Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալավերդու մայր թերթը 85 տարեկան է

29.06.2016

1931 թվականի հունիսի 11-ին Մանես բանավանում (այսօրվա Ալավերդում) ծնունդ առավ «Պղնձի ֆրոնտում» անունը կրող թերթը, որին վիճակված էր անցնելու ութ տասնյակ տարուց ավելի երկար ու ձիգ ճանապարհ, դառնալու Լոռվա լեռնաշխարհի նախ` խորհրդային դարաշրջանի, ապա` նորանկախ Հայոց պետականության ժամանակակիցն  ու տարեգիրը:

1963 թվականի ապրիլից, նոր անվանումով(«Լոռի») թերթը կատարեց «կոլեկտիվ ագիտատորի ու պրոպագանդիստի» իր առաքելությունը, դառնալով 60-90-ական թվականների Ալավերդի քաղաքի ու տարածաշրջանի հասարակական-տնտեսական կյանքի առաջընթացի ու բարգավաճման տարեգիրն ու մասնակիցը: «Թումանյանական աշխարհ» անվանումը թերթը կրում է 2003 թվականի մայիսի 6-ից, որը ֆինանսական ու նյութատեխնակական դժվարությունների, համացանցային լրատվության գերակայության  պայմաններում շարունակում է լույս ընծայվել նվիրյալ լրագրողների ու արդեն 30 տարի թերթի «լուծը քաշող» խմբագրի՝ Արարատ Թամրազյանի ջանքերով:

Հունիսի 28-ին Ալավերդու մշակույթի կենտրոնի բազմամարդ դահլիճում տեղի ունեցավ թերթի լույս ընծայման 85-ամյակին նվիրված հանդիսությունը, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, գրողներ, մայրաքաղաքից ու հանրապետության տարբեր մարզերից եկած թերթերի ու ամսագրերի խմբագիրներ, մտավորականներ, հոգևոր այրեր:

Ալավերդու ժողովրդական թատրոնի ռեժիսոր Հրաչյա Պապինյանի հետաքրքիր մտահղացմամբ հոբելյանական միջոցառումը բեմադրվել էր ինքնատիպ կերպով: Թերթի գործունեության բոլոր ժամանակների հրապարակումների թեմաներով ներկայացվեց թատերականացված ներկայացում թատրոնի դերասանների ու մշակույթի կենտրոնի վոկալ-գործիքային համույթի մասնակցությամբ: Մոտ մեկ ժամ հանդիսատեսը հետաքրքրությամբ դիտեց ներկայացված կոմպոզիցիան, որից հետո հոբելյարներին իրենց շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքն ասացին ու պարգևատրեցին Լոռու մարզպետը, Ալավերդու քաղաքապետը, այլոք:

Ջերմորեն շնորհավորելով թերթի խմբագրակազմին, բոլոր ժամանակների խմբագիրներին, թղթակիցներին, հրատարակիչներին ու ընթերցողներին, մարզպետ Ա. Նալբանդյանը հոբելյանական օրվա առիթով պատվոգրեր հանձնեց թերթի վետերան լրագրողներ Մացակ Անթառանյանին, Վաղարշակ Ղորխմազյանին ու 30 տարի թերթը խմբագրող Արարատ Թամրազյանին:

Մի խումբ վետերանների ու թերթի հրատարակմանը մասնակից ներկայիս աշխատողների պատվոգրեր հանձնեց նաև Ալավերդու քաղաքապետ Կ. Փարեմուզյանը:

Իր գործընկերներին մեծարանքի խոսք ուղղեցին Սպիտակի «Լուսարձակ» ու Տավուշի մարզային թերթերի խմբագիրներ Ֆահրադ Ափուջանյանն ու Սամվել Բեգլարյանը:

Միջոցառման ավարտին   «Թումանյանական աշխարհ» թերթի խմբագիր Արարատ Թամրազյանն իր երախտագիտությունը հայտնեց մարզպետարանի ու Ալավերդու քաղաքապետարանի ղեկավարներին, այդ օրը և ընդհանրապես իրեն սատարող կազմակերպություններին՝ հոբելյանական հանդիսության կազմակերպմանը սատարելու, իրենց աշխատանքը գնահատելու համար, նաև հույս հայտնեց, իրենց փոքրաթիվ թիմը կշարունակի պահպանել թերթն ու  նրա բարի ավանդույթները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17