Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագիրը հնարավոր աղետների դեպքում աջակցություն կցուցաբերի Լոռու մարզին
21.07.2016
Հուլիսի 21-ին մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների, Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի, պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի հանդիպումը ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)-ի ներկայացուցիչների հետ՝ ի դեմս Հայաստանյան ներկայացուցիչ, ծրագրերի համակարգող, արտակարգ պատրաստվածության և արձագանքման սպա Յիեն Աջեմյանի:
Վերջինս շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և ներկայացնելով այցելության նպատակը՝ տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի ՊՀԾ-ն նպատակ ունի աջակցել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հնարավոր արտակարգ իրավիճակներում և նշեց, որ իրենց կողմից առաջարկվող աջակցության հիմնական տարբերակները՝ հումանիտար օգնության (սննդային և ոչ սննդային) տրամադրումն է, բարդ իրավիճակներում կոմունիկացիաների և բեռնափոխադրումների անխափան ապահովումը:
-Նմանատիպ հանդիպումների ընթացքում սովորաբար մեր աշխատանքները մենք պլանավորում ենք վատագույն իրավիճակների համար, նաև հուսալով, որ առիթ չենք ունենա դրանք իրագործելու,-ասաց Յիեն Աջեմյանը: Նա առաջարկեց շուրջ մեկ ամսվա ընթացքում իրականացնել կարիքների գնահատում և իրենց ներկայացնել մարզի առաջնահերթությունները՝ առաջիկայում գործակցություն սկսելու նպատակով:
-Ձեր կողմից ներկայացվելիք այն առաջնահերթ խնդիրները, որոնք այս ծրագրի շրջանակներում հնարավոր չի լինի լուծել, կներկայացվեն ՄԱԿ-ի այլ ծրագրերին,-նշեց բանախոսը:
Արսեն Դարբինյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով այցելության և համագործակցության առաջարկ հնչեցնելու համար՝ պատրաստակամություն հայտնեց տրամադրել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Նա նշեց, որ հնարավոր աղետներին դիմակայելու հարցում մարզը բավականին բարձր պատրաստականություն ու անհրաժեշտ ռեսուրսներ ունի, սակայն կան նաև խնդիրներ, բնականաբար՝ նաև աջակցության կարիք:
Յիեն Աջեմյանը առհասարակ բարձր գնահատեց հանրապետությունում աղետներին դիմակայման բավականին զարգացած համակարգը.
-Մեր նապատակն է, որպեսզի մարզերում առկա ռեսուրսները համակարգելով՝ հաղթահարենք անցանկալի իրավիճակները,-ասաց նա:
Հ. Անտոնյանն իր խոսքում նշեց, որ մարզում առկա են գրեթե բոլոր աղետների ռիսկերը, ուստի համագործակցության առաջարկը բավականին պահանջված գնահատեց՝ հույս հայտնելով, որ ճիշտ և ուղղորդված աշխատանքն անպայման կտա ցանկալի արդյունք:
Փրկարարական վարչության պետը ծրագրի ներկայացուցիչներին առաջարկեց այցելել նաև մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն՝ առկա ռեսուրսներին տեղում ծանոթանալու նպատակով, որին հյուրերը սիրով համաձայնեցին: