Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լորմոնտովոյում մանկապարտեզ է կառուցվում
15.07.2016
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և նրան ուղեկցող մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, ՏԻ և ՀԳՄ հարցրով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի աշխատանքային այցն այս անգամ Լերմոնտովո համայնքում էր: Այս գյուղում ավանդական էթնիկ բնակչության՝ թվով 800 ռուս մոլոկանների հետ բնակվում է շուրջ 200 հայ և եզդի: Այստեղ էլ օրախնդիր էր նախակրթարան ունենալու հարցը և անցյալ տարի համայնքի միջոցներով (ավելի քան 9 մլն 400 հազար դրամ) տանիքապատվեց գյուղի նախկին վարչական շենքը, միջոցներ հատկացվեցին նոր դռների ու պատուհանների տեղադրման համար: Հետագա աշխատանքների իրականացումը վեր էր համայնքի ֆինանսական հնարավորություններից և գյուղապետ Էդիկ Չախալյանը աջակցության համար դիմեց Լոռու մարզպետին: Խնդրին խորամուխ լինելուց հետո Ա. Նալբանդյանը դիմեց ՀՀ տնտեսական զարգացման հիմնադրամի (նախկին՝ Սոցներդրումների հիմնադրամ) ղեկավարությանը՝ համայնքում ֆինանսական ներդրում կատարելու առաջարկությամբ: Մարզի ղեկավարի առաջարկին դրական լուծում տրվեց և ահա «Այպոշին» ՍՊԸ շինարարների կողմից արդեն մի քանի ամիս է, ինչ սկսվել է նախակրթարանի շենքի ամրացումն ու կից շինությունների կառուցումը:
Մարզպետարանի պաշտոնյաները համայնքի ղեկավարի ու շինկազմակերպության պետի ուղեկցությամբ շրջեցին դեռևս անավարտ օբյեկտի հարկաբաժիններով, ծանոթացան աշխատանքների ընթացքին: Այդ պահին կատարվում էին շենքի կցակառույցների շինարարության, ինչպես նաև եվրոպատուհանների տեղադրման աշխատանքներ: Զրուցելով կառուցողների հետ՝ մարզպետը նաև նախագծային փոփոխության առաջարկ արեց, որն արժանացավ շինարարի հավանությանը: Ծրագրով նախատեսված է շենքի ամրացման, վերանորոգման, տաք ջրամատակարարման նպատակով արևային մարտկոցների մոնտաժման, բակի բարեկարգման ու խաղահրապարակի կառուցման աշխատանքներն ավարտել 2017 թվականի սկզբին: Սակայն «Այպոշին» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Պողոսյանը հավաստիացրեց, որ տրամադրված են կառույցը շահագործման հանձնել ավելի վաղ՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: