Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշենք բոլորին անուն առ անուն

30.06.2016

2001 թվականից հունիսի 29-ը Հայաստանում նշվում է որպես անհայտ կորած զինվորների հիշատակի օր:

Ավանդույթի համաձայն այդ օրը Լոռու մարզկենտրոնի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ փոքրիկ միջոցառում անցկացվեց: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, հոգևոր այրեր, անհայտ կորած զինվորների հարազատներ, վետերաններ, ազատամարտիկներ, մտավորականներ, ուսանողներ, դպրոցականներ: Միջոցառումը վարում էր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների հարցերով զբաղվող մարզային  հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը: Նա սփոփանքի խոսք ասաց՝ ներկայացնելով Լոռու մարզից 15 անհետ կորածների անունները, որոնցից 9-ը Վանաձորից են, երեքական՝ Թումանյանի ու Տաշիրի տարածաշրջաններից:

Օրհնանքի ու ոգեկոչման խոսք ասաց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա տեր Աբրահամ Մարտիրոսյանը, ապա Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Յուրա Ղուլյանը հանդես եկավ պատմական հակիրճ անդրադարձով, ասելով, որ նմանատիպ միջոցառումներն անհայտ կորած զինվորների հարազատների ցավը սփոփելու, մեղմելու նպատակ ունեն, ինչպես  նաև ապացուցելու, որ քանի մենք դեռ հիշում ենք նրանց, նրանք բացակա չեն:

Խոսք ասացին նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Երկրապահ կամավորականների մարզային միության նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը: Վանաձորի պոեզիայի թատրոնի սան Դայանա Ամիրխանյանը ասմունքեց Գեղամ Սարյանի «Խորհուրդ» բանաստեղծությունը:

Վերջում Լոռու մարզպետարանի կողմից ծաղկեպսակ և ներկաների կողմից ծաղիկներ խոնարհվեցին խաչքար- հուշարձանին, իսկ Վ. Ջաղինյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից դրամական օժանդակություն  հանձնեց անհայտ կորած զինվորների հարազատներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17