Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տնակային ավանի ևս 12 ընտանիք սեփական տուն կունենա

20.07.2016

Հուլիսի 23-ին մարզկենտրոնի Տարոն 3 թաղամասում շահագործման կհանձնվի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից կառուցված հերթական բազմաբնակարանը: Քսան տարուց ավելի տնակներում գոյատևած ևս 12 ընտանիք վերջապես հարմարավետ բնակարան կունենա:

Հուլիսի 19-ին այս թաղամասում մեկնարկեց «Հաբիթաթ ֆոր հյումենիթի» և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» կազմակերպությունների հիմնադիր Միլարդ Ֆուլերի հիշատակին նվիրված «Հիշատակի կառույցը» միջոցառումը: Ավելի քան 60 տեղական և ամերիկյան կամավորներ շուրջ մեկ շաբաթ իրենց մասնակցությունը կունենան Վանաձոր քաղաքի վագոն-տնակներում բնակվող ընտանիքների համար կառուցվող շենքի շինաշխատանքների ավարտական փուլին: Կամավորների թվում նաև ապագա տանտերերն են, որոնց հնարավորություն է ընձեռված նշյալ բարգործական կազմակերպությունների ներդրումների գումարը՝ շուրջ 3.5 մլն դրամ, ետ վերադարձնել 20 տարվա ընթացքում՝ առանց տոկոսադրուքի:

Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, «ԱՌԴԱ»  բարեգործական հիմնադրամի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավար կազմը՝ կազմակերպության նախագահ Դեյվիդ Սնելի գլխավորությամբ, միջազգային կամավորական թիմեր, ամենախոշոր նվիրատու և գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ներկայացուցիչներ, մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատողներ:

Միջոցառումը վարում էր «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ նախագահ Աշոտ Եղիազարյանը:

-Մի ասույթ կա. շատերն են խոսում աղքատության մասին, բայց քչերը՝ աղքատների հետ: Միլարդ Ֆուլերն այն մարդն էր, որը ոչ միայն խոսեց աղքատների հետ, այլև կամուրջ դարձավ նրանց ու հարուստների միջև: Կարիքավորին ձեռք մեկնելու նրա մարդասիրական գաղափարախոսությունը պարարտ հող գտավ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում և ծիլեր արձակեց նաև 1988-ի աղետը կրած Հայաստանում: Այս միջոցառումը հերթական անգամ ապացուցում է, որ մարդկությունը մի մեծ ընտանիք է, որ մարդասիրական գաղափարների համար չկան սահմաններ, և որ  բարի հիշատակը կառուցողական է,- ասաց նա՝ իր երախտագիտությունը հայտնելով Լոռու մարզպետարանին ու Վանաձորի քաղաքապետարանին, որոնք մշտապես խրախուսել ու աջակցել են միջազգային կազմակերպությունների մարդասիրական նախաձեռնությանը:

-Մեկ տարի առաջ առիթ եմ ունեցել կամավորների հետ կողք-կողքի լինել նմանատիպ ակցիայի մասնակից և հավատացնում եմ՝ մեծ բավականություն եմ ստացել, քանզի այս կամավորների՝ ամենայն գովեստի արժանի աշխատանքը վեհ նպատակի է ծառայում: Անգնահատելի է, արդեն տևական ժամանակ միմյանց հետ սերտ համագործակցող «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» և Վանաձորի քաղաքապետարանի նվերն այն 67 ընտանիքներին, որոնց համար սեփական հարմարավետ տուն ունենալը գուցե անիրականանալի երազանք է եղել: Շնորհավորում եմ մեկ շաբաթից նորամուտ տոնող 12 ընտանիքներին՝ խորին երախտագիտությունս հայտնելով բարերարներին,- ասաց Ա. Նալբանդյանը:

Մարզպետը արժևորեց նաև Գուգարաց թեմի գնահատելի մասնակցությունը կարիքավոր ընտանիքներին բնակարանով ապահովելու գործում:

Նախաձեռնության հեղինակներին, կամավորներին մեծարանքի ու երախտագիտության խոսք ասաց Վանաձորի քաղաքապետը՝ շնորհակալագրեր հանձնելով հովանավոր կազմակերպությունների ղեկավարներին: Օրհնանքի ու գոհունակության խոսք հղեց Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Հանդիսության ավարտին կամավորներն ուղղվեցին դեպի նորակառույց՝ շարունակելու ներքին հարդարման աշխատանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27