Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր ջրագիծ Կաթնաջուր ու Սվերդլով համայնքներում

25.07.2016

  Կաթնաջուրը Լոռու մարզի այն 5 համայնքներից է, որին բախտ վիճակվեց ընգրկվել
գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի («ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ) միջոցներով ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրում՝ 168 մլն դրամ համաբաժնի ընդամենը 10 տոկոս համայնքային ներդրմամբ: Աշխատանքներն ավարտական փուլում էին, երբ օրերս համայնք այցելեցին Լոռու փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանն ու քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Համայնքի ղեկավար Արմեն Պապոյանը տեղեկացրեց, որ աննշան բացառությամբ 380 տնտեսություն և ավելի քան 2000 բնակչություն ունեցող գյուղն արդեն իսկ շուրջօրյա ջրամատակարարում ունի: Ընդհանուր առմամբ անց է կացվել երկարադիմացկուն պոլիէթիլենային խողովակների 15 հազար գծամետր ներքին ցանց, առկա է ջրի բարձր որակ, որը հատկապես կարևոր հանգամանք է ժամանակակից կենցաղային տեխնիկայի անխափան աշխատանքն ապահովելու հարցում: Ինչպես գյուղապետը, այնպես էլ համայնքի շատ բնակիչներ իրենց երախտագիտությունն արտահայտեցին Լոռու մարզպետին ու հանրապետության կառավարությանն իրենց համար կարևոր կենսական խնդրի լուծման համար:
Ստեփանավանի տարածաշրջանի Սվերդլով համայնքում ջրի ներքին ցանցի վերակառուցման մեկնարկը կտրվի օգոստոսի սկզբներին: Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը և քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանն օրեր առաջ ականատես եղան, որ գյուղամիջում արդեն կուտակված են անհրաժեշտ քանակությամբ նոր խողովակներ: 450 մլն դրամ արժողությամբ ջրամատակարարման համակարգի շինարարությունն իրականացնելու են «Արարատշին» տրեստի մասնագետներն, ովքեր օրերս հաջողությամբ շահագործման հանձնեցին Դսեղ գյուղի ջրացանցը:
Բացօթյա հրապարակում մարզպետարանի պաշտոնյաները զրույցի բռնվեցին գյուղի բնակիչների հետ, ովքեր բարձր գնահատեցին մարզի և հանրապետության ղեկավարության վերաբերմունքն իրենց կենսական խնդրին վերջապես լուծում տալու հարցում: Սվերդլովցիները նաև իրենց մտահոգությունն արտահայտեցին գյուղամերձ միջհամայնքային ճանապարհների անբարեկարգ վիճակի վերաբերյալ, նաև բարձրաձայնեցին դպրոցի տանիքի վերանորոգման խնդիրը:
-Յուրաքանչյուր համայնքի նկատմամբ վերադաս մարմինների լավ կամ ոչ բավարար ուշադրության գրավականն առաջին հերթին սեփական եկամուտների հավաքագրման պատկերն է,- ասաց մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը՝ հավելելով, որ եթե բնակչությունը բարեխղճորեն, ժամանակին ու բավարար մակարդակով է կատարում իր պարտականությունը, ապա մեծանում են նաև այս կամ այն ծրագրում համայնքի ընգրկվելու հնարավորությունները:
-Սեփական եկամուտների հավաքագրմամբ շահագրգիռ պետք է լինի ոչ միայն համայնքի ղեկավարն, այլև գյուղի յուրաքանչյուր բնակիչ, ավագանու անդամները, դպրոցի, բուժհիմնարկի կոլեկտիվը, քանի որ ձեր հավաքագրած գումարները ծախսվում են գյուղի կարիքների համար,-հորդորեց մարզպետի տեղակալը:
Դպրոցի տանիքի վերանորոգման վերաբերյալ տնօրենի հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքաշինության վարչության պետ Ա. Ջանազյանն առաջարկեց հարցը՝ որպես հիմնախնդիր, գրավոր ներկայացնել Լոռու մարզպետարան, հնարավորության դեպքում այն որևէ ծրագրում ներառելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27