Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը 10 տարեկան է

11.07.2016

Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտապանության բաժինն արդեն 10 տարեկան է: Այդ առիթով այսօր Լոռու մարզպետարանի դահլիճում միջոցառում էր կազմակերպվել, որը միաժամանակ նաև ուրույն հաշվետվություն էր անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքների  վերաբերյալ: Միջոցառմանը ներկա էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, երեխաների, կանանց հիմնախնդիրներով զբաղվող շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Ներկաներին ողջունեց բաժնի նորանշանակ պետ Սասուն Խեչումյանը:

-Ուղիղ տասը տարի առաջ ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետության բոլոր մարզպետարաններում ստեղծվեցին երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ, որոնք հետագայում վերակազմակերպվեցին և վերանվանվեցին ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ: Նման մոտեցումը պայմանավորված էր նրանով, որ ՀՀ սահմանադրությամբ ընտանիքը, երեխաների իրավունքները գտնվում են պետության հոգածության ներքո: Անկախության ընդունումից հետո Հայաստանի Հանրապետությունը միացել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիային: Այնուհետև սեղծվել են ոլորտը կարգավորող բազմաթիվ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, որոնք ուղղված են ընտանքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը,-ասաց բաժնի պետը:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր աջակից կառույցներին բաժնի կողքին կանգնելու համար և հատկապես բաժնի նախկին պետ Նարեկ Սարգսյանին, ով բաժինը ղեկավարել է ստեղծման օրվանից՝ մեծապես նպաստելով նրա կայացմանը: Ս.Խեչումյանը իր և բաժնի աշխատակիցների անունից խորին շնորհակալություն հայտնեց նաև մարզի ղեկավարին՝ մշտապես աջակցելու և սատարելու համար: Ապա, նրա առաջարկությամբ Ն. Սարգսյանը ներկայացրեց նախորդ տասը տարվա ձեռքբերումները և անելիքները: Նա պայմանականորեն անցած ժամանակահատվածը բաժանեց երկու մասի՝ նշելով, որ ծավալած գործունեության առումով դրանք տարանջատվում են:

-2006թ., երբ բաժինները ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ, ՀՀ-ն արդեն միացել էր մի շարք միջազգային կոնվենցիաների, օրենսդրական դաշտն առկա էր, բայց մարզային մակարդակներում մեծ մասնակցություն չկար համակարգի կայացման գործընթացում: Պետք էր ստեղծել բազմամասնագիտական թիմ, որը կհամակարգեր ոլորտը, և որոշում կայացվեց այդ թիմը ձևավորել հենց մարզպետարաններում: Բավականին մեծ աշխատանք կատարվեց համակարգը կայացնելու, առանձին-առանձին գործող կառույցների գործունեությունը համակարգելու, մեկտեղելու առումով,- ասաց Ն. Սարգսյանը:

Նա համառոտ ներկայացրեց այն մեծածավալ աշխատանքները, որոնք իրականացվել են ոլորտը կարգավորելու և այն մակարդակին հասցելու համար, որն այժմ առկա է:

-Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր՝ որպես մարզպետ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից, արդեն 5 տարի շարունակ, մեր առջև հստակ խնդիր է դրել, պարբերաբար լինել համայնքներում, աշխատել տեղերում, անմիջականորեն ծանոթանալ առկա խնդիրներին, սերտորեն համագործակցել համայնքներում գործող խնամակալության հանձնաժողովների, երեխաների, կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների հետ, ինչը բնականաբար տվեց իր ցանկալին արդյունքները,- ասաց Ն. Սարգսյանը:

 Նա իր խոսքում կարևորեց հատկապես սոցիալական դեպք վարողների ինստիտուտի կայացումը, որում իր մեծ մասնաբաժինն ունի նաև Լոռու մարզպետերանը: Պետական քաղաքականության, ինչպես նաև բաժնի տքնաջան ու համագործակցված աշխատանքի շնորհիվ զգալիորեն նվազել է երեխաների թիվը սոցիալական հաստատություններում՝ երեխաները վերադարձվել են ընտանիք: Օրինակ, եթե 2006 թվականին Վանաձորի մանկատանը բնակվում էր 111, ապա այժմ՝ 66 երեխա, մարզի գիշերօթիկ հաստատություններում 2006թ.-ին ընդգրկված էր 565, այժմ՝ 92 երեխա և այլն: Բաժնի կողմից կատարված աշխատանքների և Ոստիկանության ԼՄՎ անչափահասների բաժնի հետ համագործակցության շնորհիվ մարզում զգալի նվազել է մուրացիկ և թափառաշրջիկ անձանց քանակը: Համագործակցությունը կրում է շարունակական բնույթ: Արագ արձագանքման հետևանքով, ինչպես նաև կանխարգելիչ աշխատանքների շնորհիվ (տեղավորում, ուղղորդում, խորհրդատվություն) ներկայում մուրացիկների և թափառաշրջիկների թիվը հասել է նվազագույնի: Բաժնի ջանքերով մեծ աշխատանք է կատարվում նաև ներառական կրթական համակարգի կայացման գործում և այլն:

 Մեծ էկրանին սլայդերի միջոցով նաև ներկայացվեց կատարված աշխատանքը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր երախտագիտությունը հայտնեց բաժնին՝ իրականացված մեծածավալ և արդյունավետ աշխատանքի համար: Նա հույս հայտնեց, որ բաժնի նորանշանակ պետը կշարունակի բաժնում սկզբնավորված լավագույն ավանդույթները և իր ներդրումը կունենա նորանոր ձեռքբերումներում: Ա. Նալբանդյանը շնորհակալագիր հանձնեց Նարեկ Սարգսյանին՝ բաժնի կայացման գործում ունեցած մեծ ներդրման համար:

Բաժնի գործունեության տասնամյակը շնորհավորեցին և բաժնի մեծածավալ աշխատանքների մասին գովեստի խոսքեր ասացին նաև Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության տնօրեն Հասմիկ Ներկարարյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արմենուհի Կյուրեղյանը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27