Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ծիծեռնակ» ճամբարում մեծ շուքով նշվեց ճամբարի 2-րդ հերթափոխի բացման արարողությունը
21.07.2016
Հուլիսի 21-ին, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի hանդիսապետությամբ, թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարում մեծ շուքով նշվեց ճամբարի 2-րդ հերթափոխի բացման արարողությունը:
Ամեն տարի սրբազան հոր հետևողականությամբ և ջանքերով, մի խումբ բարերարների աջակցությամբ, ճամբարն իր գիրկն է առնում հարյուրավոր կարիքավոր ընտանիքների երեխաների: Ճամբարն արդեն 14 տարի է, ինչ հյուրընկալում է երեխաների՝ թե՛ Հայաստանից և թե՛ նրա սահմաններից դուրս: Այս տարի առաջին հերթափոխով ճամբարում հյուրընկալվել էին երեխաներ` Ալավերդուց, Նոյեմբերյան քաղաքից, տասնյակ գյուղերից: Երկրորդ հերթափոխին ճամբարում իրենց հանգիստը կանցկացնեն երեխաներ` Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Վարդաբլուր համայնքներից և Տավուշի մարզի Իջևան քաղաքից: Տարիներ շարունակ ճամբարի գլխավոր գործընկեր «Վորլդ Վիժն Հայաստանը» ևս մեծ թվով մանուկներ է բերում ճամբար:
Երկրորդ հերթափոխի հանդիսավոր բացմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Վորլդ Վիժն Հայաստանի» Լոռու և Տավուշի մարզային զարգացման ծրագրի ղեկավարները, Վանաձոր քաղաքի մշակույթի գործիչներ, մտավորականներ, դասախոսներ, գրասենյակի աշխատակիցներ, հյուրեր: Ճամբարականները հանդիսավոր տողանով` «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի նվագակցությամբ, ազդարարեցին ճամբարի երկրորդ հերթափոխի բացումը և ներկայացրեցին գեղարվեստական հայտագիր: Իր հայրական օրհնության խոսքը երեխաներին և ներկաներին հղեց թեմակալ առաջնորդը:
Մարզպետ Արթուր Նալբանդյանն իր ողջույնի և բարեմաղթանքի խոսքերն ուղղեց սրբազանին ու ներկաներին` կարևորելով ռազմահայրենասիրական ոգին, որ տիրում է ճամբարականների շրջանում և այն մեծ ջանքն ու աշխատանքը, որ տարիներ շարունակ իրականացվում է թեմակալ առաջնորդի հսկողությամբ: Ներկաներին իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն ասաց նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Չխախտելով ընդունված գեղեցիկ ավանդույթը` բացման արարողության ավարտին ճամբարականներին մատուցվեց տոնական կերակուր:
Ճամբարում, ինչպես ամեն տարի, այս տարի ևս կհանգստանա ավելի քան 1000 երեխա: