Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքի տոնավաճառ՝ Վանաձորի Հայքի հրապարակում
25.07.2016
Մարզկենտրոնի Հայքի հրապարակում Վանաձորի զբաղվածության տարածքային գործակալության կողմից անցկացվեց ավանդական դարձած «Աշխատանքի տոնավաճառը»: Շուրջ 26 գործատու տարբեր ոլորտների 327 առկա, 204 ապագա թափուր աշխատատեղ ներկայացրեց Վանաձորի աշխատանք փնտրողներին:
Տոնավաճառին իրենց մասնակցությունը բերեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ըստ գործակալության տնօրեն Արա Առաքելյանի, ապահովվել է առաջարկվող թափուր աշխատատեղերի բազմազանությունը, որպեսզի կրթական տարբեր մակարդակներ ունեցող անձինք կարողանան գտնել իրենց հարմար աշխատանքը:
Ա. Նալբանդյանն իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք նպաստում են աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի ճիշտ բալանսավորմանը:
Արտակ Մանգասարյանի հավաստմամբ՝ հանրապետության մյուս համայնքների համեմատությամբ՝ Վանաձորի և՛ գործատուները, և՛ աշխատանք փնտրողները բավականին ակտիվ են:
Բացման պաշտոնական արարողության ընթացքում տոնավաճառի կազմակերպմանն աջակցող և համագործակից կողմերն արժանացան շնորհակալագրերի:
Շնորհակալագրի արժանացավ նաև Արթուր Նալբանդյանը: