Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործարկման շեմին է պետբյուջեի ֆինանսավորմամբ ևս երկու կառույց
13.07.2016
Նախորդ տարվա աշնանը մեկնարկեց Լեռնանցք գյուղի համայնքային կենտրոնի ու Լեռնապատ գյուղի համայնքային մանկապարտեզի շինարարությունը՝ մարզպետարանի պատվիրատվությամբ և պետբյուջեի ֆինանսավորմամբ: Համապատասխանաբար 42.4 և շուրջ 45 մլն արժողությամբ երկու կառույցներն էլ գործարկման շեմին են: Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր նշյալ համայնքներ մեկնեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության ու ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների պետերի՝ Արմեն Ջանազյանի, Դավիթ Մանուչարյանի, վարչությունների այլ մասնագետների ուղեկցությամբ:
Լեռնանցք համայնքի ղեկավար Լևիկ Աբգարյանն ու կառուցապատող «Մ.Սիսակյան» ՍՊԸ-ի տնօրեն Միհրան Սիսակյանը մարզպետին և ուղեկիցներին ներկայացրին կատարված աշխատանքները, շրջելով նորակառույց համայնքային կենտրոնի բոլոր աշխատասենյակներով ու օժանդակ կառույցներով, ուր առկա են աշխատանքային բոլոր անհրաժեշտ պայմանները: «Մ.Սիսակյան» ՍՊԸ-ն Լոռու մարզպետարանի պատվերով տարիների ընթացքում բազմաթիվ կառույցներ է շահագործել, աչքի ընկել բարեխիղճ ու որակյալ աշխատանքով: Սա ևս բացառություն չէր. մարզի ղեկավարն ու մարզպետարանի մասնագետներն իրենց գոհունակությունն արտահայտեցին շինանարարության որակի վերաբերյալ:
Տպավորությունը հիանալի էր նաև Լեռնապատի համայնքային նորակառույց մանկապարտեզում, որի շինարարության համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 45 մլն դրամ (կառուցող՝«Ռ. Հովհաննիսյան» ՍՊԸ): 88-ի երկրաշարժից հետո տասնամյակներ ի վեր նախադպրոցական կրթությունն այս գյուղում իրականացվել է երեխաների դաստիարակության ու խնամքի համար ոչ լիարժեք պայմաններում՝ փայտաշեն շենքում: Իսկ այսօր նախակրթարանի երեխաներին ու աշխատակազմին է տրամադրվում հիանալի հարմարություններով հագեցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող շենք՝ նույնքան հարմարավետ խաղահրապարակով: Մարզպետը համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանի, նախակրթարանի տնօրեն Հասմիկ Զարգարյանի, կառուցող Ռոբերտ Հովհաննիսյանի ուղեկցությանբ սենյակառսենյակ շրջեց նորակառույցում, ծանոթացավ պայմաններին՝ նաև խոստանալով հնարավորության սահմաններում աջակցել մանկապարտեզի կահավորման հարցում: Մարզի ղեկավարն առանձնապես տպավորված էր նախակրթարանի՝ խաղային բազմապիսի կոնստրուկցիաներով հագեցած խաղահրապարակով: Նա այցելեց նաև հարևանությամբ գտնվող ըմբշամարտի դահլիճ, որը նախկին համաբուժարանի տարածքում կահավորվել էր գյուղապետարանի միջոցներով: Այդ պահին մարզվում էին շուրջ երկու տասնյակ ապագա ըմբիշներ: Ա. Նալբանդյանը ողջունեց ու խրախուսեց պատանիներին, մաղթեց մարզական լավ ապագա: