Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

18.07.2016

Հուլիսի 18-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ն. Սարգսյանը զեկուցեց, որ մարզպետի կողմից նախորդ շաբաթ տրված հանձնարարականները կատարվում են ժամանակին, թերացումներ չկան:

Մարզպետը համառոտ ներկայացրեց «ԳՏՏԶ ԾԻԳ»-ի (Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ) կողմից նախատեսված և այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքները: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակներում նախատեսված են  ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրեր իրականացնել Սվերդլով, Դսեղ, Ճոճկան, Մեծ Այրում, Կաթնաջուր համայնքներում: Վերջինում նախատեսված է տեղադրել նաև արևային էներգիայով ջրատաքացման համակարգեր: Ծրագերերի ընդհանուր արժեքը 1 մլրդ 617 մլն 200 հազար դրամ է, առաջին կիսամյակում իրականացվել են 368 մլն 800 հազար դրամի աշխատանքներ:  Մարզպետը քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանին և փոխմարզպետներին հանձնարարեց ընթացիկ շաբաթում լինել նշված համայնքներում, ծանոթանալ ծրագրերի ընթացքին:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ցուցանիշները հուլիսի 15-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ, նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը պլանի դիմաց կազմել է 37,5 տոկոս, գույքահարկինը՝ 46 և հողի հարկինը՝ 27,2 տոկոս:

 Նշելով, որ 6 ամսվա կտրվածքով մարզը սեփական եկամուտների կատարողականով պլանից ետ է 82,922 մլն դրամով, հողի հարկի մասով՝ 13 մլն-ով, գույքահարկի մասով՝ 31,632 մլն դրամով, վարչության պետը, մարզպետի հանձնարարությամբ ներկայացրեց նաև թերացող համայնքներում իրականացված վերլուծության արդյունքում վեր հանված թերացումների պատճառները: Ըստ Հ.Պապոյանի, թերացումների բուն պատճառները բնակչության վճարունակության անկումն է, եկամուտների նվազումը, ինչպես նաև որոշ համայնքների ղեկավարների ոչ հետևողական աշխատանքը:  Մարզպետը վերապահումով անդրադարձավ բնակչության անվճարունակության փաստարկին, քանի որ, ինչպես ուսումնասիրություններ են վկայում, միևնույն կենսամակարդակն ու եկամտի աղբյուրներն ունեցող երկու համայնքներից մեկը պարատաճանաչ վճարումներ է կատարում, մյուսը՝ ոչ: Ըստ մարզի ղեկավարի, խնդիրն ավելի շատ սուբյեկտիվ է՝ պայմանավորված համայնքների ղեկավարների ու ավագանու ոչ հետևողական աշխատանքով: Ա. Նալբանդյանը հանձնարարեց լուրջ աշխատանքներ իրականացնել հատկապես խոշորացված համայնքների բնակիչների  հետ՝ նրանց բացատրել, որ իրենց համայնքներում զգալի ներդրումներ են կատարվում և վճարված հարկերը ծախսվում են նպատակային՝ ի շահ իրենց համայնքների:

 Մարզի առողջապահական հիմնարկներում առաջին կիսամյակում իրականացված ֆինանսական վերլուծությունը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը:  Ըստ վարչության պետի, 2016թ.-ին տարեկան պայմանագրային գումարը մարզի առողջապահության մասով  կազմում է 3 մլրդ 816 մլն դրամ, որից առաջին կիսամյակում իրացվել է 1 մլրդ 967 մլն. դրամը: Առողջապահության նախարարության կողմից ֆինանսավորվել է 1 մլրդ 917 մլն-ը: Ինչ վերաբերում է վճարովի ծառայություններին, ապա 2016թ.-ի առաջին կիսամյակում վճարովի ծառայությունները կազմել են 263 մլն 84 հազար դրամ, նախորդ տարվա 255 մլն 540 հազար դրամի դիմաց: Վճարովի ծառայությունների մասով 2015թ. համամատությամբ ետընթաց են արձանագրել Վանաձորի և Ստեփանավանի բժշկական կենտրոնները, Վանաձորի թիվ 1 և թիվ 2 համաբուժարանները, բարձր մուտքեր են ապահովել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Ալավերդու և Սպիտակի բժշկական  կենտրոնները: Մարզի առողջապահական հիմնարկների կրեդիտորական պարտքերը կազմել են 84 մլն 263 հազար դրամ, որից շուրջ 58 մլն-ը բաժին է ընկնում Վանաձորի բժշկական կենտրոնին, մնացածը՝ Սպիտակի  և  Տաշիրի բժշկական կենտրոններին: Մարզպետը հանձնարարեց հետևողական աշխատանքներ իրականացնել մարզի առողջապահական  հիմնարկների հետ՝ վճարովի մուտքերն ավելացնելու ուղղությամբ:

Ամառային զորակոչի աշխատանքների վերաբերյալ զեկուցեց զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը: Տեղեկացվեց, որ զորակոչի հետ կապված խոչընդոտող խնդիրներ չեն ծագում, զորակոչը օգոստոսի 1-ին կավարտվի բավարար ցուցանիշներով: Նա տեղեկացրեց նաև, որ նախորդ շաբաթ հերթական անգամ այցելություն է կատարվել վիրավոր զինծառայող Հովհաննես Պողոսյանին և մարզի ղեկավարի անունից աջակցություն  է ցուցաբերվել: Մարզպետը նշեց, որ նմանատիպ այցելությունները պարբերական բնույթ են կրելու և վիրավոր ու զոհված ազատամարտիկների ընտանիքները մշտական ուշադրության կենտրոնում են լինելու: Նա հանձնարարեց նաև նոր ուսումնական տարվա նախաշեմին նշված ընտանիքների դպրոցահասակ երեխաներին ապահովել գրենական պիտույքներով:  

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը տեղեկատվություն ներկայացրեց առաջին կիսամյակում պետական աջակցությամբ գյուղացիական տնտեսություններին տրամադրված պարարտանյութերի, դիզվառելիքի, սերմացուների բաշխման և 2016թ. համայնքներին տրամադրվելիք աշնանացան ցորենի սերմացուի պահանջարկի վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ առաջին կիսամյակում ստացվել և 61 համայնքի է բաշխվել 2307 տոննա ազոտական պարարտանյութ, 7 համայնքի բաշխվել է 21.750 կիլոգրամ ֆոսֆորական պարարտանյութ և 7 համայնքի՝ 18.900 տոննա՝ կալիումական պարարտանյութ, 450 հազար լիտր դիզելային վառելանյութ է տրամադրվել 58 համայնքի: Գարնանացան գարու սերմացու է բաշխվել 28 համայնքի (70 տոննա), եգիպտացորենի սերմացու 11 համայքնի՝ 2,15 տոննա, առվույտի սերմացու՝ 26 համայնքի՝ 2 տոննա 715 կիլոգրամ, կորնգանի սերմացու 18 համայնքի՝ 18 տոննա: Ըստ վարչության պետի, գյուղնախարարությանն է ներկայացվել նաև 2016թ. աշնանացան ցորենի պահանջարկը:

Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը տեղեկատվություն ներկայացրեց համայնքների հողային հաշվեկշիռների կազմման աշխատանքների վերաբերյալ:

Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, արվեցին առաջարկություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27