Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց հայ-ֆրանսիական տասներորդ հոբելյանական հեծանվարշավը

13.07.2016

Այսօր Վանաձորի խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցից մեկնարկեց հայ-ֆրանսիական 10-րդ հոբելյանակ հեծանվարշավը, որին մասնակցում էին Ֆրանսիայից Վանաձոր ժամանած 25 հեծանվորդ՝ Նոր-Պա-դը-Կալե դեպարտամենտի Առաս քաղաքի թիվ 1 մանկատան տնօրեն Դոմինիկ դը Մորեյի և Բապոմ քաղաքի մանկատան տնօրեն Դիդիյե Պայեսի գլխավորությամբ, Երևանի օլիմպիական հերթափոխի մանկական մարզադպրոցի 15 սան՝ կրթօջախի տնօրեն Մարտին Շարբաթյանի գլխավորությամբ, և 18 հեծանվորդ՝ Վանաձորի խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցից ու թիվ 1 արհեստագործական ուսումնարանից՝ տնօրեններ՝ Հասմիկ Ներկարարյանի և Կարեն Ղարաքեշիշյանի ուղեկցությամբ:
Շուրջ 23 տարի առաջ, Ֆրանսիայի Հանրապետության Նոր-Պա-դը-Կալե դեպարտամենտից մի պատվիրակություն ժամանեց երկրաշարժից տուժած Վանաձոր՝ աղետից հետո բնակչությանը հոգեբանական, մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ժամանակ անց, 1998 թ.-ից, Վանաձորի թիվ 3 (այժմ՝ թիվ 1 արհեստագործական ուսումնարան) և 18 գիշերօթիկ (այժմ՝ Խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ ) դպրոցների և Նոր-Պա-դը-Կալե դեպարտամենտի «Մանուկների տուն» հաստատությունների միջև բարեկամական կամուրջ գցվեց:
Անցած տարիների փոխադարձ այցելությունները ճանաչողական մեծ նշանակություն ունեցան հայ և ֆրանսիացի պատանիների համար՝ միմյանց մշակույթին, պատմությանն ու ներկային առավել մոտիկից հաղորդակցվելու առումով: Համատեղ ծրագրերի մաս են կազմում նաև երկու տարին մեկ կազմակերպվող համատեղ հեծանվարշավները: Այս տարին ևս, բացառություն չէր:
Այս անգամ ճանաչողական հեծանվարշավը Վանաձորից ուղևորվեց Մարգահովիտ, ուր գիշերելուց հետո հեծանվորդներն անցնելու են Դիլիջան-Սևան-Գավառ-Մարտունի-Եղեգնաձոր-Վեդի-Երևան-Դարալիկ-Արթիկ-Բլագոդարնոյե-Ստեփանավան երթուղով: Մասնակիցները կանցնեն շուրջ 850 կմ ճանապարհ՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ: Հուլիսի 25-ին նրանք կժամանեն Վանաձոր, ուր հուլիսի 26-ին տեղի կունենա հոբելյանական հանդիսություն, որին կմասնակցեն 1998-ից սկսած բոլոր հեծանվարշավների մասնակիցները:
Հեծանվորդները, մինչ ճանապարհորդության մեկնարկը, ավանդույթի համաձայն կանգ առան Վանաձորի Հայքի հրապարակում, ուր նրանց ողջունեցին ու բարի երթ մաղթեցին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանը՝ խոստանալով օրեր անց միանալ նրանց:
Հեծանվորդներին երաժշտական ողջույն հղեց Նոբել Էմինյանի ղեկավարած դհոլահարների խումբը:
Հեծանավարշավի ֆինանսական ծախսերն ամբողջությամբ հոգում է ֆրանսիական կողմը, իսկ կազմակերպչական հարցերում աջակցում են Լոռու մարզպետարանը, խնամքի կենտրոնը և արհեստագործական ուսումնարանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27