Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակում այսուհետ կգործի Հայկական ակնաբուժության նախագծի մարզային կենտրոն

28.06.2016

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այսուհետ կգործի Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) գերժամանակակից սարքավորումներով հագեցած Ջոն և Հասմիկ Մկրտչյանների անվան ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հունիսի 27-ին:

 Կենտրոնի կառուցման և բուժսարքավորումներով զինման նպատակով ընդարձակ տարածք է հատկացվել Սպիտակի բժշկական կենտրոնի մասնաշենքում:

 Ակնաբուժարանի բացմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, ՀԱՆ-ի բարերարները, նախագծի ներկայացուցիչներ և ԱՄՆ-ից  ժամանած անվանի ակնաբույժներ, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը.

-Նման ակնաբուժական կենտրոններ հիմնելով՝ խթանում ենք ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերի բնակչության բոլոր շերտերի համար և ապահովում դրանց շարունակական աշխատանքը: Այս կենտրոնները կգան փոխարինելու աչքի շարժական հիվանդանոցին՝ բարեգործական հիմունքներով անվճար բուժմանը զուգահեռ տրամադրելով նաև վճարովի ծառայություններ վճարունակ բնակիչներին,-ասաց նա:

Ռ. Օհանեսյանը նշեց, որ Հայաստանում նախատեսում են նմանատիպ 5 կենտրոն հիմնել. առաջինը բացվել է Իջևան քաղաքում և հաջորդը՝ Սպիտակում:

 Նա շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ առողջապահության նախարարությանը և Լոռու մարզպետարանին աջակցության համար:

Օգտվելով առիթից՝ մարզի ղեկավարը շնորհակալագիր և հուշանվեր հանձնեց Ռ. Օհանեսյանին: Մարզպետն իր խոսքում կարևորեց Հայ ակնաբուժական նախագծի ողջունելի նախաձեռնությունը.

-Ակնաբուժական կենտրոնի անհրաժեշտությունը մարզում հրատապ էր, դրա վկայությունը տարիներ շարունակ մեր մարզում Հայ ակնաբուժական կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերն են: ՀԱՆ-ի կողմից Սպիտակում ականաբուժական կենտրոն հիմնելու առաջարկությունը մեծ սիրով ընդունեցինք, պատրաստակամություն հայտնելով աջակցելու մեր հնարավորությունների սահմաններում: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Առողջապահության նախարարությանը, ՀԱՆ-ին, բարերարներին այս կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար,- ասաց Ա. Նալբանդյանը՝ համոզմունք հայտնելով, որ մարզի ազգաբնաչությանը այսուհետ տեղում կմատուցվեն բարձրորակ ակնաբուժական ծառայություններ:

-Ակնաբուժական տարաշրջանային կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ Առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի հիմնական բաղադրիչն է։ Սա հնգամյա ծրագիր է, որը սկսվել է 2014թ.-ին Տավուշի մարզից, Լոռու մարզը երկրորդն է, առաջիկա երեք տարիներին նմանօրինակ ևս երեք կենտրոն կհիմնվի Հայաստանի տարբեր մարզերում,- իր խոսքում նշեց փոխնախարար Վ. Պողոսյանը:

Կենտրոնի բացման ժապավենը կտրելու պատիվը տրվեց մարզի ղեկավարին և Ռ. Օհանեսյանին, որից հետո ներկաները ծանոթացան կենտրոնի պայմաններին:

Այստեղ կգործեն գերժամանակակից սարքավորումներով հագեցած վիրահատարանը և ակնային զննումների սենյակները։ Վիրահատարանը հագեցած է նաև տեսակապի համար անհրաժեշտ սարքավորումներով, ինչի շնորհիվ տեղի բուժաձնակազմը անհրաժեշտության դեպքում կկարողանա կապ հաստատել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ և խորհրդակցել վիրահատության ընթացքում: Կենտրոնում վիրահատությունները իրականացվելու են ՀԱՆ-ի և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետի վերահսկողությամբ:

Ինչպես հայտնի է, Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ակնաբուժական տարաբնույթ ծառայություններ է մատուցում Լոռու մարզի բնակիչներին: Այս ընթացքում ՀԱՆ-ի բժշկական խմբերը և աչքի շարժական հիվանդանոցը վեց անգամ այցելել են մարզ՝ ինչի արդյունքում շուրջ 40.000 անձ ակնաբուժական հետազոտություն է անցել, շուրջ 10.000 անձ՝ խորացված հետազոտություն աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է 3.000 վիրահատվություն և լազերային բուժում, 10.500 բնակիչ անվճար ակնոց է ստացել: Այս աշխատանքները իրականացվում էին երկու տարին մեկ հաճախականությամբ: Այսուհետ գերժամանակակից սարքավորումների և հատուկ վերապատրաստում ստացած մասնագետի առկայությունը մարզում կլուծի ակնաբուժական բարձրորակ ծառայությունների հասանելիությունը ողջ տարվա ընթացքում:

Ջոն և Հասմիկ Մկրտչյանների անվան ՀԱՆ-ի կենտրոնի գործարկումը իրականություն է դարձել մի շարք կառույցների և անհատների՝ Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության, Լոռու մարզպետարանի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջանքերի շնորհիվ, Ջոն և Հասմիկ Մկրտչյանների թոռնուհու հովանավորությամբ:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17