունն ու բարձրաբերձ ափերը շրջանցելով, 100 մմ տրամագծով խողովակաշարով ջուրը մայր ջրատարից հասցրել են գյուղի բարձրադիր տեղում կառուցված 300 տոննա տարողությամբ ջրամաբար: Տեղադրվել են ջրամղիչ պոմպակայանն սպասարկող 46 էլեկտրահենասյուներ: Ավարտվել է նաև 55 դիտահորով 9000 մետր երկարությամբ ներքին ջրաբաշխիչ ցանցի կառուցումը:

Այս ամենին տեղում ծանոթանալու համար Ճոճկանում էին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության մասնագետ Արմեն Շահվերդյանը: Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նրանց մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց ջրացանցի վերաբերյալ, գյուղի բնակչության անունից մեծ գոհունակություն հայտնելով ՀՀ Նախագահին, կառավարությանն ու Լոռու մարզպետին այդ անգնահատելի ծրագիրը կյանքի կոչելու համար: Ընդամենը երկու աղբյուր ունեցող խոշորագույն համայնքի յուրաքանչյուր տնտեսություն այսուհետ իր բնակարանում անապակ ջուր է ունենալու օրվա ընթացքում 24 ժամ:

Հարևան Մեծ Այրում գյուղն ընդամենը 30 տարվա պատմություն ունի: Նախկինում ադրբեջանցիներով բնակեցված այս գյուղում ղարաբաղյան շարժման տարիներին բնակություն հաստատեցին դաշտային և լեռնային Ղարաբաղից բռնագաղթված մեր հայրենակիցները, տարիների ընթացքում որոշ ընտանիքներ այստեղ բնակություն հաստատեցին նաև Հայաստանի տարբեր շրջաններից: Այս գյուղի առաջնահերթ խնդիրը նույնպես եղել է խմելու ջուր ունենալը և նույն ծրագրով այստեղ ևս իրականացվել է ջրացանցի կառուցման 210 մլն դրամ ծախսատարությամբ առաջին փուլը:

Ջրամատակարարման համակարգերին ծանոթանալուց հետո փոխմարզպետը և ուղեկիցները Ճոճկանում և Մեծ Այրումում հանդիպումներ ունեցան գյուղերի բնակչության հետ, լսեցին նրանց կարծիքներն ու առաջարկությունները համայնքային խնդիրների շուրջ: Տարածաշրջանի բնակչությանը հիմնականում մտահոգում էր պարբերաբար պատուհասող կարկտահարության հարցը: Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը տեղեկություն տվեց վերջին տարիներին գյուղում իրականացված աշխատանքների մասին, առանձնապես շեշտելով երկրագործության ոլորտում գյուղին ցուցաբերվող պետական աջակցության կարևորությունը՝ մատչելի գնով սերմացուների, պարարտանյութերի և դիզվառելիքի մատակարարման հարցում: Հակակարկտային համակարգի ներդրման վերաբերյալ գյուղապետն ասաց, որ համայնքի բյուջեով առաջիկայում ձեռք է բերվելու 3 կայանք, իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խոստացել է ևս 2 կայանք տրամադրել ամեն տարի պետության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի միջոցներով:

Արսեն Դարբինյանը երկու գյուղերում բնակչության հետ հանդիպումներում վերստին շեշտեց, որ ցանկացած համայնքային խնդիր  լուծելի է, եթե բնակչությունը պահանջատեր լինելու հետ նաև բարեխղճորեն է կատարում իր պարտականությունները համայնքի սեփական եկամուտների հավաքագրման գործում: Այս դեպքում նրանց նկատմամբ առավել իրական է դառնում պետական աջակցության հնարավորությունը: Մեծ Այրումի ներքին ջրագծի կառուցման հնարավոր ժամկետների վերաբերյալ տեղեկացվեց, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կառավարության մակարդակով որոշակի համաձայնություններ արդեն իսկ ձեռք է բերել և ամենաուշը 2017 թվականի գարնանը կլուծվի նաև բնակիչների տները ջուր հասցնելու խնդիրը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59